«Երևանը երբևէ չի ունեցել այսպիսի քաղաքային իշխանություն, որն անգամ տեր չէ իր ստացած քվեին». Դավիթ Խաժակյանը

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստը: Քաղաքային իշխանության օրակարգում, չնայած բուռն քննարկումներին, այդպես էլ չհայտնվեց գործող Կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջով ուղերձի նախագիծը, որը նոյեմբերի 24-ից շրջանառության մեջ էին դրել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Մեր կանոնակարգումները և Երևանի ՏԻՄ օրենքը պարտադրում է, որ ավագանու՝ շրջանառության մեջ դրած նախագիծը քննարկվի ամենաուշը 4-ամսյա ժամկետում, ուստի համոզված եմ, որ այն եկող տարի պետք է քվեարկվի: Բայց այդուհանդերձ պետք է արձանագրենք, որ ավագանու վերջին հերթական նիստում իշխանություններն ապօրինի կերպով չներառեցին այն օրակարգում, չդրվեց այն քվեարկության, իսկ դա խոսում է այն մասին, որ իրենք չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել իրենց իշխանության գործառույթների նկատմամբ, իրենց իշխանության վարած՝ ձախողված քաղաքականության նկատմամբ, բայց այն անպայման քննարկվելու է եկող տարի»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ոչ միայն ուղերձն ընդունելու, այլև անգամ այն օրակարգ մտցնելու հարցը չքվեարկվեց, չնայած նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնություն է և կարող էր ուղղակի քվեարկել և քվեարկությամբ չներառել, Խաժակյանն արձագանքեց.

«Փաստացի իրենք վախենում են ոչ միայն գնահատական տալ այդ նախագծի բովանդակությանը, այսինքն՝ Կառավարության և վարչապետի հրաժարականին, այլև առհասարակ խուսափում են այդ հարցադրումից: Դա նշանակում է, որ մենք ունենք մի քաղաքային իշխանություն՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, որը ոչ միայն  ունակ չէ որոշում կայացնել, այլև ունակ չէ պատասխանատվություն ստանձնել և հստակ դիրքորոշում արտահայտել: Դա նշանակում է, որ քաղաքը ևս անիշխանության մեջ է և երբևէ չի ունեցել այսպիսի քաղաքային իշխանություն, որն անգամ տեր չէ իր ստացած քվեին»,- ասաց Խաժակյանը:

Տեսանյութեր

Լրահոս