Բաժիններ՝

Առողջապահական ու կրթական ծառայությունների թանկացմամբ մրցունակ են դառնում կողքի երկրի ծառայությունները. «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ

2020թ․ տարեվերջին, ինչպես հետագայում պարզվեց՝ առանց մասնագիտական հանրային քննարկման, Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, որով առաջիկայում կթանկանան առողջապահական ու կրթական ծառայությունները: Որոշմամբ նախատեսվում է այս ոլորտներից հարկային արտոնությունների վերացում, այլ կերպ ասած՝ կրթության ու առողջապահության ոլորտներում ծառայությունները կսկսեն հարկվել ԱԱՀ-ով:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի, պետք է այս ոլորտներում եղող փոփոխությունները նայել տարածաշրջանային մրցունակության համատեքստում:

«Մենք պետք է հասկանանք, օրինակ, մեզ մոտ բժշկական ծառայությունները մեր հարևան երկրների հետ համեմատած՝ թա՞նկ են, թե՞ էժան: Երբ դու գործիք ես կիրառում, վերանայում ես արտոնությունը, ավտոմատ, եթե գների բարձրացման դա բերի, իսկ դա կբերի գների բարձրացման, ստացվում է՝ այդ քայլով ընդամենը մրցունակ ես դարձնում, օրինակ, կողքի երկրի ծառայությունները, որից Հայաստանի քաղաքացիներն օգտվելու հնարավորություն կունենան: Խոսքը Վրաստանի մասին է»,- ոլորտները հարկային արտոնություններից զրկելու թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը:

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ ի թիվս որոշման մեջ առկա այլ խնդիրների, հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին որոշման մեջ բացակայում է ճեղքի չափը սահմանող թիվը: Ու երկրում, երբ աղքատները կազմում են բնակչության զգալի մասը, սոցիալական բեռի ավելացումը նոր խնդիրներ կարող է առաջացնել:

«Սոցիալական բեռ ավելացնել բնակչության 1/3 աղքատության մակարդակ ունեցող երկրում, երբ աղքատության մակարդակը, չգիտենք՝ ինչքան դեռևս կավելանա, միջին խավ, որպես այդպիսին, չունենք, միջին խավը բեռի ավելացման պարագայում կիջնի՞ դեպի աղքատության շեմ, թե՞ չի իջնի, ինչքանո՞վ կարող է սպասարկել: Շատ կարևոր են հարկերն այն առումով, թե բժշկական ծառայություններից օգտվողները և կրթական ծառայություններից օգտվողներն ինչքանո՞վ կարող են ծածկույթն ապահովել՝ առավել անապահով խավի համար: Սրանք բոլորը պետք է հաշվարկվեն, ներկայացվեն, միգուցե այն ժամանակ կարողանանք ավելի առարկայական գնահատական տալ: Այս պահի դրությամբ գնահատականս հետևյալն է՝ կարծում եմ՝ չի կարելի նման նախաձեռնություն սկսել, չի կարելի կրթական և առողջապահական ոլորտում հարկադրում այժմ իրականացնել»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս