«Սպան չի՛ կարող լինել դավաճանի ենթակա». Արթուր Վանեցյան
«Բոլոր քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, որ սա ուղղակի պայքար չէ որևէ իշխանության համար, սա պայքար է հանուն մեր հայրենիքի փրկության: Ժողովո՛ւրդ, դուրս եկեք փողոց, հասկացե՛ք, որ իրավիճակն արդեն այլ է, իրավիճակը օրհասական է, ծախվում է մեր երկիրը, վտանգված են ՀՀ սահմանները և հայ ժողովրդի գոյությունը»,- «Արժանապատվության երթի» ժամանակ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա նկատեց. «Այս անհասկանալի, բիրտ ուժի կիրառմամաբ չեն կարող մեզ լռեցնել, չենք թւոյլ տալու այս դավաճան պլանը հասնի իր ավարտին»։
Նկատառմանը, թե ՀՅԴ Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել, ձեզ ևս կարող են բերման ենթարկել, նա պատասխանեց. «Եթե դուրս ենք եկել պայքարի, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, բայց որևէ բանով մեզ չեն կարողանալու վախեցնել, որևէ բանով մեզ հնարավոր չէ վախեցնել»:
Նա վստահեցրեց՝ ՀՀ քաղաքացիներն իրականացնում են օրենքով թույլատրված ակցիաները ու չի հասկանում, թե ինչու են ոստիկաններն ուժ կիրառում ՀՅԴ անդամների, ղեկավարի ու ակցիայի այլ մասնակիցների նկատմամբ. «Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ հիմքով»:
ԱԱԾ նախկին տնօրենը ասաց. «Ես համոզված եմ, որ մեր ոստիկաններից շատերը, 95 և ավել տոկոսը հայրենասեր մարդիկ են, ծառայում են իրենց հայրենիքին, ծառայում են իրենց պետությանը: Կարող է՝ այս պահին մոլորված են, բայց ես համոզված եմ, որ մեր ոստիկանները շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին:
Սպան չի՛ կարող լինել դավաճանի ենթակա: Սպան չի՛ կարող կատարել դավաճանի հրամանները, սպան չի՛ կարող համաձայն լինել մեր հայրենիքը նման խայտառակ կերպով հանձնելուն, սպան չի՛ կարող հանգիստ նայել Ադրբեջանում՝ Բաքվում, անցկացված երեկվա զորահանդեսին:
Երեկ, ով ականատես է եղել, այդ` չեմ էլ ուզում զորահանդես ասել…, դուք տեսնո՞ւմ եք նրանց հրճվանքը, նրանց պահվածքը, այսինքն՝ մենք ի՞նչ է՝ ամբողջ կյանքներս պետք է թուրքի առաջ կզած ման գանք, ժողվո՛ւրդ, մի հատ խելքի՛ եկեք, սթափվե՛ք, չի՛ կարելի: Ուղղակի չի՛ կարելի. ընկել ենք մի հատ հիմար խմբակի ձեռքը, և ամբողջ ազգը տուժում է: Արդեն հարց է գնում Սյունիքը հանձնելու մասին, սրանք ինչ-որ բաներ են փորձում անել:
Արդեն թուրքական պետական հեռուստաընկերությամբ ցուցադրում են Հայաստանի քարտեզը, որտեղ չկան մեր՝ ՀՀ Սյունքի մարզը, Վայոց ձորի մարզի մի հատված, Գեղարքունիքի մարզի մի հատված, և ո՞ւր ենք գնում ժողովուրդ, ուզում եք թուրքը գա հասնի էստե՞ղ»: