Ձեր թիմի՞ց եք վախենում, որ կարող է հակառակ քվեարկի». Առաքելյանը՝ Կառավարության հրաժարականի ուղերձի մասին

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց օրակարգում ներառել նոյեմբերի 24-ից շրջանառության մեջ դրված՝ իր և Թեհմինա Վարդանյանի պատրաստած ուղերձի նախագիծը՝ ՀՀ կառավարության հրաժարականի պահանջով:

«Առաջարկում եմ, որ ներկայացված ուղերձի նախագիծը՝ Կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով, ներառվի ավագանու այս նիստի օրակարգում: Առաջարկում եմ քվեարկել, քանի որ բազմաթիվ համայնքներ այսպիսի ուղերձներ քննարկել և ընդունել են, Երևան համայնքը պարզապես չի կարող անմասն մնալ սրանից, եթե, իհարկե, մենք՝ որպես ավագանի, որպես միասնական մարմին, մեզ համարում ենք քաղաքական մարմին, համարում ենք մեզ տրված քվեի տերը, պետք է այդ որոշումը հնարավորություն ունենանք կայացնելու: Խնդրում եմ Երևանի ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի և ավագանու կանոնակարգի 114-րդ կետի համաձայն՝ իմ այս առաջարկը դնել քվեարկության»,- ասաց Խաժակյանը:

Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ավագանու 1/3-ի ստորագրությունները պետք է ունենան, որ կարողանան դնել քվեարկության: Խաժակյանը հակադարձեց, որ ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու անդամները կարող են օրակարգի հետ կապված առաջարկություններ ներկայացնել:

«Պարոն Սարգսյան, ես ձեզ առաջարկում եմ ծանոթանալ Երևան քաղաքի ՏԻՄ օրենքին, ըստ որի՝ Ձեր մեջբերած կետը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն: Այժմ մենք գտնվում ենք հերթական նիստի ընթացքում: Արտահերթ նիստում օրակարգի հարցերն ընդհանրապես չեն քվեարկվում, հերթական նիստի դեպքում 114-րդ կետի 4-րդ մասով ասվում է, որ հերթական նիստի օրակարգի վերաբերյալ ավագանու անդամների առաջարկները դրվում են քվեարկության առանձին-առանձին»,- ասաց Խաժակյանը և հարց բարձրացրեց, թե եթե հնարավոր է ավագանու քվեարկությամբ հարց հանել օրակարգից, ապա ինչո՞ւ չեն կարող նույն ընթացակարգով հարց ներառել:

Իրավաբանական վարչության պետի ժ/պ Անդրանիկ Մուրադյանը «Լույս» խմբակցության ղեկավարին ասաց, որ նշված կետը տվյալ օրվա օրակարգի նախագծերի մասին է, և ոչ թե՝ նոր նախագիծ բերելու: Դավիթ Խաժակյանը հակադարձեց՝ օրենքում հստակ ամրագրված չէ, որ քննարկումներ կարող են լինել միայն արդեն հաստատված օրակարգի հարցերի շուրջ: Նա հայտարարեց, որ փոխքաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները:

«Ավելի լավ է ասեք,  որ քաղաքական առումով Ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրականացնում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա ձեր քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, քան մեջբերեք արտահերթ նիստի կանոնակարգումները»:

Օրենքի ճիշտ մեկնաբանությունը փորձեցին գտնել ամբողջ ավագանու միասնական ուժերով, սակայն յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին:  ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն առաջարկեց ամեն դեպքում քվեարկել այն:

«Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ որևէ սխալ էստեղ չկա: Խոսքն ընդամենը հարցն օրակարգում ներառելու մասին է: Դրեք քվեարկության, թող մեր գործընկերները՝ ավագանու անդամները, քվեարկեն, իրենց դիրքորոշումը ցույց տան, անցնենք առաջ:  Ինչի՞ց եք վախենում: Ձեր թիմի՞ց եք վախենում, որ կարող է ձեր թիմը հակառակ կերպով քվեարկի, և Դուք այդ ամենի հետ չհամաձայնե՞ք»:

Հարցն օրակարգում չներառվեց:

Տեսանյութեր

Լրահոս