«Իրենք իրենց բարիքներից օգտվում են, մյուս կողմից՝ հարվածում են սպառողի գրպանին». տնտեսագետը՝ Փաշինյանի որոշման մասին

2020 թվականի դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն, որով հաստատվում են հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված ինչ-ինչ միջոցառումներ,  քաղաքացու գրպանի հաշվին պետական բյուջեն լցնելու նոր փորձեր են արվում:

Փաշինյանի նշյալ որոշմամբ՝ թանկանալու են ուսման վարձը, առողջապահական ծառայությունները, նվազեցվելու է շրջանառության հարկի շեմը, ներդրվելու է  ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ:

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագիտության դոցենտ Հայկ Ֆարմանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե «հանրային քաղաքականության ճեղք» հասկացություն հայոց լեզվում գոյություն չունի, և, որ այն իր համար բոլոր դեպքերում ընկալելի չի: Ըստ նրա՝ այս որոշմամբ մենք ընդամենը գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ:

«Խոսքը վերաբերում է բյուջեի համալրմանը կամ բյուջեի ճեղքվածքին: Դեռևս մոտ 9 ամիս առաջ, երբ որ մենք ունեինք անորոշ հեռանկարով ճգնաժամային իրավիճակ՝ կապված կորոնավիրուսային ճգնաժամի հետ, ու երբ շեշտակիորեն բարձրանում էր գույքահարկի դրույքաչափը, ես դա որակել եմ ոչ այլ ինչ, քան ական տնտեսության տակ կամ դավադրության հանրության թիկունքում, քանի որ չկա հանրային ընդվզման հնարավորություն և հանրային քննարկման հնարավորություն: Հիմա մենք գործ ունենք մոտավորապես նույն իրավիճակի հետ, և նույնիսկ սարկազմով արտահայտվել եմ, որ գուցե առաջիկայում նոր հարկատեսակներ կիրառվեն, դիցուք, ասենք, այս ապաշնորհ վարչակազմի անդամների կողմից բեղ-մորուք պահելու հարկատեսակ»,- ասաց Հայկ Ֆարմանյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս որոշմանը՝ տնտեսագետը նշեց, որ բյուջեի ճեղքը ձևավորվում է ներկա տնտեսական իրավիճակի հետևանքով: Նրա խոսքով՝ բյուջեն չի համալրվում օբյեկտիվ պատճառներով, որոնցից են, օրինակ, սպասարկման, տուրիզմի ոլորտում առկա լրջագույն խնդիրներ, կորոնավիրուսով պայմանավորված ռեստորանային բիզնեսի անկումը, պատերազմով պայմանավորված ՀՀ 4-րդ հարկատուի կորուստը: Ու տարբեր ոլորտներում առկա անկումը բերում է նրան, որ կունենանք բյուջե ավելի պակաս հավաքագրվող գումարներ: Տնտեսագետի խոսքով՝ նորմալ կառավարություն ունենալու դեպքում այդ կառավարությունը  նախ պետք է կրճատեր իր ծախսերը, բայց մենք հիմա այլ իրավիճակ ունենք:

«Մի կողմից՝ կառավարությունը չի կրճատում ծախսերը, այդ թվում և՝ վարչական ծախսերը, որն իրենց համար, թերևս, ամենակարևորն է, այսինքն՝ դրա մեջ է մտնում իրենց ստացած, այդքան չարչրկված պարգևավճարները, բենզինի ծախսը, գործուղումների ծախսը, գործավարուհիներ, օգնականներ պահելու ծախսը, այսինքն՝ որևէ ծախս այդ ուղղությամբ իրենք չեն կրճատել: Եվ դրան զուգահեռ՝ քանի որ մենք տնտեսական կոլապսի շեմին ենք գտնվում, քանի որ արտաքին առևտրաշրջանառությունն առաջիկայում կկրճատվի շուրջ 15 %-ով՝ սահմանների այլևս անվտանգ չլինելու պատճառով (խոսքը վերաբերում է Մեղրի-Երևան ապրանքափոխադրումներին), նաև նախորդ տարվա համեմատ ունեցած շուրջ 10% տնտեսական անկում ունենք, իրենք աղբյուրներ են փնտրում, թե ինչպես համալրեն այդ բյուջեի ճեղքվածքը, որպեսզի իրենց վարչական ծախսերն անխափան հնարավորություն ունենան կատարելու: Եվ քանի որ այդ ուղղությամբ պահանջվում են որոշակի ունակություններ, որոշակի հմտություններ, և քանի որ այս կառավարությունը, իմ տպավորությամբ, չունի այդ հմտությունները, ընտրել են ամենահեշտ ճանապարհը՝ բարձրացնել հարկերը, դրույքաչափերը կամ շրջանառության հարկի շեմը:

Առաջին հերթին՝ սա ուղիղ հարվածելու է սպառողների գրպանին: Խոսքը վերաբերում է առողջապահական համակարգին, կրթության ոլորտին,  գյուղատնտեսության ոլորտին, որոնք հարկվելու են Ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Եվ քանի որ դա անուղղակի հարկատեսակ է, դրա վճարողներն անուղղակի ձևով լինելու են սպառողները, այսինքն՝ այդ ծառայությունները թանկանալու են: Պարզունակ օրինակ բերեմ: Դիցուք, Դուք օգտվում եք բժշկական որևէ ծառայությունից, օրինակ՝ թոքերը պետք է նկարվեն այս կորոնավիրուսի պայմաններում, վճարում էիք X գումար, հիմա պիտի վճարեք 20%-ով ավելի:

Ամենագլխավորը, այս որոշումով հարված է հասցվելու փոքր և միջին բիզնեսին: Իրենք ընդամենը 6 ամիս առաջ շրջանառության հարկի շեմն ավելացրեցին, դա մեկնաբանեցին՝ որպես հօգուտ տնտեսվարողների իրականացրած քայլ: Խոսքը 115 միլիոն շեմի մասին է: Հիմա նորից հետ են վերադառնում, ավելի են խստացնում: Այսինքն՝ իրենք կեղծ օրակարգ են առաջ քաշել այս 2.5 տարվա ընթացքում, այսպես կոչված, նախկինների վերադարձով են անընդհատ վախեցնում, բայց իրենք են վերադառնում նախկին համակարգին՝ իրենց իրականացրած գործողություններով, քայլերով, մասնավորապես այս որոշումով: Այսինքն, մի կողմից՝ շրջանառության հարկի դրույքաչափը պետք է բարձրանա, մյուս կողմից՝ այդ շեմը պետք է նվազեցվի, որն անպայման հարվածելու է փոքր և միջին բիզնեսին, փոքր և միջին բիզնեսը ստիպված թանկացնելու է իր ծառայությունների կամ արտադրանքի գները»,- ասաց Հայկ Ֆարմանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մենք գործ ունենք անկանխատեսելի հարկային քաղաքականության հետ:

«Իսկ ի՞նչ երաշխիք մենք ունենանք, որ 2 ամիս անց ավելի վատ իրավիճակ չենք ունենալու: Հարկային քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի թե՛ ներքին ներդրողի համար, թե՛ արտաքին ներդրողի համար: Առնվազն միջնաժամկետ կտրվածքով պետք  է լինի կանխատեսելի:

«Իրենք գնացել են ամենակարճ ճանապարհով, ավելացնում են դրույքաչափերը: Նույն հաջողությամբ կարող էին ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանել, օրինակ,  60%, ու հարցն ավելի լավ կլուծվեր իրենց տեսանկյունից: Մենք մի կողմից՝ տեսնում ենք, որ իրենք իրենց բարիքներից օգտվում են, մյուս կողմից՝ հարվածում են սպառողի գրպանին և հարվածում են փոքր ու միջին բիզնեսին»,- նշեց Հայկ Ֆարմանյանը:

Այս որոշումն ավելի առարկայական ներկայացնելու համար տնտեսագետն ընտանիքի օրինակը բերեց: Ըստ Ֆարմանյանի՝ տպավորություն է, որ ՀՀ-ն ընտանիք է, որտեղ եկամուտները գնալով նվազում են, բայց ընտանիքի հայրը շարունակում է ճոխ կյանք վարել, գնալ ռեստորաններ՝ ընկերներով, թանկ մեքենաներ գնել և ընտանիքի անդամներին ասել՝ «դա պետք է շարունակվի»:

Հարցին, թե այս որոշման մեջ որևէ դրական բան չի՞ տեսնում, Հայկ Ֆարմանյանն արձագանքեց.

«Ոչ, միանշանակ ոչ: Ես տեսնում եմ անարդար քաղաքականություն, ապաշնորհ քաղաքականություն: Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել՝ ճիշտ կանոն, որ բեղ-մորուքի հարկ սահմանեն կամ միանգամից ԱԱՀ դրույքաչափը սահմանեին 80%, կամ հայտարարեն, որ սրանից հետո ավելի վատ է լինելու: Սրա մեջ որևէ լավ բան ես չեմ տեսնում: Սա աբսուրդային որոշում է  ընդամենը, դավադրություն հանրության թիկունքում, առանց քննարկման, առանց հանրային ընդվզման հնարավորության, և սա ոչ այլ ինչ է, քան ապագայում արտագաղթի հողի նախապատրաստում»:

Տեսանյութեր

Լրահոս