Եռակողմ հայտարարությամբ հրադադարը քաղաքական բովանդակություն պետք է ստանա և հարթվեն բոլոր խնդիրները, որպեսզի ռուսական միջնորդությունը դառնա անշրջելի․ Մալաշենկո

Վերջին և առաջիկա օրերի ամենամեծ արտաքին քաղաքական ինտրիգն առաջիկայում Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման բովանդակությունն է։

Օրերս հայտնի դարձավ, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող բոլոր ռուսական լրատվական աղբյուրները հայտնում են եռակողմ հանդիպման կազմակերպման մասին։ Հանդիպման հնարավոր ամսաթիվ է նշվում հունվարի 11-ը։ Այս մասին որոշ տեղեկություններ է հայտնել նաև Wargonzo նախագիծը, համաձայն որի՝ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պատվիրակությունը նույնպես պատրաստվում է այցելել Մոսկվա:

Բանակցությունների թեման կարող է լինել միջանցքի բացումն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների ու Նախիջևանի միջև: Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին համապատասխան կետը ներառվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում: Այնուամենայնիվ, հատուկ մեխանիզմներ դեռ մշակված չեն:

Սեմյոն Պեգովի նախագիծը նաև հայտնել է, որ մոսկովյան մասնագետները պետք է կարևորագույն բանակցությունների մասնակցելու համար Մոսկվա մեկնող հայ բարձրաստիճան պաշտոնյաներից արյուն վերցնեն՝ կորոնավիրուսի առկայության փորձաքննության ենթարկելու նպատակով:

Դատելով նրանից, թե այս գործընթացն ինչպիսի ուշադրության է արժանանում, խոսքը բարձր մակարդակով խորհրդակցությունների մասին է: Ըստ @wargonzo նախագծի՝ «գործընթացը տեղի է ունենում ռուսական հատուկ ծառայություններից մեկի վերահսկողության ներքո»:

Այս մասին որոշ մանրամասներ էր հայտնել նաև ռուսաստանաբնակ գործիչ Արամ Գաբրիելյանովը։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ով վերջին շրջանում ԵԱՀԿ ՄԽ-ն վերակենդանացնելու ջանքեր է գործադրում։

168am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն փորձեց բացատրել, թե ինչում է կայանում այս հանդիպման հրատապությունը, և ինչ օրակարգ կարող է ունենալ նման հանդիպումը։

Վերլուծաբանն ասաց, որ հանդիպմանը կարող են քննարկվել բազմաթիվ տեխնիկական հարցեր, քանի որ, որքան հասկանում ենք կողմերի հայտարարություններից, նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների պատճառ է դարձել։

«Կողմերից մեկը նշում է, որ հայտարարությունը չի վերաբերում շփման գծի այս հատվածին, կամ՝ դրանով արգելվում են ուղևորությունները Ղարաբաղ, կամ լուրջ խնդիրներ են առաջացնում սահմանազատման աշխատանքները, որոնք նախկին անվտանգության համակարգերը չեզոքացրել են և նոր համակարգեր ձևավորելու անհրաժեշտության առջև կանգնեցրել։ Ի վերջո, շատ հարցեր հասկանալի չեն, թե այս հրադադարին ինչ է հաջորդելու, ինչպես է տեղի ունենալու բուն կարգավորումը և բոլոր ճանապարհների ապաշրջափակումը, երբ դեռ կան միմյանց ուղղված սպառնալիքներ և տարակարծություններ։ Ադրբեջանի նախագահի վերջին բոլոր հայտարարություններից երևում է, որ կա կարգավորմանն ուղղված գործընթաց Ռուսաստանի կողմից, ինչն ավելին է, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Դժվար է կանխատեսել, թե ինչ է նախապատրաստվում, արդյո՞ք դրանում մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հարցերը չափազանց շատ են, իսկ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունները միայն ընդհատվել են, կայուն խաղաղության համար հարկավոր է, որպեսզի որևէ չքննարկված հարց, տարաձայնություն չմնա, քանի որ դա կարող է կրկին սրել իրավիճակը»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, ՌԴ-ն շարունակում է իր առաջատար դերակատարությունը՝ որպես միջնորդ, և, թե որքան երկար այն կլինի արդյունավետ, կրկին ասելը բարդ է, քանի որ իրավիճակի վրա ազդող գործոնները և խաղացողները շատ են։

«Կա նաև Արևմուտքը, որն ակնկալում է, որ հետագա գործընթացները ծավալվելու են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, սակայն արդյո՞ք այդպես է լինելու, եթե համանախագահների վերջին հանդիպումը, մեղմ ասած, անհաջող և ապարդյուն էր։ Այսինքն՝ միջնորդները չունեն գործունեության դաշտ, բայց կան լուրջ գործընթացներ, կա ձևաչափ, որից գոհ են գրեթե բոլոր խաղացողները»,- ասաց Մալաշենկոն։

Նա վստահեցնում է, որ Ռուսաստանը շարունակելու է իր ստանձնած դերակատարությունը գործընթացում, ինչը ենթադրում է, որ պետք է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարը քաղաքական բովանդակություն ստանա, և դրա շրջանակում հարթվեն բոլոր խնդիրները, որպեսզի ռուսական միջնորդությունը լինի անշրջելի, այլապես խնդիրներն ական են՝ դրված այդ հայտարարության տակ։

«Մոտավոր շրջանակն այսպիսին եմ տեսնում առաջիկա գործընթացների, լինի դա հանդիպման տեսքով, թե պարզապես տարածաշրջան այցերի կամ հեռախոսազանգերի, չեմ կարող հստակ ասել։ Բայց ՌԴ-ն Կառավարության՝ հատկապես ԱԳՆ-ի և ՊՆ-ի մակարդակով, ակտիվ աշխատում է իր հեղինակությունը պահպանելու և բարձրացնելու համար: Իսկ եթե հետաձգվեն այս հարցերի քննարկումները, գործընթացներն այլ ուղով կարող են գնալ»,- ասաց Մալաշենկոն։

 

Տեսանյութեր

Լրահոս