
ԱՄՆ-ը բացառել է Սուդանին ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ստորագրել է փաստաթուղթ, որը բացառում է Սուդանին ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից: Այդ մասին հաղորդել է Հարթումում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Պետքարտուղարն ստորագրել է փաստաթուղթ, որով այսօրվանից չեղարկվում է ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը Սուդանի համար»,-նշվում է դեսպանության հայտարարության մեջ, որը զետեղված է Facebook-ում:
Հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր բացառել Սուդանին ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակից, հենց որ այդ երկիրը 335 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարի ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական գրոհների զոհերին ու նրանց ընտանիքներին:
Սուդանն աշխարհում այն չորս երկրներից մեկն է Սիրիայի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի շարքում, որն Սպիտակ տան կողմից ներառվել էր ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում: Հարթումը ցուցակում է հայտնվել 1993 թվականին, որովհետեւ Վաշինգտոնին անհանգստացնում էին Սուդանի կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: