Մեծ Բրիտանիայում հայտարարել են մեկ շաբաթում առնվազն 2 մլն մարդ պատվաստելու անհրաժեշտության մասին
Կորոնավիրուսի տարածման նոր ալիքից խուսափելու համար հարկ է, որ Մեծ Բրիտանիան մեկ շաբաթում 2 մլն մարդու պատվաստում ապահովի, կարծում են Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի (LSHTM) փորձագետները:
Ամբողջ Անգլիայում վարակի տարածումը կանխելու համար ամենախիստ՝ չորրորդ մակարդակի սցենարը, նախատեսում է դպրոցների փակում հունվարին եւ մեկ շաբաթում 2 մլն մարդու պատվաստում. դա միակ սցենարն է, որը կնվազեցնի ինտենսիվ թերապիայի ծանրաբեռնվածության բարձրակետը եւ կիջեցնի առաջին ալիքի ժամանակ արձանագրված մակարդակը»,-ասվում է LSHTM-ի հետազոտության մեջ:
Նրանում նշվում է, որ բնակչության ակտիվ պատվաստման բացակայության դեպքում հիվանդացության, հոսպիտալացման եւ կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացության դեպքերը «կարող են 2021 թվականին գերազանցել 2020 թվականի ցուցանիշները»:
Անցած հանգստյան օրերին ԶԼՄ-ների հաղորդագրություններում նշվել է, որ Մեծ Բրիտանիան հունվարի 4-ից շրջանառության մեջ կդնի COVID-19-ի դեմ Oxford-AstraZeneca-ի մշակած պատվաստանյութը. սպասվում է, որ դրան երկրի բժշկական կարգավորիչի կողմից հավանություն կտրվի մի քանի օրվա ընթացքում: Բրիտանական կառավարությունը դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ պատվաստման արշավի սկսվելուց ի վեր երկրում 600 հազար մարդ արդեն ստացել է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինը:
Այս երկրի իշխանությունները դեկտեմբերին հայտարարել են, որ երկրում արձանագրվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Ավելի ուշ Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից:
Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիայում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել վարակի տարածումը դանդաղեցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: