Հայի վերջին շանսը
Պետության մասին ամենատարածված սահմանման համաձայն՝ պետության հիմնական ատրիբուտներն են տարածքը, բնակչությունը և իշխանությունը։ Մեր պարագայում պետության այս երեք առանցքներից երկուսը կամ վերացել են, կամ գտնվում են գոյաբանական սպառնալիքի տակ։ Հայկական պետություն ասելով՝ նկատի էր առնվում Հայաստանն ու Արցախը, որի շուրջ 80 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով այլևս գոյություն չունի։ Այսինքն՝ պետության առանցքային ատրիբուտներից մեկը՝ տարածքը, դրա մի մասը կորսված է։ Նոյեմբերի 9-ի նույն կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Հայաստանում ու Արցախում գործնականում այլևս չկա իշխանություն։ Հայաստանում միայն ֆորմալ առումով իշխանությունից կառչած է մնացել նույն կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրած Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս իրեն ծառայող սահմանափակ թվով իրավապահների աջակցությամբ/հանցակցությամբ։
Բովանդակային առումով՝ Հայաստանում իրականում տիրում է անիշխանություն, ինչի մասին են վկայում՝ ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող բնակավայրերի ուղղությամբ կատարվող ու անպատասխան մնացող ոտնձգությունները, այնպես էլ՝ ֆորմալ առումով Հայաստանի անվտանգային երաշխավորության տակ գտնվող Արցախում տեղի ունեցողը՝ նոր բնակավայրերի հանձնում Ադրբեջանին, հարյուրից ավելի գերիներ միայն վերջին օրերին։
Իսկ Արցախում այլևս ամենայնը, այդ թվում՝ իշխանությունը, գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովի ենթակայության տակ։ Նախկինում Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ Արցախի նախագահ աշխատող Արայիկ Հարությունյանը հիմա անցել է Մուրադովի ուղիղ ենթակայությանը։
Այսպիսով, Հայաստանում ու Արցախում գործնականում իշխանություն չկա, կա հոգեվարք ապրողների խմբակ, որը դեռևս միջոցների մեջ խտրություն չդնելով՝ պահպանում է ձևական իշխանությունը։ Ստացվում է, որ պետության երեք ատրիբուտներից երկուսը՝ տարածքն ու իշխանությունը, մասամբ կամ ամբողջությամբ, գոյություն չունեն։ Մնացել է պետության վերջին ատրիբուտը՝ բնակչությունը, ով կրում է դեռևս մնացած պետությունը կամ պետության ավերակները պահպանելու առաքելությունն ու պատասխանատվությունը։
Պետության այդ սուբյեկտը՝ բնակչությունը, կա՛մ պետք է իր գործողություններով վերականգնի պետության մյուս ատրիբուտները՝ իշխանությունն ու տարածքը, կա՛մ համակերպվի պետության վերջնական կորստի հետ։ Ընդ որում, այս շարքում հաջորդականությունը խիստ կարևոր է․ միայն իշխանության վերականգնման դեպքում հնարավոր կլինի մտածել մյուս ատրիբուտի՝ տարածքի վերականգնման մասին։ Այս համատեքստում իրավիճակը ներկայանում է միանգամայն այլ լույսի ներքո․ այսօր խնդիրը ոչ թե այս կամ այն կուսակցությանը, այս կամ այն քաղաքական գործչին իշխանության բերելն է, այլ իշխանության՝ որպես սուբստանցիայի, վերականգնումը։
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գոնե հույս ունենալ պետության վերագտնումի մասին։ Այլապես մենք կշարունակենք մեր հազարամյա անպետություն երթը՝ առանց տարածքի ու իշխանության։ Եվ սա կարող է լինել պետություն ունենալու-պահպանելու վերջին շանսը։ Հայի վերջին շանսը։
Ավետիս Հարությունյան