
Թուրքիայի սպառնալիքի ֆոնին Հունաստանը 2 մլրդ եվրոյի ֆրանսիական 18 Rafale կործանիչ կգնի

Հունաստանի կառավարության մամուլի խոսնակ Ստելիոս Պեցասը հայտարարել է, որ Հունաստանը ձեռք կբերի ֆրանսիական արտադրության Rafale կործանիչներ և այլ սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ 2 միլիարդ եվրո արժողությամբ, հայտնում է greekkcitytimes.com լրատվական կայքը:
Թվով 18 ինքնաթիռների առաքումը կսկսվի 2021 թվականի կեսերին և կավարտվի երկու տարվա ընթացքում: Այս հայտարարությունը ցույց է տալիս երկու երկրների միջև համագործակցության ամրությունը, որը Հունաստանի ռազմաօդային ուժերն ավելի քան 45 տարի կապում է ֆրանսիական ռազմական արդյունաբերության հետ: Դա նաև ապացույցն է Հունաստանի և Ֆրանսիայի կայուն ռազմավարական հարաբերությունների:
Ռազմաօդային ուժերի առաջին 4 օդաչուները հաջորդ տարվա սկսզբին վերապատրաստման նպատակով Ֆրանսիա են մեկնելու: «Այս գործողությունը կփոխի ուժերի հավասարակշռությունը օդում»,- ասել է Պեցասը:
Օդուժի արդիականացման շրջանակներում Հունաստանը ձեռք է բերելու նաև Meteor ուղղորդող հրթիռներ, որոնք կիրառվում են Rafale ինքնաթիռների հետ համատեղ:
Անդրադառնալով Հունաստանի սպառազինման ծրագրի վերսկսմանը՝ Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպոուլոսը ասել է, որ այս ծրագրով զինված ուժերը նոր դարաշրջան են թևակոխել: Նախարարը հավելել է, որ Թուրքիային սպառնալիք է Հունաստանի ինքնիշխանությանը և ապակայունացնում է տարածաշրջանը, որի հետևանքով Հունաստանը վերազինվում է ՝ ձեռք բերելով 2 միլիարդ եվրոյի համարժեք զինամթերք: