«Կա՛մ թող մեր իշխանությունը մեր անվտանգության հարցը լուծի, կա՛մ թող շատ արագ հեռանա, եկողը գա, էդ հարցը լուծի». սյունեցի

Սյունեցիները փակել են Կապան-Երևան մայրուղին՝ պահանջելով անվտանգության երաշխիքներ իրենց մարզի, ավտոճանապարհների համար:

«Երկու ամիս ա՝ դիրքերը պահում ենք, էսօր ՊՆ-ից հայտարարություն ենք ստացել, որ պետք է հետ նահանջենք: Վարչապետը կոչ արեց համայնքապետերին, որ ջոկատներ կազմեն ու անցնեն ինքնապաշտպանության, մենք համախմբվեցինք մեր համայնքապետերի հետ, միասին ջոկատներ կազմեցինք, ըստ համաձայնագրի՝ որտեղ որ կանգնել ենք, ըտեղ սկսեցինք շինարարությունը: Մենք մեր ընկերներով, մեր համայնքապետերի հետ միասին մեր ընդունակություններն ու կարողությունները ներդրեցինք, այդ թվում՝ ֆինանսական, ու անցանք լուրջ շինարարական աշխատանքների, որի արդյունքում ստացվեց շատ լուրջ ինքնապաշտպանական գոտի: Հիմա եկել, ասում են՝ հետ նահանջենք: Որ գաք, տեսնեք մեր դիրքերը, ատոմային ռումբ էլ գցեն, ոչ մի բան չի լինի, հիմա դա թողնենք, հետ գա՞նք»,- ասաց Քաջարանի բնակիչ Գարիկ Ղազարյանը:

Նա պնդեց, որ պահանջում են հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր կարող են պատասխանել իրենց հարցերին ու տալ դրանց լուծումները:

«Պահանջում ենք այն մարդկանց, ովքեր կարող են մեր հարցերը լուծել, որ թուրքը չգա մեր դիմացը կանգնի: Մենք մեր անվտանգության համար ենք խոսում, մեզ պետք է էն մարդը, ով կարող է այդ խնդիրը լուծել, դա կլինի ռուսը, կլինի ՊՆ-ն, կլինի իշխանությունը, թե եկող իշխանությունը, դա մեզ չի հետաքրքրում: Կամ՝ էն գլխից թող բերեին, գիծը գծեին, ասեին՝ ստեղ եք կանգնում, կամ մենք կանգնել ենք ըտեղ, որևէ մեկին նեղություն չենք տվել, մենք մեր եղած-չեղածով ամեն ինչ արել ենք: Հիմա ի՞նչ է ստացվում, էդ ամեն ինչը պետք ա թողենք, դուրս գա՞նք»,- ասաց Ղազարյանը:

Նա պնդեց, որ պատրաստ են անգամ կռվով պաշտպանել իրենց սահմանները, միայն թե ունենան երաշխիքներ, որ իրենց ընտանիքներն ապահով են:

«Կամ թող բերեն նորմալ զենք-զինամթերք տան, մենք կռվենք, պաշտպանենք, կամ մեր Կապան համայնքից թող կոնկրետ հեռացնեն թուրքերին: Նայեք, այ էս սարն ա, աերոպորտն էլ ստեղ ա, մենք ստեղով պետք ա անցնենք, թուրքն էլ ընդեղ կանգնած, ո՞վ ա մեր անվտանգությունը երաշխավորելու»,- ասաց նա:

Ղազարյանի խոսքով՝ ամեն ինչ անելու են, որ թշնամական զորքերը չմոտենան իրենց բնակավայրերին՝ կռիվ էլ կգնան, սահման էլ կպահեն, ակցիա էլ կանեն:

«Ամեն օր Սյունիքն աճում է, բարգավաճում է, հիմա ո՞վ է ստեղ ապրելու, ո՞վ ա գալու: Ռուսը, որը մեր ՀՀ-ի հետ պայմանագիր ունի անվտանգության, մենք ոչ թե ուլտիմատում ենք դնում, այլ խնդրում ենք նույնիսկ, եթե մեր իշխանությունները չեն կարողանում էդ հարցը լուծեն, գոնե թող իրենք փորձեն էդ հարցը լուծեն, իրենք հաստատ կարող են էդ հարցը լուծել, կամ թող մեր իշխանությունը էդ հարցը լուծի, կամ թող շատ արագ հեռանա, եկողը գա, էդ հարցը լուծի»,- ասաց Ղազարյանը:

Քաջարանի բնակչի խոսքով՝ իրենք այլ տեղ ապրել չեն ուզում, իրենց ապագան Սյունիքում է:

«Նույնիսկ, եթե թուրքը գա ստեղ ապրի, էլի մենք մինչև վերջ ստեղ ենք ապրելու, բայց ամեն ինչ անելու ենք, որ չգան ստեղ: Մենք իրենց ռոժը չենք ուզում տենանք: Գոնե սարի հետևում կանգնեն, մենք իրենց ռոժը չտենանք, մեր անվտանգությունը պահենք»,- ասաց նա և ավելացրեց, որ ակցիաները շարունակվելու են այնքան, քանի իրենց հարցերը պատասխաններ ու լուծումներ չեն ստացել:

Տեսանյութեր

Լրահոս