«Ես չեմ հիշում, որ հայկական կողմը Արցախ, Ղարաբաղ բառն ասի․ փաստաթուղթը նայում ես, ոչ Արցախ է գրված, ոչ էլ: Տպավորություն է, որ առաջինը Հայաստանն է Արցախ բառից վախեցել». Թևան Պողոսյան
Հունվարի 11-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք քննարկել էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը:
Միևնույն ժամանակ, անհայտ է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և ձերբակալված անձանց ճակատագիրը:
«Մենք Մոսկվա գնացել էինք երևի ոչ թե բանակցեինք՝ սա ստորագրելու ենք, թե ոչ, այլ փորձեինք ասել՝ այս մի բանը տեղի չի ունենա՝ նախքան սա չլինի: Նման աշխատանքներն ընդհանրապես թիմային են լինում, եթե կողմերը գնում են բանակցելու: Ոչ ԱԳ նախարարն էր այնտեղ, ոչ էլ այլ մարդ, միայն երեք նախագահներն էին: Հայկական կողմը չունի բանակցային որևէ լծակ, միակ լծակը երևի լինելու է այն, որ ասելու են՝ սա չենք կատարի, եթե մեր գերիներին չտաք: Հարցն այն է լինելու, թե ինչքանո՞վ ենք ունակ նման բան իրականացնել կամ ի՞նչ փաստարկ ունենք: Ի՞նչ այլընտրանք ունենք, որ կարող ենք ինքներս մեզ համար անել: Եթե նախքան Մոսկվա գնալը տեսնեինք գործողություն, երբ պարզվեր, որ 100 ադրբեջանցի միամիտ սահմանը խախտել և գերի է ընկել, և նման պաշարով գնայինք Մոսկվա՝ ես կմտածեի, որ կարող ենք ինչ-որ բան բանակցել: Կամ՝ միջազգային որևէ դատարանում Ադրբեջանի բանկային համակարգի հետ կապված կամ նրանց ղեկավարների վերաբերյալ քրեական գործ լիներ: Դու չունես ոչ մի բան, ու գնալն իմաստ չուներ: Դա այսօր պետք է Ռուսաստանին, որ ցույց տա՝ ինքն է տերը»,- «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
Իսկ, թե եղած պայմանավորվածություններն ինչքանով են հետաքրքիր Ադրբեջանին, Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ Ալիևն ասաց՝ ուրախ են, որ մի քիչ ավելի մատչելի ճանապարհներ ենք ստանում: Ադրբեջանը հնարավորություն ունի որևէ ապրանք հասցնել Նախիջևան, Իրան՝ Վրաստանի երկաթգծով:
«Ցավում եմ նրա համար, որ հայկական կողմի չի գիտակցում, որ իր շահերի համար այսօր նոր մոտեցում է պետք, որը թույլ կտա ժամանակ շահել, մեր այլընտրանքները այլ ձևով կառուցել ու նոր մտնել այդ սենյակ, հակառակ դեպքում միշտ մյուս կողմերը թուղթ են պատրաստելու, ներկայացնեն մեզ: Բանակցությունները, միջազգային հարաբերությունները ոչ միայն արհեստ են, այլև արվեստ ու գիտություն: Որևէ հարցի չենք մոտենում ճիշտ ուղղությամբ: Ցավոք, հունվարի 11-ին ունեցանք նոյեմբերի 9, 10-ի նման մի փաստաթուղթ, չեմ զարմանա, որ լինի 3-րդը, ու մենք ասենք՝ բա հունվարի 11-ի փաստաթղթի այս մի կետը չի կատարվել: Երեկվա կոնտեքստով եթե նայենք՝ 2-3 անգամ Ալիևի խոսքում լսեցինք, որ շատ ուրախ է, որ Թուրքիայի հետ հնարավորություններն են լինելու, իսկ ես չեմ հիշում, որ հայկական կողմը Արցախ, Ղարաբաղ բառն ասի: Փաստաթուղթը նայում ես, ոչ Արցախ է գրված, ոչ էլ: Տպավորություն է, որ առաջինը Հայաստանն է Արցախ բառից վախեցել: Քանի՞ ճանապարհ է բաց լինելու, արդյո՞ք այդ ճանապարհներով կարողանալու ենք գնալ-գալ Արցախ, թե՞ ոչ»,- նշեց Թևան Պողոսյանը: