«Եթե ակցիան Արտյոմ Սյունեցին է նախաձեռնում՝ ամեն բան պարզ է, նա ասում է, որ՝ ինձ պետք է ընդունեք աշխատանքի, ի՞նչ աշխատանքի նրան ընդունեմ». Տաթևի համայնքապետ

Սյունիքի մարզի Տաթև համայնքում տարազագետ Արտյոմ Սյունեցին այսօր կեսօրից հետո պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել՝ ուղղված համայնքապետի ու համայնքապետարանի աշխատանքի դեմ, ինչը, ըստ Ա. Սյունեցու՝ չի նպաստում համայնքի զարգացմանը։

168.am-ի հետ զրույցում Արտյոմ Սյունեցին ասաց, որ Տաթևի համայնքապետարանն ի վնաս բնակիչների է գործում։

«Այսօր բնակիչների իրավունքները ոտնահարված են, բնակավայրն ունի մշակութային, սոցիալ-տնտեսական, աշխատատեղերի խնդիրներ։ Համայնքապետարանում աշխատողների մեծ մասն այնպես են արել, որ մեկ պաշտոնյան կատարում է երկու հոգու աշխատանք, այսինքն՝ հաստիքներն իրենք իրենց մեջ բաշխել են։ Եթե 30 տարի համայնքում մասնագետների լուրջ խնդիր կար, ապա այսօր այդ խնդիրն այլևս չկա, որովհետև մասնագետներ կան։ Ինքս 20 տարի Երևանում եմ աշխատել, սեպտեմբերին՝ պատերազմի ժամանակ, վերադարձել եմ Տաթև համայնք և  փորձում եմ աջակցել համայնքին՝ որպես սահմանամերձ գյուղի։ Գյուղում հիմնականում բնակիչների արտահոսք է, և մեծամասնությունը դրա դեմ չի պայքարում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ ինքը Շինուհայր գյուղից է և այս պահին աշխատում է Գորիս համայնքում, սակայն իր ունեցած ռեսուրսները չի կարողանում օգտագործել համայնքի զարգացման համար։

Նա ընդգծեց, որ համայնքն ունի բազմաթիվ երիտասարդ, մանկավարժի կրթությամբ կադրեր, սակայն դպրոց ընդունվելը ծանոթ-բարեկամի միջոցով է տեղի ունենում, բացի այդ, թոշակառու մանկավարժների մեծ մասը չեն զիջում իրենց տեղը երիտասարդներին, որի պատճառով էլ բազմաթիվ երիտասարդներ աշխատանք չունեն։

«Սյունեցին պետք է արժանավայել ապրի, սակայն կարծրատիպ կա, որ բնակիչները դուրս չեն գալիս, ամաչում են և չեն ուզում համայնքապետի մոտ վատամարդ լինել։ Բայց սա վատամարդ լինելու հարց չէ, այլ արդարության համար մղվող պայքար։ Այս հարցերը ես քննարկել եմ Տաթևի համայնքապետի հետ, 7 ամիս առաջ նամակով դիմել եմ համայնքին, բայց պատասխանը չկա։ Մեր գյուղում ունենք նաև երկրապահների խնդիրը, նրանք տուն կառուցելու համար տարածք չունեն, համայնքապետարանը չի հատկացրել։ Իմ բարձրաձայնած խնդիրների լուծումը ես տեսնում եմ, դրա մասին բարձրաձայնել եմ՝ համայնքապետարանը պետք է բնակիչների հետ ունենա սրտամոտ վերաբերմունք, ուշի գա և համայնքի խելացի մարդկանց հետ միասին խնդիրները քննարկի և տա լուծումներ»,- հավելեց Ա. Սյունեցին։

Նա նաև ընդգծեց, որ կախված իրավիճակից, իր բողոքի ակցիան շարունակական է լինելու, այնքան, մինչև իր բարձրացրած խնդիրները լուծում ստանան։

168.am-ի հետ զրույցում Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ այն, ինչ նշել է Ա. Սյունեցին՝ իրականությանը չի համապատասխանում։

«Օրինակ, ես ի՞նչ գործ ունեմ դպրոցի կադրերի նշանակման հետ, դա դպրոցի տնօրենի գործառույթն է։ Ինչ վերաբերում է համայնքում աշխատողների հաստիքներին, ապա այդ հաստիքացուցակը կա, կարող են վերցնել ու ճշտել, ինչի՞ մասին է խոսքը, ինչպե՞ս կարող է մեկ մարդը երկու հոգու աշխատանք կատարել։ Նման բան չի կարող լինել, ով ասում է, թող անձամբ ինձ մոտենա, փաստերով ապացուցի։ Եթե այդ ակցիան Արտյոմ Սյունեցին է նախաձեռնում, արդեն ամեն բան պարզ է, նա ասում է, որ՝ ինձ պետք է ընդունեք աշխատանքի, ի՞նչ աշխատանքի նրան ընդունեմ։

Նա մեզ բազմիցս դիմել է, ես էլ պատասխանել եմ, որ հնարավորություն չկա, երբ մշակույթի տան շենքը վերանորոգվի, այն ժամանակ էլ կգա կաշխատի։ Ես հիմա նրան ի՞նչ աշխատանքի ընդունեմ։ Եթե նա ասում է՝ մեկ մարդը երկու հաստիք է զբաղեցնում, թող անունն ասի, ես էլ գլխովս պատասխան տամ։ Թող Արտյոմ Սյունեցին ակցիա անի, տեսնեմ՝ ուզածն ի՞նչ է։ Ասում է՝ մշակույթի տունը վերանորոգեք, ես էլ ասում եմ, որ իմ համայնքի հինգ տարվա բյուջեն եթե դնեմ, այն ոտքի չեմ կարողանալու կանգնեցնել։ Համեմատելու համար ասեմ, որ մեր ազատագրած տարածքներում նման ռմբակոծված շենք չկա, ինչպես մեր մշակույթի շենքն է, այն ավերակ վիճակում է»,- ասաց Մուրադ Սիմոնյանը։

Նա նաև ընդգծեց, որ վախենալու բան չունի, կարող են բողոքի ակցիա կազմակերպել, և ինքը կտեսնի, թե  կոնկրետ ինչ պահանջ են ներկայացնելու։

«Ես իմ համայնքին տեր եմ։ Ինչ վերաբերում է հողատարածքներին, ապա նման բան չկա, ինչքան ազատ հողատարածք կա, դրանք անշահախնդիր ձևով տրամադրվում են մարդկանց, եթե օրենքով այդ մարդկանց նվիրատվություն կարողանում ենք ձևակերպել՝ անում ենք»,- ասաց Տաթևի համայնքապետը։

Նա նաև տեղեկացրեց, որ պատերազմի ժամանակ Տաթև են տեղափոխվել բազմաթիվ արցախցիներ, պատերազմից հետո նրանց մի մասը գնացել է, գյուղում մնացել են 100-200 մարդ, որոնք տեղավորվել են հյուրանոցներում, տներում։ Համայնքապետարանը շաբաթը կամ 3 օրը մեկ նրանց սնունդ ու անհրաժեշտ ամեն ինչ հատկացնում է։

«Կարող եք գալ ու անձամբ տեսնել, ինչ ասում եմ՝ հստակ է։ Ես Շինուհայրի համար այս երեք տարիների ընթացքում այնքան եմ արել, որ 23 տարում որևէ մեկը չի արել, սրա մասին բոլորն էլ գիտեն»,- եզրափակեց Մուրադ Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս