Հայաստանը՝ տարածաշրջանում միակ մաքսակետ․ առայժմ
«Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում»,- դեռևս 2004թ․ հայտարարել էր ՌԴ Պետդումայի ղեկավար Բորիս Գրիզլովը։ Տարիների ընթացքում Ռուսաստանը հավատարիմ է մնացել իր այդ բարձրաստիճան պաշտոնյայի պատկերավոր հայտարարության ոգուն ու տառին, ինչի համար Ռուսաստանին մեղադրելը, իհարկե, անմտություն է․ այդ երկիրը հետապնդել է իր շահերը։ Ինչպես որ իր շահերի հանգույն ու հայկական շահերի հաշվին՝ հանգուցալուծել է արցախյան վերջին պատերազմը։
Ռուսաստանի ֆորպոստն այդ պատերազմում պարտվել է Թուրքիայի արբանյակը դարձած Ադրբեջանին։ Պարտվել է արդբեջանաթուրքական դուետի դեմ պատերազմում, բայց նաև ռուս-թուրքական գործարքի արդյունքում։ Դա չտեսնելը նույնքան անմտություն է, որքան Ռուսաստանին մեղադրելը սեփական շահերին հետամուտ լինելու մեջ։ Եթե կան մեղավորներ, իսկ այդպիսիք, անշուշտ, կան, ապա դրանք միայն հայկական կողմում են, որոնք Ռուսաստանի հետ չեն կարողացել աշխատել այնպես ու այնքան, որ ռուսական շահերը չիրացվեն Հայաստանի շահերի հաշվին։ Բայց եղել է այն, ինչ եղել է։
Իսկ եղել է այն, որ Հայաստանն իջեցրել է անգամ Ռուսաստանի ֆորպոստի իր կարգավիճակը՝ այն հասցնելով տարածաշրջանում Ռուսաստանի մաքսակետի կարգավիճակի։ Ահա կարդում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հերթական հեռախոսազրույցի մասին։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը քննարկած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման օգտին։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման հարցին, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնմանը․․․»։
Մեր ռազմավարական գործընկեր ու ռազմավարական թշնամի երկրների ղեկավարները խոսում են մեր՝ Հայաստանի տարածքով անցնելիք «փոխշահավետ նախագծերի» մասին՝ առանց անգամ Հայաստանի անունը հիշատակելու։ Որովհետև վերջին պատերազմից հետո Հայաստանն ամբողջությամբ կորցրել է իր սուբյեկտայնությունը՝ իր վերաբերյալ որոշումների կայացման լիազորությունն ամբողջությամբ թողնելով Ռուսաստանին։ Ռուսաստանն էլ՝ բնականորեն հետապնդելով, առաջին հերթին, սեփական շահերը, տարածաշրջանային սուբյեկտից օբյեկտի վերածված Հայաստանի մասին հարցերը քննարկում է նրա հետ, ով ամենամեծ օգուտը կապահովի «փոխշահավետ նախագծերում»։
Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողները համառորեն չեն ուզում նկատել այս իրողությունը, չեն խոսում դրա մասին։ Իսկ Հայաստանից հնչող այս լռության ֆոնին Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի հաշվով սեփական նախագծերն են քննարկում, որոնցում Հայաստանը կունենա տարածաշրջանում կարևոր տարանցիկ մաքսակետի կարգավիճակ, մինչև այն պահը, երբ, օրինակ, Թուրքիան էլ կանդամակցի ԵՏՄ-ին՝ Հայաստանին զրկելով նաև այդ վերջին՝ մաքսակետի կարգավիճակից։
Արշավիր Իշխանյան