Նա պետք է հեռանա. սահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի. ստամոքսի ժողովուրդ չենք մենք. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ խոսեց Տավուշում սկսված սահմանազատման  գործընթացի մասին, որով,  ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, «հանձնում է 2,5 գյուղ, փոխարենը ստանում է վտանգների ռիսկերի նվազեցում»։

«Այս իմաստով ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք՝ այս շարժումը, բանական մարդիկ, դեմ չենք սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրին, բայց այն նախ՝ պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով,  և ապա՝ սահմանազատմամբ ու սահմանագծմամբ։  ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի սկզբունքների հիման վրա, երաշխավորների ներգրավվածությամբ և համապարփակ՝ մեկ փաթեթով։ Այս գործընթացը պետք է դադարեցվի։ Մենք գիտենք, որ մայիսի 15-ին այս արձանագրությունների վերջին կամ առաջին ժամկետն է, և այս իմաստով մենք կհայտնենք մեր գործողությունների մասին»,- նշեց Բագրատ սրբազանը։

Բագրատ սրբազանն ընդգծեց, որ այսօր Ադրբեջանը՝ ընդհուպ մինչև իրենց նախագահը, տարածում են այն թեզերը, ինչ ՀՀ իշխանությունը, ասելով, որ «առանց կրակոցի վերադարձրել ենք 4 գյուղեր և սա դեռ սկիզբն է և չենք բացառում ՀՀ զորախումբ մտցնելու հնարավորությունը, կանխելու ռևանշիստների իշխանության գալը»։

Սրբազանի գնահատմամբ, այս հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարությունը փաստորեն ահաբեկում է հայ ժողովրդին, որին չեն արձագանքել այդ նույն ժողովրդի  անվտանգության երաշխավորը՝ ՀՀ կառավարությունն ու իր արբանյակները։

Կարդացեք նաև

«Էլ չեմ ասում, որ մեր կառավարության ղեկավարի ու ողջ ժողովրդի հանդեպ  թշնամու ծաղրանքը, հեգնանքը ու սպառնալիքները բացարձակ արձագանքներ չունենալով, փոխարենը նվաստացում ու ահաբեկում են սերմանում սեփական ժողովրդի նկատմամբ։

Անցնող վեց, հատկապես 4 տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով ու մեր սիրելի եղբայրների ու քույրերի բռնի տեղահանմամբ, հազարավոր զոհերով ու վիրավորներով, անհայտության մեջ գտնվողներով, անվտանգային համակարգի ամբողջական փլուզումով, դաշնակիցներին ու գործընկերներին թշնամացնելով։ Բանակցային գործընթացում ոչ մի օրակարգ չունենալով, բացի խաղաղություն մուրալուց, Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական դաժան հարաբերությունների գործիքի, կրթական համակարգի տապալմամբ, բանտերը լցնելով քաղկալանավորներով»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Բագրատ սրբազանը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզերը՝ իրական ու պատմական Հայաստանի մասին, Հայաստանի ու Հայոց պատմության, Արարատի ու Արագածի հակադրության, Հայոց ցեղասպանության ուղղակի ժխտման, Հայ եկեղեցու դեմ հալածանքի, թքելու արվեստի, պարգևավճարների, ոստիկանության զորքերի բարոյալքման, բանակի ստորացման և այլնի մասին։

«Այս ամենով հանդերձ, նա իրեն համարում է լեգիտիմ, ստով ու խաբեությամբ ընտրված և փաստացի՝ բարոյապես ու քաղաքականապես։ Այս պատճառով նա պետք է հեռանա։

Մեր ժողովուրդը ստամոքսի ու նյութի ժողովուրդ չէ, այլ պատվի ու արժանապատվության ժողովուրդ է՝ հարազատ իր նկարագրին»,- միտքն ամփոփեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս