
«Ուղիղ 2,5 տարի լարի վրա խաղալով՝ երկիրը բերեցին այս վիճակին, այդ թվում՝ նաև տնտեսությունը». Աշոտ Հարությունյան

Կորոնավիրուսի համավարակի հետևանքների թվում համաշխարհային մի շարք կառույցներ բարձրաձայնեցին պարենային անվտանգության խնդիրների մասին՝ նկատելով, որ աշխարհի միլիոնավոր մարդիկ իրենց պարենային անվտանգության և կենսապայմանների ապահովման համար կախված են միջազգային առևտրից, ու մինչ COVID-19-ի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվում, հարկավոր է շրջահայաց լինել՝ նվազեցնելու սննդամթերքի մատակարարման վրա այդ միջոցառումների հնարավոր ազդեցությունը կամ համաշխարհային առևտրի և պարենային անվտանգության վրա չնախատեսված հետևանքները։
Պարենային անվտանգության խնդիրների վրա կորոնավիրուսի հետևանքներին դեռ անցյալ տարի անդրադարձան նաև ԵԱՏՄ-ի երկրների գյուղատնտեսության նախարարները՝ կարևորելով համատեղ որոշումների նշանակությունը՝ իրավիճակի կայունացման հարցում:
Հայաստանի տնտեսության վրա Covid 19–ից զատ՝ լուրջ ազդեցություն թողեց նաև Արցախյան պատերազմը և իշխանությունների վարած քաղաքականության, մարտավարության արդյունքում՝ նվաստացուցիչ պարտությունը՝ ավելի քան 5000 զոհերի և տարածքների կորուստների, վիրավորների գնով:
Պատերազմի թողած ուղղակի հետևանքների թվում էր նաև թշնամու վերահսկողության տակ անցած Արցախի ՀԷԿ-երի, վարելահողերի, այգիների փաստը: Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն օրերս հայտնել է, որ Արցախում նախքան ռազմական գործողություններն առկա ավելի քան 130 հազար հա վարելահողերի շուրջ 75 տոկոսը մնացել է հակառակորդի վերահսկողության գոտում, կորսվել են նաև պտղատու այգիների, ոռոգման ջրի պաշարների, անասնագլխաքանակի, արոտների զգալի մասը և գյուղատնտեսական տեխնիկայի, նախնական հաշվարկներով, մոտ 20 տոկոսը:
«Կորուստները բավականին լուրջ են և ինքնին վկայում են դրանց՝ տնտեսության վրա բացասական ազդեցության մասին: Մասնավորապես, եթե նախկինում Արցախը հացահատիկային մշակաբույսերի բերքի արտադրության մասով գերակատարում էր 1 բնակչի հաշվով նախանշված շեմը՝ ստացված բերքի մի մասն արտահանելով Հայաստանի Հանրապետություն, ապա հիմա արտահանում չի նախատեսվում. առկա ամբողջ ներուժն առաջիկայում ուղղված կլինի տեղի բնակչության կարիքների ապահովմանը»,- նշել էր Աշոտ Բախշիյանը:
Չնայած այս հանգամանքին՝ անհիմն «լավատեսությունը» չի լքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին. նախարար Վահան Քերոբյանի լավատեսությամբ վարակվել է նաև փոխնախարար Արման Խոջոյանը, ով օրերս «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրել է՝ Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով, և որ՝ պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա: Նա տեղեկացրել էր, որ իրավիճակային գնահատումներ են իրականացվել, ուսումնասիրվել և տնտեսական գնահատական է տրվել, որ եթե նույնիսկ մի ներմուծման ճանապարհը փակվի, այլ ինչ տարբերակներ կան, որ ներմուծումն իրականացվի, և դա ինչ գին կունենա:
Փոխնախարար Խոջոյանը Հայաստանում «հնարավոր սովի» վերաբերյալ թեմային անդրադառնալով էլ՝ նկատել էր. «Սովի թեման դեռ շահարկվում էր 2020-ի մարտին, ասվում էր, թե իբր հոկտեմբեր-նոյեմբերին է սով սպասվում, որովհետև համավարակը շատ դժվարություններ է ստեղծել շատ երկրների համար, և երկրները պատրաստ չէին արձագանքելու: Եվ մենք իրավիճակային գնահատումներ իրականացրեցինք, դեռ 2020-ի մայիսին մեր և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից արձանագրվեց, որ ամբողջ ԵԱՏՄ երկրների պահանջարկը բավարարելուց բացի, 46 մլն տոննա հացահատիկի ավելցուկ կա, որը պետք է վաճառվեր երրորդ երկրներին»:
168.am-ը գյուղատնտեսության նախկին փոխնախարար (2016-2018թթ. հուլիս), գյուղատնտես Աշոտ Հարությունյանին խնդրեց պարզաբանել, թե որքանո՞վ են հիմնավոր փոխնախարարի այս դիտարկումները: Ի պատասխան՝ փորձառու մասնագետը նշեց.
«Նախ՝ ինքն այն անձը չէ, որ իր ասածը մեկնաբանեմ, երկրորդ՝ արդեն դանակը ոսկորին է հասել՝ այն առումով, որ իր նման շատերը զբաղեցնում են պաշտոն ու այսօր երկիրը կրակի առաջ են կանգնեցրել, այդ թվում՝ տնտեսությունը»:
Առհասարակ, տնտեսության ընդհանուր վիճակին անդրադառնալով, Աշոտ Հարությունյանն ասաց, որ ավելի քան 2,5 տարի է, ինչ տեսնում է տնտեսության քայքայումը և դրա մասին բարձրաձայնում է.
«Եղավ երկու տարի՝ ասում եմ, որ մենք հացի բավականին լուրջ խնդիր ունենք, որերորդ օրն է՝ Լարսը փակ է, ու չգիտենք՝ երբ կբացվի: Մոտ 750 մեքենա այնտեղ կանգնած է, համոզված եմ՝ դրա 30 տոկոսը հացահատիկով բեռնված մեքենաներ են:
Իրենց ո՞ր մի ասած թիվն է համապատասխանել իրականությանը, որ այդ անփորձին ես վստահեմ հացի պահուստի խնդիր լուծելը: Նույն պատմությունն ենք կրկնում՝ ինչ պատերազմի օրերին՝ էլի «Հաղթելո՞ւ ենք»: Նույն հաջողությամբ՝ սոված ենք մնալու: Սովել՝ չի նշանակում, որ մարդիկ փողոցներում գրամ-գրամ հաց են հավաքելու, սովն ընդհանուր հասկացություն է՝ երբ մարդու ընդհանուր օրվա սննդի մեջ համապատասխան կալորիականությունը չի լրացվում: Թերսնվելն է տանում սովի: Ի՞նչ վերլուծություն է անում, վերլուծություն անող էին՝ թող գնային Գորիսում կանգնեին, որ եղած անասունը մարդիկ ջրի գնով չվաճառեին, եղած սերմացուն ու պարարտանյութը չմնար թուրքին»:
Մեր խնդրանքով խոսելով հացահատիկի առումով հնարավոր ռիսկերի ու այդ ռիսկի նվազեցման հարցում ԵԱՏՄ դերակատարության մասին՝ Աշոտ Հարությունյանը նշեց՝ այսպես թե այնպես, հացահատիկի մոտ 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից, սակայն պատերազմող երկիրը պետք է ձգտի հացի հարցում ինքնաբավության.
«Ճանապարհը փակվեց, լա՛վ, Ռուսաստանում շատ հաց կա. ինչպե՞ս ենք բերելու: Ուղիղ երկու տարի ու կես լարի վրա խաղալով՝ երկիրը բերեցին այս վիճակին, այդ թվում՝ նաև տնտեսությունը»:
Ո՞րն է ելքը՝ հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը վստահեցրեց.
«Ելքը մեկն է՝ համակարգային լուրջ փոփոխություններ, և կառավարումը ստանձնեն արհեստավարժ, փորձառու, հայրենանվեր, հայեցի, զտարյուն հայ մարդիկ»: