Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր՝ մաստակի մասին

Հիշարժան փաստեր 

– Ժամանակակից մաստակի նախատիպեր հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Հնդկացիներն, օրինակ, ծամում էին հեվեայի սառած հյութը, հին հույները՝ պիստակի ծառի խեժը: Սիբիրում ատամները մաքրելու եւ լնդերն ամրացնելու համար օգտագործում էին խեժափիճիի խեժը:

– Մաստակի արդյունաբերական չափերով արտադրությունն առաջինը սկսել է ամերիկացի Ջոն Քարտիսը: 1848 թվականին նա մաստակի արտադրամաս է բացում Բանգոր քաղաքում: Առաջին մաստակները կոչվում էին «Սերուցք շաքարով» եւ «Սպիտակ սար»: Սակայն մաստակը գնորդների շրջանում այնքան էլ աղմուկ չի բարձրացնում, եւ 1860 թվականին Քարտիսը փակում է արտադրամասը:

– Մաստակի առաջին պատենտը ստացել է Օհայո նահանգի ատամնաբույժ Ուիլյամ Ֆինլի Սեմփլիզը: Դա տեղի է ունեցել 1869 թվականի հունիսի 5-ին, սակայն Սեմփլիզը զանգվածային արտադրություն չի սկսում:

– 1928 թվականին Ուոլտեր Դիմերը ստացել է մաստակի իդեալական բանաձեւը՝ 60 տոկոս շաքար, 20 տոկոս կաուչուկ, 19 տոկոս շաքարի օշարակ, 1 տոկոս բուրավետ նյութեր: Դիմերի բանաձեւն օգտագործվում է առայսօր, միայն թե կաուչուկի փոխարեն օգտագործվում է սինթետիկ ռետին՝ գումարած լիքը բուրավետ նյութեր, խտացուցիչներ եւ այլն:

– 1930 թվականին պրոֆեսոր Հալինգվորտն ուսումնասիրություն է կատարել եւ եկել այն եզրահանգման, որ ծամելը հանգստացնում է նյարդերը: Ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո մաստակը մտցվում է ամերիկյան բանակի օրապարենի մեջ:

– Ուիլյամ Ռիգլին, ով մաստակի ամենահայտնի բրենդներից մեկի հիմնադիրն է, երիտասարդ տարիքում օճառի արտադրությամբ էր զբաղվում: Իր գնորդներին նա, որպես փոքրիկ բոնուս, մաստակ էր տալիս: Սակայն, տեսնելով, որ հաճախ օճառը գնում են հենց մաստակի համար, սկսում է զբաղվել մաստակի արտադրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս