«Եթե այդ դիրքերը մենք տանք, ապա Կապան քաղաքից թշնամին հեռու է լինելու 1 կիլոմետրի չափով»». Կապանի քաղաքապետ
Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք դիքեր, որոնք հայկական կողմի համար ունեն մեծ նշանակություն, վաղը մինչև 17։00-ին կհանձնվեն թշնամուն։
168.am–ի հետ զրույցում Կապան քաղաքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասաց, որ այդ որոշման հետ կապված կապանցիներն արդեն ոտքի են կանգնել և բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Երևան-Կապան մայրուղին։
«Սակայն չպետք է մոռանանք մի իրականություն, որ այս ամենի հրամանն իջեցվել է Պաշտպանության նախարարության կողմից, սա այն նախարարությունն է, որն առաջնահերթ ապահովում է մեր սահմանների անվտանգությունը։ Մեզ մոտ ռուս սահմանապահներ են տեղակայվելու, բայց այն հատվածներում, որտեղ նրանք են տեղակայվելու՝ բավարար չէ։ Եթե այդ դիրքերը մենք տանք, ապա Կապան քաղաքից թշնամին հեռու է լինելու 1 կիլոմետրի չափով»,- նշեց Կապանի քաղաքապետը։
Նա նաև ընդգծեց, որ վերադառնում են այն վիճակին, ինչ 90-ականներին է եղել։
«Մենք վերադառնում ենք նույն վիճակին ու նույն դիրքերին, ինչ 90-ականներին էր անհանգստացած եմ այն ամենից, որ կարող է նույն իրողությունները կրկնվեն, ինչ եղել է այն ժամանակ, և դրանով իսկ սկսվի նոր պատերազմ։ Այն ժամանակ կոնֆլիկտն առաջացել է նրանից, որ թուրքերի կողմից տարբեր հանցագործություններ էին կատարվում, հայերին էին սպանում, առևանգում, սեփական միջոցներն էին յուրացնում և այլն»,- հավելեց նա։
Ըստ Գևորգ Փարսյանի, ճանապարհներ փակելով, իհարկե, չեն կարող իրավիճակ փոխել։
«Փողոցներ փակելը՝ ստեղծված իրավիճակի մասին մեր կիսատ–պռատ իշխանություններին հասցնելու միջոց է, ինչպես նաև մեր ռուս ընկերներին»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: