Քաղաքապետ․ Կապանից Ագարակ գյուղ տանող ճանապարհը կմնա ադրբեջանցիներին. PanARMENIAN.Net
Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ, PanARMENIAN.Net ին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։
«Հնում կառուցված այլընտրանքային ճանապարհ կա, բայց քանդված վիճակում է գտնվում։ Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, այդքան էլ երթևեկելի չէ»,-ասաց Փարսյանը։
Հարցին, թե ինչ նորություն կա Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածներից, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, Փարսյանը նշեց, թե ճանապարհի հետ կապված «նորությունն այն է, որ այնտեղ հերթապահելու են ռուս սահմանապահները և հայ սահմանապահները»:
Փարսյանը նաև հայտնեց, որ մարզում փակ է Մ2 մայրուղին, փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները։ Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում փոխվարչապետ Ավինյանը հայտնել էր, որ սահմանապահ զորքերը երկրի սահմանների երկայնքով իրականացվում են տեղակայման աշխատանքներ։