«Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է». Դավիթ Խաժակյանն առաջարկում է ավագանուն դիրքորոշում հայտնել
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հիշեցրեց, որ ավագանին քաղաքական մարմին է և պարտավոր է արձագանքել երկրում տեղի ունեցող երևույթներին:
««Իմ քայլը» դաշինքը հանդիսանում է իշխանություն և՛ Երևանի ավագանիում, և՛ Ազգային ժողովում, և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, չեն կարող, բնականաբար, չարտացոլվել, արդեն իսկ արտացոլվել են, բայց ես կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ, ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլև մեր մասով: Ո՞րն է այդ պատասխանատվությունը, ես կարծում եմ՝ դա այն է, որ մենք՝ որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, այն վարչապետին, ով երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, և յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը: Դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, դրա համար միայն ֆեյսբուքյան պատերը բավարար չեն, և այդ մեխանիզմներից մեկը Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հետևյալ դրույթն է՝ ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:
Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, այս պահին կա մեկ կարևոր գլխավոր հարց, որից բխում են մնացածը: Իհարկե, մեր շատ հայրենակիցներ, երբ նայում են, ասում են՝ հիմա այս խնդիրն է կարևոր, այն խնդիրն է կարևոր, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետը՝ իր անգործունակության պայմաններում, այդ խնդիրը չի կարող լուծել, և դա գոնե մենք և դուք պետք է հասկանանք: Դա վերաբերում է և՛ «Իմ քայլը» դաշինքին, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և՛ «Առաքելություն» կուսակցությանը, և՛ անկուսակցական մեր գործընկերներին, ովքեր գտնվում են այստեղ: Ես կարծում եմ, որ պետք է այդ դիրքորոշումը հայտնի դառնա»,- ասաց Խաժակյանը:
Նա նշեց, որ ներկայացնելու են ավագանու ուղերձի շատ պարզ մի նախագիծ և առաջարկելու են դա քննարկել արտահերթ նիստով: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պարզաբանեց, որ ուղերձի հիմքում լինելու է գործող իշխանության անցնցում հեռացումը, ինչը վերաբերելու է նաև ավագանուն:
«Երևանի ավագանին՝ որպես հավաքական մարմին, իհարկե, համապատասխան քվեարկության պարագայում դիմելու է Կառավարությանը, դիմելու է վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սև ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ, կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա: Եթե 2.5 տարվա ընթացքում մենք ձախողումները կարողանում էինք հմտորեն ներկայացնել որպես հաջողություններ, կամ գոնե որպես սովորական մի երևույթ կամ նախկիններից մնացած ինչ-որ մի խնդիր, ապա հիմա ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է, և դրա գնահատականը պետք է տրվի նաև այստեղ»,- ասաց Խաժակյանը: