«Դասալիքն իրենք են, իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից…». Արթուր Վանեցյան

«Այն, ինչ որ մենք արել ենք ռազմի դաշտում, գնահատականը տրվել է Պաշտպանության բանակի հրամանատարության կաղմից, տեսել են պատերազմին մասնակցած մարդիկ, և այս ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ և իմ կողմնակիցների նկատմամբ, որևէ բանականություն ունեցող մարդ այդ ստերին չի կարող հավատալ»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հեռուստաեթերում հնչեցրած պնդումներին, թե պատերազմի ժամանակ «Հայրենիք» զորախումբը լքել է դիրքը:

Վանեցյանը սկզբում հրաժարվում էր մեկնաբանել իր բնորոշմամբ ստահոդ հայտարարություններին, այդուամենայնիվ լրագրողի հարցին՝ արդյոք երևույթի մասին ավելի մանրամասն մեկնաբանություն չտալն ավելի վատ ազդեցություն չի՞ ունենա, Վանեցյանը պատասխանեց.

«Ի՞նչ մեկնաբանեմ, դասալիքն իրենք են, իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, իրենք պարտվել են այս պատերազմը, իրենց պատճառով մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհեր, 10.000 վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, խարխլված անվտանգային համակարգ, խայտառակ իրավիճակ: Գիտեք ինչ՝ Արգիշտի Քյարամյանը, երբ նշանակվեց ԱԱԾ տնօրեն, ինձ հարց ուղղեցին, ասացին՝ ինչպե՞ս եք գնահատում, պատասխանեցի՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է… Ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ…»:

Վանեցյանը տեղեկացրեց, որ ռազմի դաշտում պատահաբար հանդիպել է Արգիշտի Քյարամյանին, նրան ասել է՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ և լծվել մի գործի՝ պաշտպանել մեր հայրենիքը.

«Եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունն իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե այդ պայմանավորածությունները խախտում է և կատարում է ինչ-որ պատվերներ՝ դա առավելևս սազական չէ տղամարդուն: Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» զորախումբն ամբողջությամբ ներգրավված են եղել ռազմական գործողություններին, մենք մարտնչել ենք ամենադժվար, ամենաթեժ տեղերում, չենք խուսափել: Խնդրում եմ, եկեք այս թեման փակենք և այլևս դրա մասին չխոսենք…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս