Բաժիններ՝

Տղամարդուն տարել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ, թողել գազալցակայանի մոտ ու հեռացել…ոստիկանություն

Հունվարի 21-ին՝ ժամը 16․15-ին, Ալավերդիում բնակվող մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժնում տվեց հաղորդում, որ հունվարի լույս 21-ի գիշերը Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի գազալցակայանում նստել է «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա՝ Ստեփանակերտ գնալու նպատակով։ Գորիսում Ժիգուլին է նստել մեկ այլ տղամարդ՝ վարորդի ծանոթը։ Վերջինը հանել է ատրճանակն ու իրեն սպառնացել, թե հանգիստ չպահելու դեպքում կկրակի։

Այդ ընթացքում նրա գրպանները դատարկել են ու հափշտակել մոտը եղած փողը, բջջային հեռախոսն ու ինտերնետ ցրող սարքը։ Ապա նրան տարել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ, թողել գազալցակայանի մոտ ու հեռացել։

Հաղորդումը ստանալուն պես Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության գործընկերների հետ, ձեռնարկեցին օպերատիվ համալիր միջոցառումներ։ Օրեր տևած հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ հունվարի 23-ին հանցագործությունը բացահայտվեց։ Գորիսում բնակվող 36-ամյա երկու տղամարդ հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական մարմնին։

Մեքենան էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև հափշտակված բջջայինն ու ինտերնետ ցրող սարքը։

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս