«Թուրքն եկել, ասում է՝ տարածքը պետք է ազատես, մարդու դուրն եկել է, մեզ հանում է». Որոտանի բնակչին մեկ ժամ են տվել 13 տարվա կառուցած տունն ազատելու համար

Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերը հանձնվել են թշնամուն, որի արդյունքում բազմաթիվ բնակիչներ կորցնելու են իրենց տները, քանի որ դրանք գտնվում են հանձնված տարածքում։

Որոտան համայնքի հարակից դիրքերը նույնպես հանձնվել են թշնամուն, այս պահին թշնամին գյուղից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է։ Թշնամին նույնիսկ հասցրել է գյուղ մտնել։ Նրանք ճանապարհից քիչ հեռու գտնվող տներից մեկի բնակչին՝ Սեյրան Օհանջանյանին (Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի եղբայրն է), մեկ ժամ ժամանակ էին տվել տունը լքելու համար, հակառակ դեպքում ասել էին, որ նրան կտանեն իրենց հետ՝ կգերեվարեն։

168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանջանյանը մանրամասնեց, թե ինչ հանգամանքներում է ստիպված եղել լքել 13 տարի շարունակ օրվա աշխատանքով  մաս-մաս կառուցած տունը։

«2007 թվականին այդ կիսակառույց տունն առել եմ, ամեն տարի մի բան ավելացնելով՝ հասցրել եմ ամբողջական տեսքի բերել, արդեն 13 տարի տուն եմ կառուցում։ Դեկտեմբերի 21-ին թուրքերը ռուսների հետ եկան, ասացին, որ մեկ ժամ ժամանակ են տալիս՝ տունը լքելու համար։ Ասացին՝ եթե չգնաս, քեզ մեզ հետ տանելու ենք, ասում են՝ քեզ դեռ չե՞ն ասել, որ գնաս այստեղից։ Դե, բացատրեցի, որ ինձ որևէ մեկը բան չի ասել, ու ես իմ տարածքում եմ։ Լավ, ես չեմ, դուք եք, մի ժամում կհասցնե՞ք՝ տան վեշերը հանեք։ Դրանից հետո զանգահարել եմ եղբորս, եկել է, մի գազելով ինչ կարողացել եմ՝ լցրել եմ ավտոն։ Այսինքն՝ երկու սեղան եմ տարել, երկուսն էլ ջարդվել են։ Ռուսն ինձ ասեց՝ դու հիմա գնա, վաղը թուրքերին կասեմ, կգաս՝ մնացած վեշերը կտանես։ Թուրքն եկել, ինձ ասում է՝ մեզ մի մեղադրի, դուրս արի, սա մեր տարածքն է»,- պատմեց Սեյրան Օհանջանյանը։

Տունը լքելուց հետո Ս. Օհանջանյանն այսօր երեք երեխաների ու կնոջ հետ ժամանակավորապես տեղափոխվել է Վերիշեն գյուղ՝ բարեկամի տուն։

Նրա խոսքով՝ մեկ օր հետո նորից վերադարձել է գյուղ, որպեսզի տանը մնացած մյուս իրերը նույնպես տանի, սակայն նրան ադրբեջանցիները թույլ չեն տվել անգամ մի քանի մետր մոտենալ տանը։

«Ռուս սահմանապահներն ինձ ասացին, որ պետք է թուրքին կանչեմ, իրենք գան, մտնեն տուն, իրենց հետ նոր ես մտնեմ, հիմա այդ վիճակն է։ Մարզպետն ասել է, որ տան եղած ամբողջ դակումենտները վերցնեմ ինձ հետ, թարգմանեմ, որպեսզի ներկայացնեն ռուսական բանակի ներկայացուցչին կամ չգիտեմ՝ ում։ Մոտեցել, տվել եմ այդ զինվորներից մեկին, որ փոխանցեն իրենց գլխավորին, ինձ ասել է՝ դու կտաս։ Դե, համայնքի ղեկավարը զանգահարեց, ռուս սահմանապահներից եկան, ԱԱԾ ներկայացուցիչներից, ինձ ասացին, որ շենքին ձեռք չտամ, թողնեմ այդպես կանգուն մնա, մինչև տեսնենք՝ հարցն ինչպես է լուծվելու, եթե չլուծվի, ուրեմն՝ կմնա թշնամուն։ Ռուս պալկովնիկն ինձ ասում է՝ դիմում գրի Կառավարությանը կամ Վլադիմիր Պուտինին ու ասա, թե վիճակն ինչ է, որ եկել են, քեզ քո տանից հանում են։

13 տարի շարունակ տուն եմ սարքել, 13 տարի չեմ քնել, աշխատել, տուն եմ սաքրել, բայց թուրքն եկել, ասում է՝ հենց այս տարածքը պետք է ազատես, մարդու դուրն եկել է, մեզ հանում է»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։

Ըստ նրա՝ իր տնից մի քանի մետր հեռավորության վրա 10-ից ավելի տներ կան, նրանց բնակիչներին նույնպես ասվել է, որ տարածքն ազատեն։

«Հիմա եթե այս տներն իրենք վերցնեն, նշանակում է՝ ամբողջ գյուղն իրենց հայեցողության տակ է լինելու, այդպես է անցնելու գյուղի ճանապարհը, այդպես են գնում արոտավայրեր։ Հիմա մի օրինակ բերեմ․ ենթադրենք՝ գյուղից մեկի կովը անցել է թշնամու տարածք, պարզ է, չէ՞, որ այն չեն վերադարձնի հային, եթե կովի հետևից էլ տերը գնա, պարզ է, չէ՞, որ նրան էլ կգերեվարեն։ Սա մի հրդեհ է, որը պետք է հանգցնել, հակառակ դեպքում՝ բոլորին այրելու է»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս