
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:
Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները»: