Բաժիններ՝

Փորձելու ենք օդանավակայանի անվտանգությունը պահել այնքան, ինչքան հնարավոր է, բայց պետք է իշխանության աջակցությունը, իսկ այս իշխանությունն իրեն սպառել է. Կապանի քաղաքապետ. tert.am

Մենք այսօրվա դրությամբ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, Կապանի բնակիչների անվտանգությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Ես օրեցօր տեսնում եմ, որ դրա հետ կապված լուծումներ չեն տրվում, օրեցօր նկատվում է, որ այդ խնդիրն օրհասական է դառնում: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում մենք հնարավորություն կունենանք բուֆերային զոնա ստեղծել և ապահովել մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Փարսյանը:

Հարցին՝ որն էր Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը, Կապանի քաղաքապետը պատասխանեց՝ նրա վարած քաղաքականությունը, որի պատճառով եղավ պատերազմը:

Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի հետ կապված խնդրին, Կապանի քաղաքապետը նշեց՝ համաձայնագրի առաջին կետով նշված է, որ բոլոր մարտական գործողութունները դադարեցվում են և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են. «Այսօրվա դրությամբ մենք թե՛ օդանավակայանից, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմաններից բավականին առաջ ենք: Դա այն պատճառով, որ ապահովենք անվտանգությունը: Ներկա դրությամբ որևէ վտանգ չի սպառնում, որովհետև մենք փորձել ենք ապահովել անվտանգության գոտին: Թե ինչ կլինի հետագայում, որևէ հստակություն չկա: Մենք փորձելու ենք պահել այնքան, ինչքան հնարավոր է, բայց վերջիվերջո պետք է իշխանությունների աջակցությունը»,- ասաց Կապանի քաղաքապետը՝ հավելելով, որ այս իշխանություններն իրենց սպառել են, հարկավոր են նոր իշխանություններ, բանիմաց, պարկեշտ մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն զբաղվել այս խնդիրներով:

Դիտարկմանը՝ օդանավակայանի հետ կապված խնդիր այնուամենայնիվ կա՞, քաղաքապետն ասեց՝ այս պահին չկա, բայց հնարավոր է լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս