«Նոյեմբերի 9-ի հետո Իրանը զրկվել է Նախիջևանի հետ տարանցիկ ճանապարհի հնարավորությունից, իսկ Թուրքիան Նախիջևանում մեծ դերակատարություն է ստացել». Իրանահայ քաղաքական մեկնաբան
168.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը:
– Պարոն Շահմուրադյան, հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվեց փաստաթուղթ, ըստ որի՝ ապաշրջափակվելու են բոլոր տրանսպորտային միջոցները, այսինքն՝ Սյունիքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապվելու են։ Տրանսպորտային միջոցների ապաշրջափակումն ի՞նչ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, և այս գործընթացից հիմնականում ո՞ր երկրները կարող են օգուտներ քաղել՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական ու անվտանգային։
– Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ղեկավարների եռակողմ հանդիպումը, բացարձակապես շեղվելով իր նախապես հայտարարված օրակարգից, հանգեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համաձայնեցված՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում արցախյան պատերազմից հետո նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության 8-րդ հոդվածի դրույթների շեշտադրությամբ՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման նպատակով նոր աշխատանքային եղանակի ձևավորման, ըստ որի՝ ընդունվում է Ռուսաստանի նախագահի առաջարկը` ստեղծել աշխատանքային խումբ, որը համատեղ ղեկավարելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումն անվանել է «կարևոր և օգտակար»՝ ասելով, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության համաձայնագրի պայմաններն «ընդհանուր առմամբ պահպանվում են»:
Սա նշանակում է, որ հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման հիմնական շահառու կողմը Ռուսաստանը և նրա վրա անուղղակիորեն ճնշում գործադրող երկրորդ կողմը Թուրքիան են: Հակառակ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի, որոնք դրական են գնահատել նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարության գործադրումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դժգոհ է համաձայնագրի գործադրումից:
Իսկ կարևորն այն է, որ ցանկացած համաձայնագրերի իրականացումը պետք է ծառայի Կովկասյան տարածաշրջանում բոլոր կողմերի շահերին, ինչը բացակայում է թե՛ նոյեմբերի 9-ի հայատարարության և թե՛ հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ համաձայնության դրույթներում, մասնավորապես, պատերազմում պարտված Հայաստանի համար:
Նիկոլ Փաշինյանի վրա պաշտոնից հեռանալու պահանջով ճնշումն աճում է, սակայն նա մտադրություն չունի հրաժարական տալ, այնուամենայնիվ, պնդում է շարունակել վարչապետի պաշտոնը և համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը նպաստել է Լեռնային Ղարաբաղի պահպանմանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը: Սա սխալ մոտեցում է և, ինչպես հունվարի 11-ի եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթն է ցույց տալիս՝ տրանսպորտային միջոցների ապաշրջափակման շահարկու կողմերը՝ նախ՝ Ռուսաստանը, ապա՝ Թուրքիան և Ադրբեջանն են, որից հատկապես նաև դուրս է մնացել Իրանը, իսկ Հայաստանը լիովին խաղից է դուրս մնացել և հայտնվել է՝ որպես ռուս-թուրքական համաձայնության փաստաթղթերը հաստատող և ստորագրող կողմ: Հայաստանը կորցնում է իր տարածքները և անվտանգային երաշխիքները Կովկասյան տարածաշրջանում և ավելի է մեկուսանում միջազգային ասպարեզում, միաժամանակ՝ տնտեսապես թուլանում: Ինչ վերաբերում է փաստաթղթում նշված տրանսպորտային միջոցների ապաշրջափակմանը՝ դա, ըստ էության, Միջազգային միջանցք է նշանակում, որ Ռուսաստանի ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքները Հայաստանի վրայով միացնում է Ադրբեջանին, այսինքն ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա միջանցք: Իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի Կասպիական ծովի տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի, Հայաստանի, Նախիջևանի միջանցքով միացնում է Թուրքիայի և Միջերկրական ծովի ելքերին, ընդ որում՝ վերջերս բավականին ակտիվ է հանդես եկել Թուրքիան:
Այսպես տեսնում ենք, որ թե՛ Ռուսաստանը, և թե՛ Թուրքիան փորձում են Կովկասյան տարածաշրջանում իրենց շահերը համատեղելով՝ դուրս գալ ԱՄՆ-ի և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներից ու քաղաքական սահմանափակումներից: Անկասկած, Հայաստանի տարածքների զիջման գնով այս տրանսպորտային միջանցքը, ամենայն հավանականությամբ, մի այլ տարբերակն է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տարանցիկ ճանապարհի՝ Մոսկվայի ձեռքն ազատ թողնելով՝ ավելի շատ ապրանք տեղափոխելու Թուրքիա և Եվրոպա կամ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ:
Ռուսաստանի գաղտնի գործարքը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարող է լինել Ռուսաստանի ռազմավարության մի մասը՝ վերականգնել իր կենսական շահերը Հարավային Կովկասում՝ Արցախի և Հայաստանի տարածքների մեծ մասերը հանձնելով Ադրբեջանին, Թուրքիայի հետ Նախիջևանի միջանցքով առևտուրը զարգացնելու դիմաց: Այս բոլորը չի բխում Հայաստանի և Իրանի շահերից:
– Այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակը գրել էր, որ Հայաստանի կենտրոնական հատվածներից բեռները Նախիջևանի երկաթուղու միջոցով կարող են տեղափոխվել Իրան, Ռուսաստան և Սյունիք։ Իրանն արդյո՞ք պատրաստվում է Սյունիք կամ Հայաստան բեռներ տեղափոխելու համար օգտվել Նախիջևանի երկաթուղուց, դա որքանո՞վ է ձեռնտու Իրանին։
– Իրանը բազմիցս հայտարարել է, որ փորձում է իր տնտեսական հարաբերություններն ամրապնդել հարևանների հետ և վերջիններիս կոչ է արել օգտվել այս հնարավորությունից և ամրապնդել իրենց առևտրային հարաբերությունները Թեհրանի հետ:
Այս համատեքստում Իրանը Հայաստանին դիտում է՝ որպես ԵԱՏՄ-ի երկրների շուկաները մուտք գործելու տարանցիկ կարևոր ճանապարհ և մեծ ծրագրեր է մշակել Կովկասյան տարածաշրջանում և Միջին Ասիայի երկրներում իր տնտեսական, առևտրային և էներգակիրների փոխանցման գծերի նախագծերում ազդեցիկ դերակատարություն ունենալու և իր ռազմավարական ազդեցության գոտին ընդլայնելու համար:
Ինչ վերաբերում է Նախիջևանի երկաթուղու միջոցով Իրանի տրանսպորտային կապի և ապրանքափոխանակման ծավալների ավելացմանը Հայաստանի և Ռուսաստանի հետ, դա արդեն նոր նախագիծ չէ, և Իրանը միշտ էլ շահագրգրված է եղել վերականգնել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան նախկին երկաթուղու ճանապարհը, ինչը լայն հնարավորություն կտա Իրանին մուտք գործել Ռուսաստանի, Միջին Ասիայի երկրների և ԵԱՏՄ-ի շուկաներ: Իրանը վերջին երեսուն տարիների ընթացքում առևտրական և տրանսպորտային կապեր է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Մարզի հետ, և արդեն գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո ադրբեջանական տրանսպորտային կապը Նախիջևանի հետ հաստատվում էր Իրանի միջոցով, սակայն արցախյան երկրորդ պատերազմից և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո Իրանը զրկվել է Նախիջևանի հետ տարանցիկ ճանապարհի հնարավորությունից, և այժմ Թուրքիան ավելի մեծ դերակատարություն է ստացել Նախիջևանը՝ Ադրբեջանին և Ռուսաստանին, Միջին Ասիայի երկրներին և հետագայում՝ ԵԱՏՄ-ի շուկաներին միացնելու գործում: Սա Իրանի շահերից չի բխում, ուստի Իրանն անպայման կփորձի իր տրանսպորտային կապերը պահպանել և ամրապնդել Հայաստանի հետ, իհարկե, այն պայմաններում որ Հայաստանը ևս փորձի Իրանի ռազմավարական գործոնը մտցնել իր և Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: Սա, իհարկե, տնտեսաքաղաքական և աշխարհաքաղաքական բավականին բարդ խնդիր է: Նման նախագծերի իրականացումը թղթի վրա շատ հեշտ է թվում, բայց երբ հերթը հասնում է ներդրումային, տեխնիկական, տարածաշրջանային, քաղաքական և գեոպոլիտիկական մրցակցությունների և այլ գործոնների դերակատարությանը, ապա լիովին տարբեր պատկեր է ստացվում:
Էլեկտրահաղորդման նոր գծերի ստեղծում, արդյունավետ հաղորդակցության կամ տարածաշրջանային մերձեցման կամուրջ դառնալու Հայաստանի ձգտումները բազմակողմ պլատֆորմային տեսքով կարող է նպաստավոր տեսլական ուրվագծել Հայաստանի և Իրանի տրանսպոտային և առևտրական հարաբերություններում: Անկասկած, Նախիջևանի երկաթուղի միջոցով բեռների փոխադրումը դեպի ԱՊՀ, ԵԱՏՄ երկրներ և Ռուսաստան խիստ ձեռնտու է Իրանի համար՝ պայմանով, որ Իրանը կարողանա Հայաստանի և միջազգային այլ ընկերությունների հետ երկաթուղու կամ ցամաքային ճանապարհների և մայրուղու կառուցման նախագծերում ներդրումային և շինարարական նախագծերում ակտիվ ներկայություն ունենալ, ինչին նախ՝ խոչընդոտում են ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի նոր դերակատարությունը կովկասյան տարածաշրջանում: Հայաստանը պետք է վերականգնելով իր ուժերը՝ վերջ դնի Իրանի հետ իր հարաբերությունների կաղացող մոտեցումներին և Թուրքիայի ու Ադրբեջանի գերադաս դերակատարությունը տարածաշրջանում թուլացնելու և լիովին չեզոքացնելու նպատակով՝ նոր որակ մտցնի Իրան-Հայաստան առևտրատնտեսական, տրանսպորտային, անվտանգության, քաղաքական և այլ երկուստեք հետաքրքրող հարաբերություններում:
– Հաշվի առնելով զուտ անվտանգային խնդիրները՝ տրանսպորտային միջոցների ապաշրջափակման դեպքում Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռների ու մարդկանց հոսքը չի՞ նվազի։
– Կովկասյան տարածաշրջանի անվտանգային խնդիրները՝ կապված արցախյան կոնֆլիկտի և Արցախի կարգավիճակի անորոշության հետ, բավականին բարդ ու անլուծելի վիճակ են ստեղծել: Այժմ խոսվում է տրանսպորտային միջոցների ապաշրջափակման, նոր երկաթուղային և այլ ճանապարհների կառուցման, Նախիջևան, Սյունիք, Արցախ, Ադրբեջան, Աստարա միջանցքի բացման անորոշ ու անհեռանկարային նախագծերի շուրջ, որի շահառու կողմերը ներկա պայմաններում հանդիսանում են միայն Ռուսաստանը և Թուրքիան: Իսկ այդ նախագծերի իրականացման, գործադրման, ներդրումային և տեխնիկական հարցերը մնում են շղարշի տակ: Ո՞ր երկրներն են այդ նախագծերում ներդրում կատարելու, ի՞նչ նպատակով և ինչպե՞ս: Սրանք էական հարցեր են, որոնց պատասխանը և լուծումները պահանջում են լուրջ համագործակցություն և տարածաշրջանային և միջազգային կոնսենսուս: Հենց այդպես չէ, որ արցախյան հակամարտության մի կողմին, այսինքն՝ Հայաստանին, ռազմական պարտության մատնելուց հետո շահագրգիռ մյուս կողմերը փորձեն կապիտուլյացիայի պայմաններում իրենց տնտեսական նախագծերը պարտադրել թույլ կողմին՝ առանց քաղաքական լուծում տալու արմատական խնդիրներին:
Ինչևէ, ինչ վերաբերում է Իրան-Հայաստան տրանսպորտային միջոցների և ապաշրջափակման ծավալների ավելացմանը, նշեմ, որ այս միտումը միշտ էլ առկա է եղել երկու երկրների բազմամյա հարաբերություններում: Իրանը միշտ էլ ցանկացել է երկու ուղղությամբ բեռների ու մարդկանց հոսքը ավելացնել, քանի որ դա նպաստում է Իրանին՝ տնտեսական շրջափակումներից դուրս գալու և ԵԱՏՄ երկրների և Ռուսաստանի հետ իր առևտրատնտեսական շնչափողը բաց պահելու։
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին օրերս Իրանի դեսպանի և մասնավոր բաժնի գործարարների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ, հաշվի առնելով նահանգի բարձր տնտեսական գերակայությունները միջազգային առևտրի զարգացման գործում, Իրանի Ատրպատական նահանգը պատրաստ է սահմանային ազատ շուկա ստեղծել Հայաստանի սահմանամերձ գոտիներում:
Նա ասել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում հաղորդակցությունների ավելացման պատասխանատվությունը երկրի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցել են Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մարմիններին՝ ավելացնելով, որ նահանգն ունի հատուկ տարանցիկ դիրք, որը կարող է օգտագործվել այս տարածքում:
Նահանգապետը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք դիրքում` ձգտելով խաղաղության և կայունության:
Նա ասել է. «Ենթադրվում է, որ այս նահանգում կստեղծվի Եվրասիական տնտեսական միության գրասենյակ, և Արաքսի ազատ գոտին պատրաստ է այդ հարցում լիարժեք աջակցություն ցուցաբերել և զարգացնել հարաբերությունները Եվրասիական միության անդամ երկրների հետ»:
Փուր Մոհամմադին, անդրադարձել է այս նահանգի և հարևան մյուս երկրների նահանգների հետ համագործակցության ծավալման անհրաժեշտությանը՝ պատերազմից վնասված տարածքները վերակառուցելու և համագործակցային կապեր հաստատելու Ադրբեջանի և Հայաստանի հետ:
Այս ամենը նշեցի՝ շեշտավորելու համար, որ Իրանը միշտ պատրաստ է բոլոր ուղղություններով և տարածաշրջանային ու միջազգային պայմանագրերի շրջանակում իր համագործակցությունը շարունակել հարևան և բարեկամ երկրների հետ և այդ շրջանակում Հայաստանի հետ մշակութային, տրանսպորտային, առևտրական, էներգետիկ, անվտանգության, ակադեմիական և այլ ոլորտներում, ինչպես նաև՝ երկաթուղային կապերի ու մաքսային համագործակցության զարգացումը Հայաստանի հետ մեծ նշանակություն ունի Իրանի համար: