Սահմանների բացումն ի՞նչ է մեզ խոստանում. իշխանությունը գիտի՞ արդյոք այս հարցի պատասխանը
Մոսկվայում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն՝ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Այդ նպատակով նախատեսվեց ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Արդեն հայտնի է Հայաստանի ներկայացուցիչը. Աշխատանքային խմբում Հայաստանը կներկայացնի Մհեր Գրիգորյանը։
Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև այս ամսվա վերջ։ Դրա արդյունքներով նախատեսվում է ձևավորել աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը։ Որպես գերակայություն՝ առաջնահերթությունը տրվելու է երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությանը։
Գործունեության հիմնական ուղղությունների ձևավորումից հետո պիտի կազմավորվեն փորձագիտական ենթախմբեր՝ կազմված կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից և կազմակերպությունների պաշտոնատար անձանցից։ Փորձագիտական ենթախմբերը մեկամսյա ժամկետում պիտի կազմեն իրականացվող նախագծերի ցանկը, ներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման համար։
Ստանալով այդ փաթեթները՝ մինչև մարտի 1-ն Աշխատանքային խումբը երեք երկրների ղեկավարների հաստատմանը պիտի ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը։
Սա այն ճանապարհային քարտեզն է, որով նախատեսվում է հասնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման։ Սակայն դա միայն առաջին քայլն է, որով գույքագրվելու են կատարվելիք աշխատանքները։ Թե ինչքան ժամանակ և միջոցներ անհրաժեշտ կլինեն դրանք ավարտելու համար, պարզ կլինի հետագայում։
Այս պահին ակնհայտ է, որ առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու համար ընտրվել են շատ սահմանափակ ժամկետներ։ Հավանաբար կողմերը կամ կողմերից մեկը շտապում է՝ հնարավորինս շուտ հասնել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ նախատեսվող եռակողմ փաստաթղթի ստորագրմանը։ Թեև հասկանալի է, որ դրանով աշխատանքները ոչ թե ավարտվելու են, այլ նոր են սկսվելու։
Տարածաշրջանում տրանսպորտային կապերի լիակատար ապաշրջափակման հասնելու համար երկար ժամանակ անհրաժեշտ կլինի։ Հատկապես որ, դեռ պարզ չէ, թե ի՞նչ միջոցներով պիտի իրականացվեն ենթակառուցվածքների վերականգնումն ու նորերի կառուցումը։ Իսկ դրանք լուրջ ֆինանսական միջոցներ են պահանջելու։ Եթե կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում այդ աշխատանքները պիտի իրականացնի իր միջոցներով, հարց է առաջանում՝ արդյո՞ք այսօր Հայաստանն ունի այդ հնարավորությունները, թե՞ ստիպված է լինելու նոր պարտքեր ներգրավել դրա համար։
Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և գործարկման հետ կապված խնդիրները բազմաթիվ են։ Գուցե լավ են հնչում այն հայտարարությունները, թե դրանով Հայաստանը ստանում է երկաթուղային կապի հնարավորություն Ռուսաստանի և Իրանի հետ։ Բնականաբար, ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարևոր քայլ է տնտեսության զարգացումների համար։ Դա կարող է նպաստավոր լինել բեռնափոխադրումների էժանացման և ապրանքների ինքնարժեքի իջեցման համար։ Բայց դեռ պետք է հաշվարկել, թե ինչպիսին են լինելու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման օգուտներն ու վնասները մեր երկրի ոչ միայն՝ տնտեսության, այլև՝ անվտանգության համար։
Իսկ որ բախվելու ենք անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների հետ, կասկածից վեր է։ Դրանք առաջանալու են՝ ինչպես տարածաշրջանային ենթակառուցվածքների, այնպես էլ՝ տնտեսության ապաշրջափակման հետևանքով։
Արդյո՞ք մեր տնտեսությունն այսօր պատրաստ է դիմակայելու այդ ռիսկերին։ Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ իհարկե պարտաստ չէ։
Որքան էլ հայտարարվի, թե սահմանների բացման արդյունքում կարող ենք նոր շուկաներ ձեռք բերել, միամտություն է կարծել, որ հենց այդպես էլ լինելու է։ Դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ մտածել մրցունակ ապրանք ունենալու մասին։ Բացի այդ էլ, այնպես չէ, որ առևտուրը միակողմանի է լինում։ Ինչքան մենք ենք մտածում ուրիշների շուկա մտնելու մասին, այնքան էլ ուրիշներն են մտածում մեր շուկայում տեղ զբաղեցնելու մասին։ Իսկ այդ առումով հնարավորություններն անհամեմատ տարբեր են։
Սահմանների բացման արդյունքում մեր շուկան հայտնվելու է ուժեղ ճնշման տակ։ Այդ թվում՝ ճնշման տակ է հայտնվելու տեղական արտադրությունը, լրջորեն վտանգվելու է հատկապես գյուղատնտեսությունը։
Այնպես որ, տնտեսության և ենթակառուցվածքների ապաշրջափակումը չպետք է ինքնանպատակ լինի։ Պետք է հասկանալ դրա օգուտներն ու վնասները։ Եթե պիտի բացվեն սահմաններն ու վաղն ունենանք ավելի ծանր հետևանքներ, քան ունենք փակ սահմանների պայմաններում, ապա դա որևէ մեկին պետք չէ։
Մեր տնտեսությունն այսօր թույլ է և խոցելի։ Կանգնած ենք լուրջ, այդ թվում՝ ֆինանսական խնդիրների առաջ։ Թվում է, թե սահմանների բացումը լավ հնարավորություն է ներդրումային միջավայրը փոխելու համար։ Բայց ի՞նչ ներդրումային միջավայրի մասին կարող է խոսք լինել, երբ առկա են անվտանգության հետ կապված բազմաթիվ մարտահրավերներ։
Այս պայմաններում շատ դժվար է լինելու մտածել ներդրումների և տնտեսության մրցունակության բարձրացման մասին։ Հույսը միայն ենթակառուցվածքների ապաշրջափակման վրա դնելը բավարար չէ ներդրումային ակնկալիքներ ունենալու համար։ Դեռ մեծ հարց է, թե որքանո՞վ կհաջողվի ապահովել այդ ենթակառուցվածքների շահագործման անվտանգությունը՝ տարածաշրջանում առկա բազմաթիվ հակասությունների պայմաններում։
Միամտություն է սպասել, որ այդ հակասությունները կարող են արագ լուծում ստանալ։
Ուստի դեռ վաղ է ասել, թե տնտեսության ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում կոչվածը մինչև ուր կհասնի։ Ռիսկերն այստեղ չափազանց շատ են ու ցանկացած պահի կարող են պայթեցնել տարածաշրջանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ