«Արցախ է մտնում թուրք ազգայնամոլությունը. Արցախը դառնալու է թուրք ազգայնամոլության հատուկ օջախներից մեկը». Թուրքագետը՝ Շուշիում բացվող «Գորշ գայլերի» դպրոցի մասին
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության՝ «Գորշ գայլերի» քաղաքական թևի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Շուշիում ազգայնական ոգով կրթություն տվող դպրոց կկառուցվի։ Ինչպես հայտնել է Hurriyet-ը, «Ազգայնական ոգով կրթություն տվող» դպրոցի հիմնաքարը կդրվի 2021-ի հունվարի 30-ին։ Ըստ Բահչելիի՝ Շուշիում նման դպրոց կառուցելու իր առաջարկը հավանության է արժանացել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանն անդրադարձավ Շուշիում «Գորշ գայլերի» գաղափարախոսությամբ դպրոցի կառուցմանը, նշեց, որ այս ամենը Թուրքիայի քաղաքականության շարունակությունն է, և այդ հարցում դժվար թե միջազգային հանրությունը կարող է կամ ցանկանում է որևէ միջամտություն ցուցաբերել։
«Երբ Արցախի պատերազմից հետո Ռուսաստանը մտավ Արցախ և նրա մի հատվածը վերցրեց իր հսկողության տակ, և ադրբեջանցիներն այլևս չկարողացան առաջ գնալ, Թուրքիան շտապեց Ռուսաստանի հետ պայման կնքել, որ ինքն էլ ինչ-որ դիտորդական գործունեություն կարող է իրականացնել։ Նրանք միասին ուզում էին մի կենտրոն ստեղծել, եթե հիշում եք՝ Ռուսաստանը ասում էր, որ թուրքերը չեն լինելու Արցախի տարածքում, իսկ Թուրքիան ասում էր, որ իր զինվորները նույնպես այնտեղ լինելու են։ Վերջում երևի այնպես եղավ, որ թուրքերին չթողեցին Արցախի տարածք։ Սակայն Թուրքիան իր դիտորդական կետը ցանկանում է տեղակայել Արցախի սահմանին՝ Աղդամում, կամ այլ վայրում։ Այսինքն՝ եթե Թուրքիան չի կարողանում ռազմական կամ զինվորական առաքելությամբ մտնել Արցախի տարածք, ապա ցանկանում է գոնե շատ մոտ լինել սահմանին, որպեսզի ինչ-որ կերպ այս կամ այն ձևով միջամտի գործընթացներին»,- ասաց թուրքագետը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող Թուրքիային որևէ բան ասել, որ վերջինս ցանկանում է Շուշիում դպրոց բացել, սակայն այդ դպրոցի անվան տան, աստիճանաբար Թուրքիայի ներկայությունը հաստատվելու է Արցախում։ Բացի այդ դպրոցից, վերջինս ցանկանում է Շուշիում բացել նաև իր բանկերից մեկի մասնաճյուղը, չնայած դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ապրելու այնտեղ։
«Արդեն մի քանի ամիս է, Սիրիայից բերված ահաբեկիչները ներկա են Արցախի տարածքում, դրա մասին գիտի ամբողջ աշխարհը և որևէ բան չի անում։ Միայն ի գիտություն են ընդունում, որոշ դեպքերում պախարակում են, թե այդ ամենն անընդունելի է, և վերջ։ «Գորշ գայլերը» Արցախում գործունեություն են ծավալելու, ավելի շատ ոչ թե ահաբեկիչներ, այլ իրենց գաղափարախոսությունն են տարածելու։ Եթե հիմնվում է այդ դպրոցը, սա նշանակում է, որ այդ տարածք է մտնելու թուրքական նացիոնալիստական, անգամ ֆաշիստական գաղափարախոսությունը, այնպես, ինչպես տարիներ շարունակ նման բան արեցին հարավային Ատրպատականում՝ Իրանի Ատրպատական նահանգում։ 20 տարի առաջ այնտեղի մարդիկ այլ ձևով էին մտածում, այսօր բոլորովին այլ՝ նրանք ամբողջովին ազգայնամոլ թուրքեր են դարձել»,- շեշտեց Տիրան Լոքմագոզյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ում էլ բերեն ու բնակեցնեն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, նրանց բոլորին Թուրքիան դաստիարակելու է ազգայնական ոգով։
Ինչ վերաբերում է հայկական կողմից այս ամենի դեմ պայքարելուն և վտանգը չեզոքացնելուն ուղղված քայլերին, թուրքագետը նկատեց՝ հայկական դիվանագիտությունը կարող է ինչ-որ բաներ անել, սակայն տեսանելի է, թե այսօր հայկական կողմն ինչ դիվանագիտություն է վարում՝ ավելի շատ թուրքերի շահերն է առաջ տանում, քան Հայաստանի։
«Թուրքիայի ազդեցությունը ոչ միայն Արցախում է մեծ, այլև Ադրբեջանում առհասարակ, պատերազմի ժամանակ էլ մենք դա նկատեցինք՝ արտգործնախարարին հեռացրեցին, որը «հին գվարդիայից» էր, բանակի վերնախավին փոխեցին, և այլն։ Այսինքն՝ Ադրբեջանում փոփոխություններ են կատարվում, ամբողջ քաղաքական և ռազմական վերնախավը փոխվում է։ Այն մարդիկ, որոնք Խորհրդային Միության ժամանակ կրթություն էին ստացել և ռուս գործընկերների հետ ունեին լավ հարաբերություններ, բոլորը փոխվում են։ Այսօր նոր սերունդն է նրանց տեղը գրավում, որոնք ռուսների հետ որևէ կապ չեն ունեցել, հակառակը՝ Թուրքիայում են սովորել, վերապատրաստվել, այսինքն՝ թուրքամետներ են։ Բնականաբար, նրանք պետք է մտնեն նաև Ղարաբաղ, Արցախ է մտնում թուրք ազգայնամոլությունը, և Արցախը դառնալու է թուրք ազգայնամոլության հատուկ օջախներից մեկը»,- եզրափակեց Տիրան Լոքմագոզյանը։