Երնեկ թե այս նոր տարին․․․

2020 թվականը ողբերգական տարի էր Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ամենաողբերգականը՝ մեր նորագույն պատմության ընթացքում։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք նախորդ 30 տարիների ձեռքբերումները, մեծ հաշվով, այն գաղափարական, փիլիսոփայական հիմքը, որը դրված էր Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքում։

Մենք կորցրեցինք այն պետությունը, որը ստեղծվել էր զրկանքների ու տառապանքների գնով, որը, չնայած բոլոր թերություններին ու բացթողումներին, այդուհանդերձ, հաղթանակած պետություն էր։ Այս ողբերգությունից, սակայն, մենք դեռևս անհրաժեշտ հետևություններ չենք կատարել։

Մենք չենք գիտակցել ու չենք արձանագրել, որ պատմության մեջ պատահական ոչինչ չի լինում, հետևաբար՝ պատահական չէր նաև պատերազմում մեր կրած պարտությունը։

Մենք չենք գիտակցել ու չենք արձանագրել, որ պարտությունը երաշխավորված էր այն պահին ու այն կետում, երբ արցախյան պատերազմում տարած փառավոր հաղթանակը ստորադասվեց փողոցային խուժանության անփառունակ հարայ-հրոցին։

Մենք չենք գիտակցել ու չենք արձանագրել, որ պետությունը կորցրել ենք այն պահին, երբ հայտարարվել է ամեն ինչ «զրոյական կետից սկսելու մասին»։

Մենք չենք գիտակցել ու չենք արձանագրել, որ անցյալի ուրացումն արհավիրքներ է ծնում ներկայում ու ապագայում։

Մենք չենք գիտակցել ու չենք արձանագրել, որ ազգային արժեքների քարկոծումն ու ապականումը դրանց փոխարեն առաջացրած բացը լցնում է անսրբությամբ ու հավատապղծությամբ։

Մենք այսօր էլ չենք գիտակցում ու չենք արձանագրում, որ տեղի ունեցածը մեր անհատական ու հավաքական մոլորությունների հետևանքն էր, պետությունն ու պետականությունը չգնահատելու ու դրանք արկածախնդիրներին հանձնելու հանցավորության արդյունք։

Այս և բազմաթիվ այլ իրողությունների արձանագրումը կարևոր է ոչ միայն ու ոչ այնքան՝ անցյալի իմաստավորման, որքան ապագայի համար։

Ավանդույթի համաձայն՝ տարեվերջին ամփոփում են անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները։ Այս տարին, սակայն, մեզ համար տարբերվում է մյուսներից, քանի որ, լայն իմաստով, մենք ստիպված ենք ամփոփել ոչ թե վերջին տարվա, այլ անցած 30 տարիների ընթացքը, որը կասեցվել է 2020 թվականին։ Միայն դրանից՝ անցյալն օբյեկտիվորեն գնահատելուց հետո մենք պետությունն ու պետականությունը վերակենդանացնելու ու ապագայի մասին մտածելու հնարավորություն կստանանք։ Դա շատ ցավոտ, բայց միևնույն ժամանակ՝ անխուսափելի գործընթաց է, որը մենք դեռևս չենք սկսել, չնայած այն բանին, որ պատերազմի ավարտից անցել է արդեն շուրջ երկու ամիս։

Այս տարի հայ ժողովուրդն Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելու է լուռ, առանց տոնական տրամադրության ու, առավել ևս՝ առանց ուրախության։ Այդ լռության մեջ մենք պետք է փորձենք գտնել նաև այն հարցի պատասխանները, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց։

Մեզ անհրաժեշտ է այդ լռությունը, քանի որ այսօրվա ողբերգությանը մենք հասել ենք նաև անբնական աղմուկի ու այդ աղմուկի պատճառով բանականության բթացման պատճառով։ Լռությունը կարող է օգնել վերագտնելու բանականությունը՝ անհատապես և որպես հասարակություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Տեսանյութեր

Լրահոս