Բաժիններ՝

Երիտասարդը միգուցե կհրամայի, որ հանրապետությունում անմշակ հողեր չլինեն, որ ցորենի միջին բերքն ինքն իրեն 1,8-ից դառնա 3 տոննա՞. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարին

«Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, դրանք են՝ միրգը, բանջարարեղենը, ձուն, ոչխարի և այծի միսը, որոշ առումով՝ նաև տավարի միսը: Ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով: Ցածր ինքնաբավության մակարդակ ունի թռչնամիսը, ցորենը, որոշակի առումով՝ հատիկաընդեղենը: Հացահատիկի մատակարարումը չի դադարել անգամ համավարակի, պատերազմի ամենադժվար պայմաններում»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ վստահեցնելով, որ պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա: Խոջոյանը հիշեցրել է, որ 2020թ. սկսել են աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր՝ բարձրորակ սերմացուի վաճառքի գնի սուբսիդավորման մեթոդով:

«ՀՀ-ի համար թիրախավորել էինք մոտ 5000 տոննա սերմացու՝ մոտ 20 հազար հա-ի համար: Եվ նույնիսկ պատերազմական դրության պայմաններում մեր ծրագիրը կարողացանք իրականացնել: 4500 տոննա բարձրորակ սերմացու ներկրվեց Հայաստան և տրամադրվեց արտադրողներին: Դա պետք է բարձրացնի ցորենի բերքատվությունը: Հայաստանում ցորենի բերքատվությունը կազմում է միջինում 1.8 տոննա, մենք այն առնվազն պետք է հասցնենք 3 տոննայի»,- հավելել է Խոջոյանը:

Այսպիսով, ակնկալվում է, որ այս ծրագրի արդյունքում ցորենի բերքատվությունը Հայաստանում 2021-ին էականորեն կբարձրանա:

Անդրադառնալով Հայաստանում անմշակ հողատարածքների առկայությանը՝ Խոջոյանը շեշտել է՝ պետք է գիտակցել, որ անթույլատրելի է անմշակ հողատարածք ունենալը, սակայն քանակական բացը ժամանակավոր լրացվելու է ներմուծման միջոցով:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանն անդրադառնալով հարցին, որ ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով՝ նշեց, որ սա տեսականորեն ճիշտ է, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ կառավարությունը չի ցանկանում օգնել, խրախուսել ներքին արտադրողին:

«Ինչո՞ւ են բազմաթիվ հողեր մնացել անմշակ, չէ՞ որ այս կառավարությունն իշխանության գալիս քննադատելով նախկիններին՝ խոստանում էր անմշակ հողերը դարձնել մշակելի։ Փոխարենը՝ խրախուսում են դրսից, հավանական է՝ Թուրքիայից, Ադրբեջանից գյուղմթերքի ներկրումը։ Բայց չէ՞ որ հայրենական արտադրության գյուղմթերքն ավելի անվտանգ է, ավելի համեղ, որոշներն ավելի էժան են, քան ներկրվածը։ Եվ վերջապես, չպետք է մոռանանք, որ տեղական գյուղմթերք արտադրելը և իրացնելը հանդիսանում են հայ գյուղացու զբաղվածության և ընտանիքի ապրուստի միակ եկամտի աղբյուրը։ Վերջերս ոլորտն այնքան է իշխանությունների կողմից անտեսված, որ անգամ սեփական ժողովրդի կարտոֆիլի պահանջմունքը բավարարող երկիրը, այլ երկրներից, անգամ Պակիստանից անհայտ ծագման և որակի կարտոֆիլ է ներկրում։ Կամ առաջիկայում իշխանությունները մտադիր են Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները բացել, որոնց արդյունքում՝ ավելի էժան գներով թուրքական և ադրբեջանական որոշ գյուղմթերքներ ողողելու են մեր երկիրը՝ դրանով խոչընդոտ ստեղծելով հայ գյուղացու արտադրած գյուղմթերքի իրացմանը։

Միգուցե մի օր էլ նա ընդհանրապես խորհուրդ կտա, որպեսզի մեր երկրում չզբաղվեն գյուղմթերքի արտադրությամբ, որովհետև ցանկացած գյուղմթերք հնարավոր է դրսից ներկրել։ Իսկ նա որքանո՞վ է վստահ, որ առաջիկայում կորոնավիրուսի, պատերազմի կամ այլ պատճառներով անորոշ ժամանակով երկրի սահմանները չեն փակվի։ Այդ դեպքում ի՞նչ ենք անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը:

Խոսելով ցորենի բերքատվության բարձրացման մասին՝ «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը նկատեց. «Փոխնախարարը նշեց նաև, որ Հայաստան ներկրված ցորենի հաշվին նախատեսվում է հանրապետությունում բարձրացնել ցորենի բերքատվությունը՝ միջինը 1,8 տոննայից հասցնելով 3 տոննայի։ Չի կարելի նման ամպագոռգոռ արտահայտություն հնչեցնել։ Հուշեմ, որ ցորենի բերքատվության բարձրացման համար բավարար չէ միայն ցանքի համար հարմար սերմացուի ընտրությունը (զտված–տեսակավորված, ախտահանված, պետական կոնդիցիային համապատասխան), այլ շատ կարևոր են նաև սերմերի մշակման համար տարբեր վարակներից և վնասատուներից զերծ հողատարածքի (բարենպաստ միջավայրի) ընտրությունը, մշակման ճիշտ ագրոտեխնիկայի կիրառությունը, անվնաս պարարտանյութերի և թունաքիմիկատների ընտրությունը, կողմնակի խառնուրդներից զերծ ոռոգման ջրի, համապատասխան ժամանակակից, նոր գյուղտեխնիկայի և որակյալ մասնագետների առկայությունը։ Էլ չեմ խոսում հնարավոր ցրտի, կարկուտի և այլնի մասին։ Հարց եմ ուզում տալ փոխնախարարին՝ երբևէ ստուգվե՞լ է հողի, ոռոգման ջրի վիճակը։ Երբեմն հանրապետություն են ներկրվում անորակ անասնադեղեր և թունաքիմիկատներ, որոնք օգուտի տեղը՝ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Որևէ մեկը դրա համար մինչ օրս պատժվե՞լ է։ Ներկայիս առաջավոր տեխնոլոգիաների դարում գյուղերում հիմնականում օգտագործվում է հնամաշ գյուղտեխնիկա։ Կառավարությունը գյուղտեխնիկայի թարմացման, վերազինման մասին երբևէ մտահոգվո՞ւմ է»։

Անդրադառնալով հանրապետությունում առկա անմշակ հողերին և փոխնախարարի դիտարկմանը, որ անթույլատրելի է անմշակ հողատարածք ունենալը, սակայն քանակական բացը ժամանակավոր լրացվելու է ներմուծման միջոցով, Սարգիս Սեդրակյանն ասաց.

«Այստեղ տեղին է հիշել Քաջ Նազարի խոսքը՝ «Հրամայում եմ, որ այսուհետև սարերը դաշտերից բարձր լինեն»։ Այս նույն տարբերակով երիտասարդը միգուցե կհրամայի, որ հանրապետությունում անմշակ հողեր չլինեն, որ ցորենի միջին բերքը ինքն իրեն 1,8-ից դառնա 3 տոննա, և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս առումով նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եկեղեցականներին տանում էր դաշտերը՝ օրհնելու, որպեսզի լավ բերք ստանան։

Կառաջարկեի, որպեսզի կառավարությունն առաջիկայում իրականացնի աջակցության ծրագիր, որով կիրականացվի գյուղացիներից որոշակի քանակի գյուղմթերքի գնում և դրա անվճար տրամադրում պատերազմում զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավորների ընտանիքներին։ Դրանով կառավարությունը կիրականացնի նաև որոշակի աջակցություն գյուղացիներին՝ իրենց կողմից արտադրված գյուղմթերքի իրացման հարցում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս