Որոտան և Շուռնուխ տանող մայրուղիներին տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ․ իշխանությունից նույն բարբաջն ենք լսում, թե մարզից 1 մմ չեն տալիս, իրենց համար դա երևի Սյունիքը չէ․ Գորիսի փոխհամայնքապետ. Tert.am
Տեսանյութերը, որտեղ Սյունիքի տարածքում երևում են ադրբեջանցի զինվորականններ, իրական են և նկարահանվել են այսօր առավոտ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով տեսանյութերին, որոնցում երևում են ադրբեջանցի զինվորականներ։
«Ճանապարհի երկայնքով տարբեր տեղերում տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ։ Նրանք և՛ Որոտան գյուղ, և՛ Շուռնուխ տանող ճանապարհների վրա են։ Մեր գլխավոր մայրուղին է, որն ԻԻՀ-ն կապում է ՀՀ-ին»,-ասել է նա։
Հարցին՝ խոսքը քանի՞ ադրբեջանցի զինվորականի մասին է, Հովսեփյանն ասել է, թե ճանապարհի տարբեր հատվածներով տարբեր թվաքանակով տեղակայված են։
«Իշխանությունների կարծիքով՝ դա Սյունիքի մարզը չէ։ Դա երևի ուրիշ տեղ է։ Իրենք ասում են՝ Սյունիքից մի միլիմետր չեն տալիս, բայց եթե թուրքը հայտնվում է այդ ճանապարհին, նշանակում է՝ իշխանությունների տրամաբանությամբ՝ դա Սյունիքը չէ։ Իսկ մենք համոզված ենք, որ դա Սյունիքն է, մեր պապական հեղերն են»,-ասել է նա։
Հարցին, թե համայնքապետարանն ինչ-որ բան կարո՞ղ է ձեռնարկել, Հովսեփյանն արձագանքեց՝ պայքարում են այդ ամենի դեմ 24 ժամ 7 օր։ Ճշտող հարցին էլ՝ իշխանություններից ինչ արձագանք կա, Հովսեփյանն արձագանքեց՝ դեռևս ադեկվատ արձագանք չկա․ «Անընդհատ նույն բարբաջն ենք լսում, որ Սյունիքի մարզից 1 միլիմետր չենք տալիս, իրենց համար Սյունիքի մարզը երևի այլ աշխարհագրական դիրք ունի»,-ասել է Մենուա Հովսեփյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում