«Գործ ունենք այնպիսի փաստաթղթի ստորագրման հետ, որը հիշեցնում է 100 տարի առաջ Մոսկվայում քեմալաբոլշևիկյան ստորագրած գործարքը». Արմեն Մարուքյան

ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, հետևաբար՝ այն չի կարելի անվանել օրինական փաստաթուղթ, բացարձակ ապօրինի փաստաթուղթ է։

«Ցանկացած փաստաթղթի օրինականությունն ըստ էության որոշվում է 1969 թվականի Վիեննայի միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի դրույթներով։ Այնտեղ կան հստակ կետեր, որոնցով արձանագրվում է, թե տվյալ փաստաթուղթը որքանով է համապատասխանում միջազգային պայմանագրային իրավունքին։ Մասնավորապես՝ կարող եմ վկայակոչել մի շարք հոդվածներ, օրինակ՝ 52-րդ հոդվածը, որտեղ հստակ մատնանշված է՝ եթե որևէ պետության կողմից պայմանագիրը պարտադրվում է ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման հետևանքով, ապա այդ պայմանագիրն առոչինչ է։ Ակնհայտ է, որ գործ ունենք Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետ, ի դեմս թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի, երբ սպառնում էին նոր տարածքներ գրավել, և այդ սպառնալիքների ներքո է փաստաթուղթը ստորագրվել, ինչը նշանակում է, որ այն ապօրինի փաստաթուղթ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Մարուքյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի եռակողմ հայտարարությանը։

Ըստ նրա՝ Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը ստորագրած անձն ընդհանրապես լիազորված ու իրավասու չէր նման փաստաթուղթ ստորագրելու, քանի որ բազմիցս նշվել է, որ նա չի ներկայացնում Արցախի ժողովրդին և նրա կամքը։ Ավելին, թեև չճանաչված լինելու պայմաններում՝ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո պետականություն է, և որևէ մեկը չէր լիազորել, որպեսզի Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը ստորագրվեր։ Պատահական չէ, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ նշված փաստաթուղթը որևէ պարտավորություն չի դնում Արցախի վրա, որովհետև Արցախը որևէ գրավոր պարտավորություն իր վրա չի վերցրել այդ փաստաթուղթն ընդունելու համար։ Նույն Վիեննայի 35-րդ հոդվածի պահանջն է, որ երրորդ կողմի վրա փաստաթուղթը կարող է տարածվել միայն այն դեպքում, եթե նա գրավոր տալիս է իր համաձայնությունը և ստանձնում է իր պարտավորությունները։

«Այնպես որ, տվյալ դեպքում մենք գործ ունենք այնպիսի փաստաթղթի ստորագրման հետ, որը շատ է հիշեցնում մոտ 100 տարի առաջ Մոսկվայում քեմալաբոլշևիկյան ստորագրած գործարքը, որը մյունխենյան գործարքից առաջ կնքված մի սեպ էր, երբ առանց Խորհրդային Հայաստանի կամքը հարցնելու՝ բոլշևիկներն ու քեմալականները ստորագրեցին մոսկովյան գործարքը, որի 100 տարին լրանալու է մարտի 18-ին։ Դրանից հետո Հայաստանին փորձեցին ստիպել, որպեսզի Հայաստանն իր ստորագրությունը դնի այդ գործարքի տակ, ինչը տեղի ունեցավ ճնշումների ներքո՝ Կարսի կոնֆերանսի ընթացքում։ Հիմա էլ նման վիճակ է, ինչ 100 տարի առաջ»,- հավելեց Ա. Մարուքյանը։

Պատմաբանը նաև շեշտեց՝ եռակողմ հայտարարությունից հետո, տեսնում են, որ հստակ ժամանակացույցով Հայաստանը տարածքներ է հանձնում թշնամուն, բայց որևէ կոնկրետացում այնտեղ չկա գերիների, բռնի պահվող անձանց, զոհվածների մարմինների վերադարձի վերաբերյալ։ Այս ամենը վերլուծելով՝ ակամայից կարող են հասկանալ, թե ով է այդ համաձայնագիրը մշակել։ Այնտեղ հայանպաստ որևէ կետ չկա, ուստի այդ հանգամանքը լրացուցիչ մեկ փաստարկ է, որ այն հայկական կողմին պարտադրված փաստաթուղթ է։

«Տեսեք, խորամանկության են գնացել և փաստաթղթին անուն են դրել, թե իբր հայտարարություն է, բայց նույն Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ անունով է փաստաթուղթը, երբ միջազգային սուբյեկտների միջև կնքվում է փաստաթուղթ, որով հստակ պարտավորությունների ու իրավունքների հարցեր են ծագում, իսկ ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը հստակ պարտավորություններ է դրել Հայաստանի վրա՝ կոնկրետ տարածքների զիջման հարցում, ըստ էության միջազգային պայմանագիր է։ Իսկ այս դեպքում դա նախատեսում է ռատիֆիկացիայի վավերացման գործընթաց, ինչը, ինչպես գիտենք, նույնպես տեղի չի ունեցել։ Այսինքն՝ այս հակաօրինական, հակաիրավական փաստաթուղթը միջազգային իրավունքի հետ որևէ աղերս չունի, հետևաբար, եթե Հայաստանն ունենա ազգային իշխանություն, հեշտությամբ կարող է դրա օրինականությունը վիճարկել որևէ միջազգային դատական ատյանում, և այստեղ բոլոր փաստարկները հօգուտ հայկական կողմի են»,- ընդգծեց 168.am-ի զրուցակիցը։

Արմեն Մարուքյանը նաև նկատեց՝ եռակողմ հայտարարության առաջին կետում հստակ նշված է, որ կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են մինչև նոյեմբերի 10-ը, իսկ այդ օրը հայկական զորքը շարունակում էր վերահսկել Զանգելանի՝ Կովսականի և Կուբաթլուի՝ Սանասարի տարածքները, որը լուրջ անվտանգության երաշխիքներ էր ստեղծում Սյունիքի մարզի համար։

«Այս ամենից զատ՝ գրավոր պայմանավորվածությամբ համաձայնություն տվեցին, որպեսզի հայկական ուժերը հետ քաշվեն և այդ դիրքերը զիջեն թշնամուն, այսինքն՝ սա լրացուցիչ բոնուսային զիջում էր ադրբեջանական կողմին՝ անհայտ պայմանավորվածությունների համատեքստում։ Նույնը վերաբերում է նաև Արցախի Հին Թաղերին ու Խծաբերդին, երբ այդ գյուղերը հանձնվեցին թշնամուն, և նոր գերիներ եղան, ուստի այդ ամենն Ադրբեջանին նոր առևտրի հնարավորություն տվեց։ Մենք տեսնում ենք զարգացումներ՝ բանը հասել է ՀՀ անօտարելի տարածքներ համարվող Սյունիքի մարզի գյուղերին»,- եզրափակեց Արմեն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս