Բաժիններ՝

«Պրոգրես» բեռնատար տիեզերանավերը նախորդներից ավելի դանդաղ կթռչեն դեպի ՄՏԿ

Ռուսական «Պրոգրես» բեռնատար տիեզերանավերը 2021 թվականին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) կհասնեն երկու օրում, այլ ոչ թե մի քանի ժամում, ինչպես նրանց նախորդները: Այդ մասին վկայում է կայանի թռիչքի ծրագիրը, որը կազմել է «էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան («Ռոսկոսմոս»-ի ձեռնարկություն), ծրագիր, որն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2012 թվականից «Պրոգրես»-ներն սկսել են ՄՏԿ թռչել արագ վեցժամյա սխեմայով՝ երկօրյա սխեմայի փոխարեն: 2018 թվականից նրանք անցել են գերարագ եռաժամ սխեմայի:

Երկու սխեմաները (վեցժամյա եւ եռաժամ) «Պրոգրես»-ների վրա կատարելագործվելուց հետո ներդրվել են «Սոյուզ» օդաչուավոր տիեզերանավերի վրա՝ համապատասխանաբար 2013 եւ 2020 թվականներին:

Հաջորդ տարի ՄՏԿ թռիչքի ծրագրի համաձայն, «Պրոգրես ՄՍ-16» ՄՍ-17 եւ ՄՍ-18 տիեզերանավերը, որոնց արձակումները նախանշվում են համապատասխանաբար փետրվարի 15-ին, հունիսի 30-ին եւ հոկտեմբերի 28-ին, ՄՏԿ են թռչելու երկօրյա սխեմայով:

Հրթիռատիեզերական ճյուղի երկու աղբյուրներ ՌԻԱ Նովոստիին հաստատել են այդ տեղեկատվությունը, հավելելով, որ 2021 թվականին «Պրոգրես»-ների համար արագ եւ գերարագ սխեմաների օգտագործման պահանջներ չեն ստացվել: «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ «հաջորդ տարվա թռիչքների գրաֆիկը դեռ չի հաստատվել»: «Պրոգրես» տիեզերանավերն օգտագործվում են կայան անձնակազմի համար բեռներ, վառելանյութ, թթվածին, օդ եւ խմելու ջուր հասցնելու համար:

Դրանց օգնությամբ նաեւ անցկացվում են ՄՏԿ-ի ուղեծրի բարձրության շտկումներ եւ դրա հեռացումը տիեզերական աղբի հետ բախումներից: 1978 թվականից իրականացվել են տարբեր վերափոխումների «Պրոգրես» տիեզերանավերի 167 արձակումներ, որոնցից երեքը մինչեւ ՄՏԿ չեն հասել 2011, 2015 եւ 2016 թվականներին կրող հրթիռների վթարների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս