Անվտանգության մարմինների աշխատակցները Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում են. այսօր նրանց մասնագիտական օրն է. ուղիղ
Անվտանգության մարմինների աշխատակցները ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում են. այսօր նրանց մասնագիտական օրն է։
Նշենք, որ Ա. Վանեցյանը հայտարարություն էր տարածել.
«Ազգային անվտանգության ծառայության հարգարժա՛ն պահեստազորայիններ և վետերաններ,
Շնորհակալ եմ այս օրհասական պահին մեր Հայրենիքի ապագայի հետ կապված ձեր մտահոգության ու հնչեցրած հստակ գնահատականների համար։
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ:
Որպես ազգային անվտանգության համակարգում երկար տարիների ծառայող՝ առաջարկում եմ ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներին, պահեստազորի սպաներին, ենթասպաներին, շարքային կազմին և սիրելի վետերաններին՝ այս տարի Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ին, այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։ Վստահ եմ՝ հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարևոր այդ օրը:
Հրավիրում եմ և հուսով եմ՝ մեզ կմիանան նաև Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների և զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները:
Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում։
Խորին հարգանքով՝
գեներալ-մայոր Արթուր Վանեցյան»։
Տեսանյութը՝ Tert.am-ի