Կրթական տարվա ամփոփագիր
2020թ. բարդագույն տարի էր Հայաստանի կրթության ոլորտի համար։ 2 մարտահրավերների՝ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ բացասաբար են ազդելու մեր կրթական համակարգի վրա։
Այդուհանդերձ, փորձենք ամփոփել կրթական տարին՝ փորձելով ներկայացնել, թե ի՞նչ էր նախատեսված և ի՞նչ արվեց։ Նախ, այս տարի պաշտոններից հեռացան ԿԳՄՍ նախարարը և կրթության գծով նրա 2 տեղակալները։ Արդյունքում, նախարարությունում այլևս ոչ ոք չմնաց այն թիմից, որը խոստացել էր 2022-2023թթ.-ին ունենալ որակապես այլ կրթական համակարգ։ Հեռացավ նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ կրթության ոլորտի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը համարձակվեց խոսել համակարգի խնդիրների մասին։ Հայաստանի կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները սովորաբար լուռ հեռացել են կամ հեռացվել։
Դեկտեմբերի սկզբին հրապարակվեցին ԹԻՄՍ միջազգային մրցույթի 2019թ. արդյունքները։ Այդ ստուգատեսն անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների շրջանակում՝ Մաթեմատիկայից և Բնագիտությունից։ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը ծրագրային ցուցանիշներում նշել էր, որ պետք է «ազգային և միջազգային ստուգատեսների (TIMSS) արդյունքներում մաթեմատիկա և բնագիտական առարկաներից 444-481 գրանցված բալերը 2020 թվականին հասցնել 500-ի»։ Պարզ չէ, թե ի՞նչ հաշվարկների վրա էր նման խոստում տրվել։ Պարզ է, որ 444 միավորից 500-ի հասնելու համար լուրջ բարեփոխումներ են պետք։ Ցուցանիշների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի 8-րդ դասարանի աշակերտներն ընդհանրապես չեն մասնակցել ստուգատեսին։
Այսինքն՝ խոստացված 500 միավորի փոխարեն՝ ստացել ենք «բացակա»։ 4-րդ դասարանցիների մասով Մաթեմատիկա առարկայից մեր դպրոցականների միջին ցուցանիշը 498 է։ Կարելի է ասել, որ այս մասով խոստումը գրեթե կատարվել է։ Համեմատության համար նշեմ, որ 2011թ.-ին մեր դպրոցականների ցուցանիշը եղել է 452, իսկ 2015-ին՝ 481։ Այսպիսով, վերջին 4 տարում 17 կետով բարելավել ենք մեր միջին ցուցանիշը, ինչը լավ առաջընթաց է։ Եթե համեմատենք մեր հարևանների հետ, ապա առաջ ենք Իրանից և Վրաստանից, բայց զիջում ենք Թուրքիային և Ադրբեջանին։ Բնագիտության ստուգատեսից մեր 4-րդ դասարանցիների միջին ցուցանիշը 466 միավոր է։ Այսպիսով, շատ հեռու ենք խոստացված 500 միավոր ցուցանիշից։ Այդուհանդերձ, նախորդ տարիների համեմատ արձանագրել ենք առաջընթաց։ 2011-ին և 2015-ին՝ մեր ցուցանիշները համապատասխանաբար եղել են՝ 416 և 444։ Բնագիտության ոլորտում զիջում ենք Թուրքիային, բայց առաջ ենք Վրաստանից, Իրանից և Ադրբեջանից։
Նախարարությունը նաև խոստացել էր 2020թ. ընդունել մի շարք ռազմավարական փաստաթղթեր։ Նախարարությունը պետք է 2020թ.-ի մայիսին վարչապետի աշխատակազմ ներկայացներ Կրթության՝ մինչև 2030թ. զարգացման թիրախները, 2020-2025թթ. կրթության զարգացման ռազմավարությունը։ Այդ փաստաթղթով պետք է սահմանվեին մեր կրթության տարբեր աստիճանների բարեփոխումների ուղղությունները։ Ցավոք, 2020թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ չկա նույնիսկ այդ փաստաթղթի հրապարակված նախագիծը։ Ազգային ժողովի ընտրություններից 2 տարի անց նախարարությունը չունի կրթության ոլորտի ռազմավարություն։ Դա դեռ ոչինչ։ Մասնագիտական հանրությունը չգիտի, թե ինչպես է մշակվում այդ փաստաթուղթը, ովքեր են մշակում։ Կարելի է գոնե փաստաթղթի որոշ թեզերի շուրջ հանրային, մասնագիտական քննարկումներ անել։
Նախարարությունը նաև խոստացել էր բարձրացնել հանրակրթության համակարգի կառավարման արդյունավետությունը։ Այդ նպատակով 2019թ. օգոստոսին պետք է պատրաստ լիներ կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը։ Այդ փաստաթուղթն առ այսօր չկա։ Ավելին, այդ փաստաթղթի հիման վրա, 2020թ. հուլիսին պետք է Ազգային ժողով ներկայացվեր «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կառավարմանը վերաբերող հոդվածների փոփոխության փաթեթ։ Դա նույնպես չի արվել։
Չընդունված փաստաթղթերի ցանկը շատ մեծ է։ Միակ ոլորտը, որը փոքր ուշացումներով, բայց այնուամենայնիվ, կատարում է կառավարության ծրագիրը՝ նախադպրոցական կրթությունն է։ Այս տարի ընդունվեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ նոր օրենքը։ Հանրային քննարկման են ներկայացվել այդ օրենքից բխող մի քանի ենթաօրենսդրական ակտեր։ Սեպտեմբերին պետք է հաստատված լինեին նախադպրոցական կրթության չափորոշիչները։ Թեև ուշացում կա, բայց այս փաստաթղթի շուրջ քննարկումներ ընթանում են։
Կարող ենք արձանագրել, որ նոր իշխանությունները 2.5 տարվա ընթացքում չեն հասցրել ընդունել իրենց խոստացած փաստաթղթերի 20%-ը։ Այս ամենը՝ դեռ փաստաթղթերի առումով։ Շատ ավելի մտահոգիչ է ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակը։ Քանի որ չկան ռազմավարություններ, դրանցից բխող փաստաթղթեր, ուսումնական հաստատությունները վերջին 2.5 տարում գործում են կատարյալ անորոշության մեջ։ Չկան մարդիկ, որոնք ուսուցիչներին և տնօրեններին պարզ լեզվով կբացատրեն, թե ինչ է լինելու, ինչն է փոխվելու, ինչն է մնալու նույնը, ինչից պետք է հրաժարվել։ Մանկավարժներն ու տնօրեններն ընդամենը կատարում են իրենց ամենօրյա աշխատանքը, և վերջ։
Հուսանք, այս ծանր հարվածներից հետո վերջապես լրջորեն կմոտենանք կրթական հարցերին։ Կրթության ոլորտում անհրաժեշտ է կանգնեցնել իներցիան և իրավիճակին նորովի նայել։ Նաև պրոֆեսիոնալիզմի պակաս ունենք։ Կրթության ոլորտում աշխատելը և կրթության կառավարիչ լինելը տարբեր բաներ են։ Կրթության կառավարիչները պետք է ունենան լսելու կարողություն, համակարգային մտածողություն։ Պետք է ոչ միայն իմանան, այլև զգան համակարգը։ Եթե չես զգում համակարգը, գիտելիքներով կարող ես սխալ ուղղությամբ գնալ։