Նույնը մարդն ի վիճակի չէ՝ համ հասցնել այդ կետին, համ էլ՝ հաղթահարել. Հակոբ Բաղդասարյան

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքների հերթական չափելի ցուցանիշները։

Իրավիճակն առանց հետևանքների չի թողել որևէ ոլորտ, այդ թվում՝ անշարժ գույքի շուկան, որտեղ, ինչպես և սպասելի էր, գործարքների կրճատումն ու պահանջարկի անկումը ստեղծել են լուրջ բացասական միտումներ: Տնտեսության սրընթաց անկումը կանխելու և բյուջեի ճեղքվածքը լցնելու համար կառավարությունը որոշել է ձգել տնտեսվարողների գոտիները՝ հերթական անգամ դիմելով հարկային գործիքակազմին, ինչը լուրջ քննադատությունների առիթ է դարձել տնտեսագիտական ու գործարար շրջանակներում:

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն, անշարժ գույքի ոլորտի մասնագետ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ տնտեսական ռազմավարությունը, վարվող ընթացքը չի համապատասխանում կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված իրավիճակին:

«Եվ, իհարկե, եթե չի համապատասխանում, միանշանակ, իր հետևանքները շատ լուրջ ձևով արձանագրելու է, և տեսնելու ենք շաբաթների, ամիսների ընթացքում: Ցուցանիշներն արագորեն երևալու են, մասնավորապես՝ կառուցապատողներից են սկսվելու խնդիրները, որովհետև բանկերն արդեն ունեն որոշակի առումով ժամկետանց կամ դրամի արժեզրկման հետ կապված խնդիրներ, կան վարկերի սպասարկման հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ՝ չհաշված քաղաքական և տնտեսական բացասական սպասումները:

Եթե այդ ամեն ինչը համադրում ես, միանշանակ, փայլուն արևոտ եղանակ կարելի է չսպասել, որովհետև շատ խորը ռեֆորմների, մտային գեներացիաների, կադրերի, պրոֆեսիոնալ անձերի առկայություն է պետք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց անշարժ գույքի ոլորտի մասնագետը:

Հակոբ Բաղդասարյանը նկատեց՝ «պրոֆեսիոնալ կադրեր» ասելիս՝ չպետք է հասկանալ միայն բարձրագույն կրթություն, այլ նաև՝ աշխարհի մակարդակով հզոր փորձառություն. «Հաջողած լինեն, մուլտիմիլիոներներ լինեն այդ մարդիկ, որոնք ստեղծել են, արարել են և տիրապետում են ստեղծելու գաղափարախոսությանը»:

Հարցին՝ այսինքն՝ եթե այս պահին լինեն համարժեք լուծումներ, մենք կկարողանա՞նք հաղթահարել այս իրավիճակը, նա պատասխանեց. «Չկա աշխարհում մի իրավիճակ, որ հնարավոր չլինի հաղթահարել, ուղղակի եթե բերում-հասցվում է ինչ-որ կրիտիկական կետի, դրանից հետո իրավիճակը հաղթահարում են այլ մարդիկ. այն մարդը, որը բերում-հասցնում է խորացված տնտեսական ինչ-որ կետի, նույնը մարդն ի վիճակի չէ՝ հա՛մ հասցնել այդ կետին, հա՛մ էլ՝ հաղթահարել: Ընդհանրապես, պրոբլեմ ստեղծողներն ուրիշ մարդիկ են լինում, պրոբլեմ լուծողները՝ ուրիշ մարդիկ:

Իսկ պրոբլեմները խորը կարող ենք նայել՝ Գույքահարկի մասին օրենքն է, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն է… Ոչ մի օրենք այնպես չէ, որը նպաստելու է բիզնես միջավայրի, ներդրումային դաշտի բարելավմանը, վստահության քվեի բարձրացմանը»:

Դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարարը կառավարության վերջին նիստի ժամանակ անդրադարձել էր ներդրումներին, ինչ-ինչ առաջարկներ արել, և, որ նախարարը մի քանի անգամ վստահություն է հայտնել, թե հետամուտ է խնդիրների լուծմանը և կկարողանա կորը շուռ տալ դեպի վերև, Հակոբ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ հիշում մի կառավարության մի նախարար, որն այդպես վստահ ու գեղեցիկ խոսելուց չլինի, ու ոչ ոք, ցավոք, պատասխանատվություն չի կրում նախկինում ասվածի համար:

Մենք ունենք բազում փայլուն մտքեր, առաջարկներ՝ զարգացնում ենք Գյումրին, տեխնոերկիր, IT ոլորտն է, մյուսն է..․, և այդպիսի գեղեցիկ ճառերով, կենացներով անցկացնում են իրենց նախարարական ամիսները կամ տարիները և ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց արածի կամ ասածի համար:

Ես նայում եմ՝ ոչ թե ինչ են խոսում, այլ նայում եմ իրենց գործերը: Իսկ գործերի հետ կապված՝ այսօր քննարկվում է շրջանառության հարկի շեմի իջեցումը․ եթե նույն Էկոնոմիկայի նախարարությունը, մնացած նախարարությունները պատասխանատվություն կրեին տնտեսության բարենպաստ միջավայրի համար, այնպիսի հզոր լոբբինգ կկազմակերպեին, որ նույնիսկ շրջանառության չէր դրվի կառավարության կողմից: Եթե այդ քայլերը չեն արվում, մնացածն ուղղակի նախարարական ժամկետը վայելելու ժամանակահատված եմ համարում»:

Տեսանյութեր

Լրահոս