Առավել քան պարզ է, որ իշխանություններն ի վիճակի չեն լինելու անհրաժեշտ ներդրումներ ներգրավել նոր բլոկի կառուցման համար. Վահե Դավթյան
Կառավարությունը հունվարի 14-ին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Այս ծրագրի, Հայաստանի էներգետիկ ինքնաբավության, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի՝ 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորության ու անվտանգության, փոխարինող հզորության էներգաբլոկի կառուցման հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:
Վահե Դավթյանը կարծում է, որ նախքան նման փաստաթուղթ հաստատելը՝ անհրաժեշտ էր ձևավորել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, ինչի բացակայության պարագայում ցանկացած ծրագիր ունենալու է տարերային ու քաոտիկ բնույթ.
«Առհասարակ, մենք հետևում ենք Հայաստանի էներգետիկ համակարգի ապաանվտանգայնացման գործընթացին, որի նպատակն է տեղափոխել ոլորտի կառավարումը զուտ բիզնեսի տիրույթ, ինչը խնդրահարույց է ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու էներգետիկ հաղորդակցությունների դերը դրանցում»:
– Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ծանո՞թ եք ծրագրին, ինչպե՞ս եք գնահատում այն, ի՞նչ դիտարկումներ ունեք:
– Այս իշխանությունների կողմից հաստատված ցանկացած երկարաժամկետ զարգացման ծրագիր չի կարող լուրջ ընկալվել մի պարզ պատճառով. հաջորդ իշխանությունները, անկախ նրանից, թե երբ կձևավորվեն, անխուսափելիորեն պետք է սկսեն պետական կառավարման համակարգի վերականգնման աշխատանքներից, պետության ինստիտուցիոնալ ու ավտանգային վերակենդանացումից: Հետևաբար՝ խորապես վերանայվելու են նաև այսօր ընդունված բոլոր ռազմավարություններն ու ծրագրերը: Սակայն սա հարցի քաղաքական կողմն է:
Եթե անդրադառնանք հաստատված ռազմավարության զուտ բովանդակությանը, ապա այն լի է բազմաթիվ բաժակաճառային հիմնադրույթներով ու խոշոր հաշվով չի կարող ընկալվել՝ որպես ռազմավարական նշանակության փաստաթուղթ՝ իր հիմքում չունենալով առանցքային հարցի պատասխանը, այն է՝ ինչպիսի էներգահամակարգ ենք ցանկանում ունենալ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում, ինչպիսի էներգետիկ բալանսի, ինչպիսի կառուցվածքի ենք ձգտում:
Փաստաթղթի, թերևս, առանցքային խնդիրը կայանում է նրանում, որ այն չի դիտարկում էներգետիկան անվտանգային համատեքստում, սա է պատճառը, որ այն սկսվում է արևային էներգետիկային ու էներգախնայողությանը նվիրված դրույթներով, մինչդեռ Հայաստանի արդի էներգետիկ համակարգում ամենաառանցքային խնդիրը պետք է հանդիսանա ոչ թե այլընտրանքային էներգետիկայի, այլ ամբողջ համակարգի կոնվերգենտ զարգացումը՝ խարսխված այլընտրանքային ու կոնվենցիոնալ էներգետիկայի հավասարաչափ ու ներդաշնակ զարգացման սկզբունքի վրա:
Ի դեպ, հաղորդակցությունների մասով փաստաթղթում խոսվում է բնական գազ Հայաստան մատակարարման ուղիների տարատեսակեցման մասին՝ ապահովելով առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր: Նախ՝ երկու տեխնոլոգիական մուտք արդեն իսկ առկա է՝ Հյուսիսային գազամուղն ու Իրան-Հայաստանը: Դրա տարատեսակեցումը ո՞րն է:
Մյուս կողմից՝ փաստաթղթում խոսվում է Հայաստանի էներգետիկ բացարձակ ինքնաբավության մասին, ինչը անտրամաբանական է հնչում բնական գազի բաղադրիչի պահպանման պարագայում: Եթե խոսքը էլեկտրաէներգիայի մասով ինքնաբավության ապահովման մասին է, ապա այժմ էլ մենք ունենք ինքնաբավ էներգահամակարգ: Նման հակասություններով լի է այս փաստաթուղթը:
– Ռազմավարության մեջ նշվում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի՝ 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգման մասին. սա որքանո՞վ է անվտանգ, արդյո՞ք աշխարհում կա ԱԷԿ-ի կրկնակի վերագործարկման և շահագործման ժամկետի բազմակի երկարացման փորձ։
– Նախ՝ նշվում է նոր ատոմային բլոկի կառուցման անհրաժեշտության մասին, ինչը, իհարկե, ողջունելի է, սակայն դրա մասին պետք էր մտածել մի փոքր ավելի շուտ, այլ ոչ թե թիրախավորել ԱԷԿ-ը՝ մեկ հայտարարելով, որ դրա բազմաթիվ աշխատակիցներ պետք է կրճատվեն, մեկ հայտարարելով, որ Հայաստանում պետք է մոդուլային ատոմակայան կառուցել, մեկ վտանգել Հայաստանում «խաղաղ ատոմի» վաղվա օրը՝ խզելով Մոսկվայի հետ հայտնի վարկային պայմանագիրը՝ կրկին ապաանվտանգայնացնելով ոլորտը, դուրս բերելով այն գեոռազմավարական տիրույթից:
Առավել քան պարզ է, որ այս իշխանությունների համար միջուկային էներգետիկան առաջնահերթություն չէ, ինչը նրանք բազմիցս ապացուցել են: Առավել քան պարզ է, որ նրանք ի վիճակի չեն լինելու անհրաժեշտ ներդրումներ ներգրավել նոր բլոկի կառուցման համար, ինչպես ի վիճակի չէին այս 2,5 տարվա ընթացքում լուծել շատ ավելի պարզ հարցեր: Կարծում եմ, նրանք պատրաստվում են օրակարգ բերել մոդուլային ԱԷԿ-ի կառուցման նախագիծը, սակայն դա լինելու է Հայաստանում միջուկային էներգետիկայի վախճանը, քանզի մոդուլային ձևաչափով «խաղաղ ատոմը» զարգացնում են բացառապես այն պետությունները, որոնք ունեն մեծ կոնվենցիոնալ հզորություններ ու դիտարկում են մոդուլային կայանները՝ որպես ռեզերվային միջոց:
Ինչ վերաբերում է 2026-ից հետո շահագործման ժամկետի երկարացմանը, ապա Հայկական ԱԷԿ-ն ունի այդ հնարավորությունները, ինչի մասին բազմիցս խոսել են աշխարհի առաջատար փորձագետները, այդ թվում՝ Ռուսաստանից:
– Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե պարզվի, որ գործող ԱԷԿ-ի ժամկետը 2026 թվականից հետո երկարաձգել հնարավոր չէ։
– Նման սցենարի զարգացման պարագայում Հայաստանը կկորցնի «խաղաղ ատոմ» զարգացնող բարձր ռազմավարական կարգավիճակը, ինչն ունենալու է մեր համար բացասական անվտանգային հետևանքներ: Չմոռանանք, որ մեր շուրջ միջուկային էներգետիկայի զարգացումը դիտվում է՝ որպես առաջնահերթություն: Այն զարգացում է ապրում Իրանում, Թուրքիայում, դրա զարգացման մասին Մոսկվայի հետ է բանակցում նաև Բաքուն: Այս պարագայում ԱԷԿ-ից հրաժարվելը լրջագույն ու հերթական հարվածն է լինելու մեր ազգային անվտանգությանը:
– Փոխարինող հզորության էներգաբլոկի կառուցման մասին. Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է նման ֆինանսների, ռեսուրսների ներգրավում:
– Նախ՝ պետք է հասկանալ, ինչ հզորությունների կայան ենք ուզում կառուցել: Մոդուլային կայանների վերաբերյալ արդեն ասացի, որ դա բացարձակ աննպատակահարմար է, քանի որ դրանք ունեն բավականին փոքր հզորություններ՝ 100-150 ՄՎտ: Եթե գնում ենք կոնվենցիոնալ միջուկային էներգետիկայի զարգացման ճանապարհով, ապա այն, ըստ եղած գնահատականների, կպահանջի մոտ 6 մլրդ ԱՄՆ դոլար: Առավել քան պարզ է՝ նման մեծ գումար այս իշխանություններն ի վիճակի չեն լինելու գեներացնել: Նման գումար նրանք ի վիճակի չեն ստանալ ո՛չ ներդրումների, ո՛չ վարկային միջոցների տեսքով: Նույն Մոսկվան պատրաստ կլինի գնալ նման համագործակցության միայն Հայաստանում լուրջ ու կանխատեսելի իշխանության ձևավորման դեպքում:
– Թե՛ այս ռազմավարության մեջ, թե՛ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է Հայաստանի էներգետիկ անկախությանը միտված քայլերի մասին. ՀՀ էներգետիկ անկախությունը որքանո՞վ է իրատեսական:
– Էներգետիկ անկախությունը հրապարակախոսական ձևակերպում է և չունի որևէ գիտական հիմնավորում: Անգամ էներգետիկ առումով ամենազարգացած ու առաջատար պետությունները չեն խոսում էներգետիկ անկախության մասին, քանի որ կայուն էներգետիկ զարգացումը ենթադրում է նաև ակտիվ ինտեգրում արտաքին շուկաներին, որոնք ունեն իրենց բավականին բարդ կոնյունկտուրան ու հիմնականում շատ զգայուն են:
Գլոբալ էներգետիկ շուկաներում ընդունված է առանձնացնել երեք հիմնական դերակատարների՝ ներկրողներ, արտահանողներ ու տարանցման երկրներ: Երեքն էլ մշտապես փոխադարձ կախվածության մեջ են գտնում: Այս համատեքստում ընդգծեմ, որ վերոնշյալ փաստաթղթում խոսվում է գլոբալ շուկաների՝ Հայաստանի ինտեգրման մասին: Այստեղ ես կրկին ռազմավարական մտածողության ու աշխարհայացքի խնդիր եմ տեսնում օրվա իշխանությունների մոտ, ինչը նորմալ է՝ հաշվի առնելով, որ այն մեծ հաշվով ձևավորվել է փողոցում, իսկ դրա դերակատարների մեծ մասն ընտրվել է պատահականության սկզբունքով:
– Հայտնի է, որ Արցախյան պատերազմում թշնամուն անցան Արցախում գործող 36 ՀԷԿ-երից 30՝ դրանով կախման մեջ ընկնելով ՀՀ էներգետիկ համակարգից, գիտենք նաև, որ 2021-ին ԱԷԿ-ը երկարատև ժամանակով կանգնելու է, ակնհայտ է, որ 2021-ը էներգետիկ առումով ծանր տարի է լինելու. Կմանրամասնե՞ք՝ Արցախից որքա՞ն էներգիա էր ներկրվում ՀՀ էներգետիկ պահանջները բավարարելու համար, և հիմա այդ բացը ինչ ռեսուրներով ենք կարողանալու լրացնել, ըստ Ձեզ՝ կառավարությունը պատրա՞ստ է այս մարտահրավերների հաղթահարմանը:
– Վերջին տասնամյակում Արցախը դրսևորում էր էներգետիկ զարգացման փայլուն դինամիկա: 2018 թ. էլեկտրաէներգիայի մատակարարման առումով այն արդեն հասել էր ինքնաբավության ու սկսել էր արտահանում իրականացնել Հայաստան: Նույն 2018-ին Հայաստանն Արցախից ներկրեց մոտ 100 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ակնկալվում էր, որ այս տարի ներկրումը պետք է կազմեր 330 մլն կՎտժ, սակայն ստեղծված նոր իրողությունների պայմաններում Արցախը կորցրեց սեփական էներգետիկ ներուժի մեծ մասն ու այլևս կախված է Հայաստանից իրականացվող մատակարարումներից:
Անշուշտ, այս ամենն իր անդրադարձն է ունենալու նաև Հայաստանում էլեկտրաէներգիայի գործող սակագների վրա՝ հաշվի առնելով նաև ԱԷԿ-ի կանգնեցումը, երկրի էներգետիկ համակարգում առկա հսկայական վարկային բեռն ու, իհարկե, 2020 թ. ամռանը բնական գազի սակագների աճը՝ նաև ջերմաէլեկտրակայանների համար: Ինչ վերաբերում է պակասորդի լրացմանը, ապա առնվազն այս տարի մեծանալու է ՋԷԿ-երի տեսակարար կշիռը Հայաստանի էլեկտրագեներացման մեջ, ինչն իր բացասական անդրադարձն է ունենալու նաև գործող սակագների վրա՝ հաշվի առնելով այն, որ ՋԷԿ-երի համար սահմանված սակագներն ի սկզբանե ավելի բարձր են, քանի ԱԷԿ-ինը կամ հիդրոկայաններինը: