Վաղը Կապանի և 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին. Hetq.am

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի ներկա պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը hetq.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ վաղը մինչև ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Հարցին, թե արդյոք անակնկալ էր իր համար նման հրամանը, համայնքապետը պատասխանել է. «Ես մտածում էի, որ այս իշխանությունները բերելու են հասցնեն այս հանգուցալուծմանը։ Այդպիսի մտավախություններ ունեի»:

Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։

«Այս բոլոր տարածքները մինչև 1929 թ․ եղել են հայկական տարածքներ։ 1929 թ․ դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչի՞ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի»,- ասել է համայնքապետը։

Ներկայում Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի որոշ հատվածներ անցնում են այնպիսի տարածքներով, որոնք կա՛մ պետք է անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, կա՛մ հայտնվեն անմիջական սահմանի վրա։

-Ո՞նց է լուծվելու Գորիս-Կապան ճանապարհի անվտանգության հարցը։

-Լուծումը լինելու է ռուս սահմանապահների միջոցով։

-Այսինքն՝ Կապան գնացողները պետք է անցնեն սահմանապահների անցակետո՞վ։ Այդտեղ անցակե՞տ է լինելու։

-Դեռ հստակ կարգավորման մեխանիզմները չկան, բայց մեքենայով հերթապահություն իրականացվելու է։ Մեզ նաև անհրաժեշտ են լինելու դիրքեր, այսպես ասած՝ բլոկպոստեր։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031