
Կոնյակն ու ռոմը կարելի է առաջարկել թեյի հետ

Հիշարժան փաստեր
– Բելգիայում պատրաստում են մինչեւ 1,5 տոկոս թնդություն ունեցող գարեջուր, որը կարելի է ըմպել ընթրիքի կամ ճաշի ժամանակ։ Ի դեպ, մինչեւ 1970-ականները նման գարեջուր անգամ դպրոցներում են մատուցել, սակայն հետագայում դրանք փոխարինվել են գազավորված ըմպելիքներով։
– Մի անգամ Էմանուել Լասկերը «ալկոհոլային» շախմատ է խաղացել հունգարացի գրոսմայստեր Գեզա Մարոցիի հետ։ Խաղի կանոնները հետեւյալն էին. նրանց խաղաքարերի փոխարեն ալկոհոլային խմիչքով լի բաժակներ էին, եւ ամեն շահած «խաղաքարը» շախմատիստը պետք է խմեր։ Երրորդ քայլի ժամանակ Լասկերը զոհաբերում է իր թագուհուն, որը 200 գրամանոց վիսկիի բաժակ էր։ Մարոցին միանգամից հարբում է, եւ Լասկերը կարողանում է հեշտությամբ հաղթել խաղում։
– «Ֆորմուլա 1»-ի Աբու Դաբիի գրան պրի մրցանակների հաղթողը ավանդական շամպայնի փոխարեն փրփուրով լի ոչ ալկոհոլային խմիչք է բացում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ իսլամական մշակույթում ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելված է։
– Գարեջուրը եւ սպիտակ գինին մատուցվում են ինչպես տաք, այնպես էլ սառը խորտիկների հետ։
– Կոնյակը, անիսոնի օղին, վերմուտը եւ ռոմը հարմար են թեթեւակի սառեցրած նախուտեստների հետ։ Ընդ որում, անիսոնի օղին խորհուրդ է տրվում մատուցել փոքրիկ սառցակտորներով։ Այդ դեպքում այն ավելի բուրումնավետ է դառնում։
– Կոնյակն ու ռոմը կարելի է առաջարկել թեյի հետ։ Դրանք ուժեղացնում են թեյի բույրը եւ, բացի այդ, ջերմացնում են։ Կոնյակը մատուցվում է շաքարի կտորների եւ կիտրոնի շերտիկների հետ միասին։