Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 2020թ․ հունիսի 29-ին հատուկ հրամանով որոշել էր, որ ՌԴ-ում ինչքան հայկական համարանիշով մեքենա կա՝ պետք է առգրավել՝ նշելով, որ հայկական համարանիշով ավտոմեքենաներն անօրինական են գտնվում ՌԴ-ում:
Հայ ավտոներկրողները 168.am-ին հայտնեցին, որ գործընթացը մինչ օրս շարունակվում է: Առգրավում են ՀՀ համարանիշով մեքենաներն ու ասում, թե դրանք անօրինական են հայտնվել Ռուսաստանում: Խնդիրը չլուծելու դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջ գալու, հնարավոր է՝ ՌԴ-ից մեքենաների վերադարձի մեծ հոսք լինի, որը հնարավոր չի լինելու կանխել:
Սակայն ո՛չ հայ ավտոներկրողները, ո՛չ էլ ռուս գնորդները չեն հասկանում, թե ինչու են ՌԴ իշխանությունները նման որոշում ընդունել, այն դեպքում, երբ Հայաստանը Մաքսային միության անդամ է, որին անդամակցելու հիմնական իմաստն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներն ազատ շրջանառություն ունենան այդ տարածքում:
Հարցի լուծման համար իրենց ջանքերն են ներդնում ՌԴ մի շարք մարզերի պատգամավորներն ու քաղաքական գործիչները: Անգամ մեքենաների սեփականատերերը տեսաուղերձով դիմել են ՌԴ նախագահ Վլ. Պուտինին՝ խնդրելով դադարեցնել հայկական համարանիշով մեքենաների առգրավումը, օրինականացնել, ստանալ ռուսական համարանիշ:
Կրասնոդարի քաղաքական գործիչ Ալեքսանդր Սաֆրոնովը, ով զբաղվում է այս հարցով՝ հայտնում է, որ Հայաստանից ձեռք բերված մեքենաների թիվը շուրջ 400.000 է, ու գնել են, քանի որ մատչելի գներով են վաճառվել:
«Առաջին հերթին մարդիկ գնել են մեքենա այնտեղից, որտեղ վաճառքի գինն ավելի մատչելի է եղել, սա նորմալ ռեակցիա է ոչ հարուստ ապրելակերպով մարդկանց դեպքում: Ավելին, մարդիկ երբ գնել են, պետական մարմինները վստահեցրել են, որ ամեն ինչ օրենքով է, մաքսային մարմիններում խնդիրներ չեն լինի: Իմ կարծիքով՝ կառավարությունը պետք է վերցնի Ղազախստանի օրինակը, որտեղ մինչև 2023 թվականը ժամանակ են տվել, որպեսզի մեքենաները հաշվառեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեքսանդր Սաֆրոնովը:
Հավելենք, որ ավելի վաղ ռուս գնորդները դիմել են նաև ՀՀ կառավարությանը՝ ասելով. «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիները, ովքեր որ ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»: