Ինչո՞ւ է ստում իշխանությունը. Այս անգամ Սյունիքի մասին
Այսօր սյունեցիները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Երևան-Կապան մայրուղին, պահանջում էին անվտանգության երաշխիքներ: Մեկ շաբաթից ավելի է, Սյունիքի համայնքապետերն աղաղակում են, որ Հայաստանի ողնաշարը վտանգված է, մինչև վաղը 17:00-ն ժամանակ է տրված մեր սահմանապահներին թողնել մի շարք կարևոր բարձունքներ: Այս ամենին զուգահեռ՝ Ազգային ժողովում Սյունիքի մարզը ներկայացնող նոր պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե ինչու անհանգստանալու կարիք չկա:
Պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։ Ամբողջ համացանցը ողողված է տեսանյութերով, թե ինչպես են զինվորները նահանջում՝ հավաքելով իրենց զենք-զինամթերքն ու տեխնիկան: Հարց, որտեղի՞ց են նահանջում զինվորները, արդյո՞ք մինչև այժմ նրանք կանգնած էին թշնամու տարածքում, եթե ոչ, ու եթե, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կողմերը պետք է կանգ առնեին այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին, ապա ինչո՞ւ ենք նահանջում:
Ըստ պատգամավորի՝ Կապանի օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու, մինչդեռ այսօր բողոքի ակցիա իրականացնողները պնդում էին, որ օդանավակայանի հարակից սարերի վրա են լինելու թշնամու դիրքերը, հետևաբար՝ թե՛ օդանավակայանը, թե՛ ճանապարհը լինելու են թշնամու նշանառության տակ: Օդանավակայանի հետ կապված հնարավոր խնդիրների մասին օրեր առաջ բարձրաձայնել է նաև Կապանի համայնքապետը, որն ասել էր՝ առայժմ խնդիրներ չկան, քանի որ Սյունիքի դիրքերը նախկին ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմաններից բավականին առաջ են դրված, որ կարողանան պահպանել անվտանգությունը: Այսօրվա դրությամբ սահմանապահներն արդեն հանձնարարություն ունեն նահանջելու այդ դիրքերից:
Սյունիքի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն իր գրառման մեջ նաև պնդել էր, որ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել, մինչդեռ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն այսօր առավոտյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ այդ ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ: Հարց է ծագում, թե ո՞վ է ավելի լավ տեղեկացված համայնքից, համայնքապե՞տը, ով այն ղեկավարում է, թե՞ պատգամավորը:
Ղահրամանյանն ընդգծել էր, որ ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում՝ անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ ըստ համայնքապետի՝ դա բավարար չէ:
Պատգամավորի վերջին պնդումն այն մասին է, որ Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Այս պնդումը չի դիմանում որևէ քննադատության:
168.am-ի հետ զրույցում Շիկահողի գյուղապետն այսօր ասել է, որ իրենց սահմանամերձ գյուղը հսկում են գյուղացիները, չկա կանոնավոր զորք, իսկ եթե սահմանազատումը կատարվի՝ ըստ ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմանների, ապա թշնամին իրենցից հեռու է լինելու ընդամենը մի քանի մետր, չի լինելու չեզոք գոտի: Ըստ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի՝ վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը: Սյունիքի սահմանների անվտանգությանը կասկածում են նաև բոլոր այն մարդիկ, որոնք այսօր հավաքվել էին բողոքի ակցիայի: Նման կասկածներ կարող եք տեսնել նաև հենց պատգամավորի գրառման մեկնաբանություններում: