Երևանի վերջին մարտը կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար. Regnum

Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և վերլուծել դրա կարգավիճակի ճանաչման հնարավորությունը:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ գրավել է համաշխարհային փորձագիտական հանրության և շատ քաղաքական գործիչների ուշադրությունը: Նրանք ընդունում են, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումը, տարածքների` Բաքվի վերահսկողությանը փոխանցումը և ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների հայտնվելը նկատելիորեն փոխել են իրավիճակը ոչ միայն Կովկասում: «Հավաքական Արևմուտքը» մտահոգված է, որ Մոսկվան և Անկարան հանդես են եկել որպես գործընկերներ Ղարաբաղյան պատերազմի ավարտի գործընթացում, և հայտարարությունն ինքնին պատրաստվում էր փաստացի առանց Արևմուտքի մասնակցության՝ չնայած Ռուսաստանն այդ ժամանակ խորհրդակցություններ էր անցկացնում Փարիզի հետ: Եթե այս միտումը պահպանվի, գրում է ամերիկյան Eurasianet թերթը, ապա «տարածաշրջանում նոր քաղաքական և աշխարհաքաղաքական կարգի մեջ Արևմուտքը, «ժողովրդավարացման» իր գաղափարներով, այնտեղ այլևս անելիք չի ունենա»:

Այս թեզը «հավաքական Արևմուտքին» դրդում է որոնելու մի հարթակ, որից այն կարող է ազդել տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա: Այս առումով, DW-ն մատնանշում է այն դիրքերը, որոնք ուշադրությունից դուրս են մնացել (առնվազն հասարակական մակարդակում) Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ Մոսկվայում. խաղաղապահների հարցը և բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ճիշտ է, Ռուսաստանի նախագահը, հիշատակել է խաղաղապահներին ՝ առաջարկելով «հստակեցնել» նրանց մնալու հարցերը: Տեսականորեն, հաշվի առնելով, որ խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, նրանց կարգավիճակի հարցը կարող է լուծվել Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ համաձայնագրի հիման վրա: Բայց այդ ժամանակ Երևանը դուրս կմնա փակագծերից, ինչը կարող է խափանել Հայաստանի տարածքով հաղորդակցման միջանցքների ապաշրջափակման կետերի իրականացումը, մասնավորապես՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հարցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության ներքո էր: Չի բացառվում, որ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հետ մեկտեղ կրկին ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում:

Արևմուտքն այս հարցը բաց է համարում՝ չնայած Ադրբեջանը հավաստիացնում է, որ «Լեռնային Ղրաբաղի հակամարտությունն ավարտված է»: Բայց, ինչպես հաղորդում է Ֆրանսիական ռադիոն, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մոսկովյան հանդիպման նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է «միջազգային համագործակցության կարևորությունը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծման համար», և «քաղաքական գործիչները պայմանավորվել են համակարգել իրենց գործողություններն այս ուղղությամբ»: Պարզ է, որ Փարիզը հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը նույնպես համանախագահ երկրի ներկայացուցիչ է, կոչ էր անում «որքան հնարավոր է շուտ վերսկսել համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և ամուր քաղաքական լուծում գտնելու համար»: Թվում է, որ այն ֆոնին, որ Մոսկվան մտադիր չէ «թաղել» ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բաքուն չի կարողանա արգելափակել նրա աշխատանքի մեկնարկը, և վաղ թե ուշ ստիպված է լինելու շատ դժվար քաղաքական և դիվանագիտական մենամարտի մեջ մտնել առաջին հերթին Արևմուտքի հետ`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար:

Եվ այստեղ գործնականում բացառվում է գործողությունների ուժային սցենարը, ինչը որոշակի օգուտ է Փաշինյանի համար, որը Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսում ասում էր, որ «ցավոք, այս հակամարտությունը դեռ լուծված չէ, կան դեռ շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում »: Եթե դա տեղի ունենա, ապա դա կդառնա Երևանի վերջին կռիվը, որում կարող է և չպարտվել: Ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան «հավաքական Արևմուտքի գործողություններից, որքան այժմ աշխարհագրականորեն ընդլայնված առևտրատնտեսական համագործակցության զարգացման սցենար մշակող Հայաստանի, Ադրբեջանի և, իհարկե, Ռուսաստանի երկարաժամկետ շահերից, եզրափակում է հեղինակը:

Տեսանյութեր

Լրահոս