«Եթե տեսնենք՝ էլ ոչ մի ելք չկա, պիտի ջարդուփշուր անենք, բոլորիս ձերբակալեն, ձեններս կտրեն». Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ի առջև են
«Վերջին անգամ կապվել եմ hոկտեմբերի 20-ին. լույս առավոտ պետք է գնային: Այս երեխեքին քնից հանել, անպատրաստ, անզեն, լցրել են ավտոբուսն ու քշել: Ճանապարհին երեք հայկական պոստերում կանգնեցրել են, հարցրել են՝ ո՞ւր ես տանում, ասել են՝ մինչև ավազի բլուրի մոտ, բայց 7 կմ էլ էդտեղից անցել է, տարել հանձնել թուրքին, երրորդ ավտոբուսը, խիղճը հանգիստ, եկել-նստել է»,- Պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիայի ժամանակ նշում է անհայտ կորած զինծառայողի մայր Կիմա Ավետիսյանը:
Նա նշեց՝ իր տղայի հրամանատարը Արսեն Աբգարյանն է եղել. «Մեկը մեկի վրա են գցում, հիմա էլ ասում են՝ վրիպում է եղել, ուղևորը շփոթել է ճանապարհը: Խի՞ ես տվել ուղևորի ձեռը: 40 երեխու դու տվել ես ուղևորի ձե՞ռքը. Դու ուզում ես ջրից չոր դուրս գա՞ս, չե՛ս կարող: Ես կոչ եմ անում՝ բռնեք նրան, դատե՛ք նրան, կամ տվեք մեր ձեռքը, մե՛նք դատենք: Չէ՞ որ մենք երեխեք ենք տվել:
Նրանք պետք է գային 3 ժամանոց որոնողական աշխատանքի Կապան, Մեղրի: Մի օր դիակ են հավաքել, մի օր ականապատել են, իրենց չպետք է տանեին պատերազմի, իրենք քիմիկներ են, իրենք աշխատել են այդ ոլորտում, բայց որ այս վերջին անգամ իրենց լցրել են ավտոբուսը ու հանձնել են թուրքին:
Հիշեցնենք, շուրջ երեք ժամ է, ինչ ՊՆ շենքի առջև հավաքվել են Էջմիածնի N զորամասի 34 անհետ կորածների հարազատները և պահանջում են հանդիպում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Անհայտ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը, նշում է՝ տեղեկացել են, որ Օնիկ Գասպարյանը ներսում է, սակայն դռները փակ է, չեն թողնում. «Գիտեք, պիտի փորձեն հասկանալ մեզ, որովհետև մեր համբերության բաժակը վաղուցվանից է լցվել, մենք էլ չենք կարողանում մեզ տիրապետել. ո՞վ կարող է ասել՝ ինչքան դիմանանք: Ի՞նչ ենք անելու, ժողովուրդ. եթե տեսնենք՝ էլ ոչ մի ելք չկա, պիտի ջարդուփշուր անենք, բոլորիս ձերբակալեն, ձեններս կտրեն»:
Ինչպես ակցիայի վայրից փոխանցում է 168.am-ի լրագրողը, ծնողները հայտնել են, որ երեկ Հայաստան ժամանած գերիներից մեկը հենց այդ նույն զորամասի զինծառայող է եղել, և անհետ կորած զինծառայողների հարազատները հույս ունեն, որ իրենց հարազատները ևս ողջ են»: