Եթե գտնեինք, որ պետք է հրաժարական տալ, հրաժարական կտայինք. Փաշինյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

«Շաբաթներ առաջ դուք ինքներդ ձեզ հարց տվեցիք` ասելով, որ դուք պատասխանատուն եք, բայց արդյո՞ք դուք մեղավորն եք: Այո՛, դո՛ւք մեղավոր եք, դո՛ւք մեղավոր եք, որ Հայաստանը և Արցախը տարաք երաշխավորված պարտության»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հացուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, դուք մեղավոր եք, որ հնարավորություն կար պատերազմի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ, 20-րդ օրը կանգնեցնել այս կործանարար պատերազմը, ունենալ ավելի քիչ տարածքային կորուստներ և ավելի քիչ զոհեր, ինչն ասել են ձեզ թե Գլխավոր շտաբի պետը, թե, ինչպես նաև օրեր առաջ ասաց ԱԱԾ պետի պաշտոնակատարը, թե Ռուսաստանի նախագահը, դուք դա չեք արել: Չեք արել, որովհետև դուք հայտարարեցիք, որ այդ դեպքում ձեզ կասեին՝ «Նիկոլ, դավաճան»: Այո՛, դուք մեղավոր եք, 5000 և, ասում են, ավելի կամ պակաս զոհերի համար, այո՛, դուք մեղավոր եք տասնյակ-հազարավոր անտուն արցախցիների համար, այո՛, դուք մեղավոր եք հաշմված մեր երիտասարդների համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսեց պատասխանատվության 3 տեսակների մասին՝ քաղաքական, քրեական և բարոյական, ապա հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.

«Արդյոք չե՞ք կարծում, որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը ենթադրում էր, որ նոյեմբերի 10-ին այդ կապիտուլյացիոն, ցեղասպանությունից հետո՝ ամենախայտառակ, հայասպան փաստաթուղթը ստորագրելուց հետո դուք և ձեր իշխանությունը պետք է հրաժարական տար: Չե՞ք կարծում, որ դուք չեք կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն բացառիկ նախադեպը, որ նման կապիտուլյացիայից հետո պետք է հրաժարական չտաք»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, չի ունեցել, և, որ դա միֆ է.

«Միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրվել է եռակողմ հայտարարություն՝ զինադադարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները շարունակելու վերաբերյալ: Դրանից հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը, ԱՄՆ նախագահի միջնորդությունը: Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը պատերազմը կանգնեցնելու համար ձեռնարկել է քայլեր… Ես չեմ ասել, որ մեղավոր չեմ, ասել եմ, որ ես թիվ 1 պատասխանատուն եմ, և հարց եմ տվել՝ արդյո՞ք ես թիվ 1 մեղավորն եմ: Այո, ես պատասխանատուն եմ և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը, որովհետև այդ պատասխանատվությունն ամսի 9-ով չի ավարտվում, այդ պատասխանատվությունը շարունակվում է նաև 9-ին, 10-ին, 11-ին և մինչև օրս: Արդյո՞ք գտնում ենք, որ պետք է հրաժարական տանք, եթե գտնեինք այդպես՝ հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե շատ հեշտ լուծում, անպատասխանատու լուծում, և մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը և մենք կկրենք մեր քաղաքական պատասխանատվությունն էլ, բարոյականն էլ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս