«Շուշին, ի՞նչ է, եղել է ադրբեջանակա՞ն, հետո հայկակա՞ն է դարձել, սա՞ է ասում․․․». Շուշիի վարչական շրջանի ղեկավարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական պահելու վերաբերյալ, հայտարարել էր, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկական Շուշի՞։
«Ընդհանրապես չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները՝ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախսատականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝՝ իր այդ կարգավիճակով»,- ասել էր Ն. Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Շուշիի վարչական շրջանի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց.
«Այսինքն՝ Շուշին, ի՞նչ է, եղել է ադրբեջանակա՞ն, հետո հայկակա՞ն է դարձել, սա՞ է ասում։
Շուշիում միայն չորս հայկական գերեզմանոց կա՝ իր խաչքարերով։ Շուշիում 7 հայկական եկեղեցի է եղել, որից երկուսը պահպանվել է մինչև այսօր՝ Սուրբ Ղազանչեցոցը և Կանաչ ժամը, վերջինը, չգիտեմ, այս պատերազմից հետո մնացե՞լ է, թե՞ ոչ, գուցե այլևս իր տեղում չէ։ Մեր գերեզմանները, խաչքարերը վկայում են, որ Շուշին եղել է հայկական, դրա մասին բազմաթիվ վկայություններ կան։
Ես առհասարակ հիմա չեմ ուզում քաղաքականությունից խոսել, բայց եթե Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություն է անում, թող ՀՀ քաղաքական վերնախավը դրա պատասխանը տա, ես չեմ կարող դրա պատասխանը տալ։ Սխա՞լ է, թե՞ ճիշտ, թող իրենք որոշենք, մինչև հիմա ես նման բան չեմ տեսել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: