Բաժիններ՝

«Այս տարի մեզ մոտ բացառություն է՝ մարդիկ օրը կնշեն, բայց ոչ նախկին տրամադրությամբ ու ուրախությամբ». Արցախի թեմի քահանա

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան տեղի է ունենում Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։

Հունվարի 6-ի առավոտյան պատարագ կմատուցվի նաև Դադիվանքում և, ինչպես նախորդ կիրակիներին, այս կիրակի ևս Ստեփանակերտից ուխտավորներ կմեկնեն Դադիվանք։

168.am-ի հետ զրույցում Շուշիի  Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ով այժմ հոգևոր ծառայություն է մատուցում Ստեփանակերտի եկեղեցում, ասաց, որ արդեն հինգ տասնյակից ավելի ուխտավոր է գրանցվել Դադիվանք մեկնելու համար։

«Սուրբ Ծննդյան տոնը մեկնարկելու է հունվարի 5-ին երեկոյան՝ Ճրագալույցի պատարագով։ Ստեփանակերտում վաղը պատարագ կմատուցվի երեկու եկեղեցիներում, սակայն վաղը ես լինելու եմ Դադիվանքում՝ ինձ հետ տանելով հիսունից ավելի ուխտավորների։ Մինչև այս պահը Դադիվանք մեկնող գրանցված ուխտավորները միայն Արցախից են, իսկ նախորդ կիրակի եկել էին նաև Հայաստանից։ Ովքեր ցանկանում են, նախապես գրանցվում են և կիրակի արդեն գնում Դադիվանք»,- ասաց քահանան։

Ինչ վերաբերում է Դադիվանք տանող ճանապարհների անվտանգությանը, Տեր Անդրեասն ասաց, որ Ստեփանակերտից մինչև Գետավան  հայկական զորքերի հսկողության տակ է, այնուհետև մոտ չորս կիլոմետր անցնում են ադրբեջանցիների «տարածքով», մինչև հասնում են Դադիվանք։ Դադիվանքում էլ պարիսպներից ներս ռուս խաղաղապահներն ու հայ հոգևորականներն են, իսկ պարիսպներից դուրս՝ ադրբեջանցիները.

«Մեր պատարագներին մասնակցում են նաև ռուս խաղաղապահները, նրանց մեջ շատ հավատավոր տղաներ կան, նրանց համար եղել է նաև օրհնության կարգ, մկրտվել են որոշները։ Մեզ ուղեկցում է նաև ռուս հոգևորական, նրա հետ միասին գնում ենք Դադիվանք, ուղեկցում է մեզ, բարեպաշտ հոգևորականներ են»

Ըստ քահանայի՝ Արցախում Սուրբ Ծննդյան տոնը նշում են այնպես, ինչպես Հայաստանում, միակ տարբերությունն այն է, որ Արցախում տոնը սկսել են նշել միայն վերջին 30 տարվա ընթացքում, իսկ մինչ այդ նշում էին միայն Ամանորը՝ Արցախում արգելված էր եկեղեցի ունենալն ու Սուրբ Ծնունդ նշելը։

«Արցախում տոնը նշում են այնպես, ինչպես եկեղեցին է թելադրում՝ մասնակցել Սուրբ պատարագներին, Ճրագալույցի պատարագից լույս տանել տուն։ Այս տարի մեզ մոտ բացառություն է, տոնական տրամադրություն չկա, մարդիկ կնշեն օրը՝ որպես բացառիկ ու կարևոր տոն, բայց ոչ նախկին տրամադրությամբ ու ուրախությամբ։

Ստեփանակերտի մայր եկեղեցու բակում փոքրիկ բեմադրություն կլինի, այս տարի տոնական միջոցառում ու համերգներ չեն լինելու»,- հավելեց նա։

Տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով՝ Ստեփանակերտում պատերազմից հետո մի քանի պսակադրություններ ու մկրտություններ են եղել, նույնիսկ դեկտեմբերի 27-ին  Դադիվանքում է  պսակադրություն տեղի ունեցել։ Քահանան դժվարանում է կոնկրետ թիվ նշել, սակայն ընդգծում է, որ կյանքը շարունակվում է, և մարդիկ շարունակում են  նոր ընտանիքներ ստեղծել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս