«Տեղական արտադրանքի որոշ տեսականու պատվեր է ձևավորվել, իսկ գնվածի մասով տեղյակ չեմ». Արտակ Դավթյան

Ի՞նչ են գնել ավելի քան 500 միլիոն դրամով, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

– Որպես Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախկին նախագահ՝ ի՞նչ կասեք ՌԱԿ-ի աշխատանքի մասին պատերազմի ժամանակ։ Հարցն այն է, որ վերջերս հրապարակվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեծ գումար է հատկացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությանը, որի ենթակայությամբ էլ գործում է Ռազմարդյունաբերության կոմիտեն։ Ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները։

– Ռազմարդյունաբերության կոմիտեն պատերազմի ընթացքում մեծածավալ աշխատանք է կատարել, ինչքան որ թույլ էին տալիս իր հնարավորությունները, կառուցվածքը, համալրվածությունն ու ոչ հստակ գործառույթները: Իսկ թե կոնկրետ ինչ աշխատանք, կարծում եմ, որ դրան ավելի մանրամասն հնարավոր կլինի անդրադառնալ ռազմական դրության ավարտից հետո։ Ինչ վերաբերում է հատկացված գումարին, ապա ես տեղյակ եմ միայն, որ տեղական արտադրանքի որոշ տեսականու պատվեր է ձևավորվել, իսկ գնվածի մասով տեղյակ չեմ, քանի որ մեր գործառույթների մեջ դա չէր մտնում։

– Տեղեկություններ ունենք, որ հիմնադրամից 500 միլիոն դրամից ավելի գումար է կանխիկ տրվել Եվրոպայից ջերմատեսիլ սարքեր և ԱԹՍ-ներ գնելու համար։ Ուզում եք ասել, որ ՌԱԿ նախագահը տեղյակ չի՞ եղել դրանից։

– Ես նորից եմ կրկնում՝ տեղյակ չեմ այդ գործարքից, առավել ևս՝ կանխիկ գումարի և արտերկրից գնման առումով։ Պարզաբանման և հաշվետվության համար առաջարկում եմ դիմել ԲՏԱ նախարարությանը։

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը զբաղվում էր ԱԹՍ-ների թռիչքով, որոնք այդպես էլ հաջողություն չունեցան։

– Չեմ մեկնաբանի։ Հարցրե´ք ԲՏԱ նախարարին, ես գտնում եմ, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, այն գործով, որից հասկանում է։

– Տեղեկատվություն տարածվեց նաև, որ ռազմարդյունաբերության ոլորտում 84 միլիոն դրամի յուրացում է եղել: Սա ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է ՌԱԿ-ին։

– Ես այդ բացահայտումը դրական ընթացք եմ համարում։ Դրան նպաստել է նաև ՌԱԿ-ի աշխատանքը, քանի որ դրա մասին առաջին անգամ բարձրաձայնեցի ես: Կարծում եմ, որ կլինեն նաև նման այլ բացահայտումներ, քանի որ նախկինում նման գործերի համար տրվել էին կանխավճարներ և դրանցից մի մասը պետք էր վաղուց վերջացրած լինեին, որը չի կատարվել։ Նաև կան հարցեր գին-արդյունք-հետագա կիրառում շղթայում։

– Ի՞նչ կասեք Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ Ձեր հարաբերությունների մասին, երբ Դուք գլխավոր շտաբի պետն էիք։ Խոսակցություններ կան, որ ձեր հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել, և գուցե դա՞ էր պատճառը, որ ազատվեցիք այդ պաշտոնից։

– Չեմ ցանկանում մեկնաբանել այդ թեման։

Ի՞նչ վիճակում էր ԶՈւ-ն Ձեր պաշտոնավարման ժամանակ։

– Նման հարցեր հնչեցնելու համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել։ Որոշ ժամանակ հետո գուցեև մանրամասն խոսեմ այս մասին։ Իսկ հիմա միայն կարող եմ հավաստիացնել, որ իմ պաշտոնավարման ժամանակ ԶՈւ-ն բավականին ամրապնդվեց։

– Ի՞նչ նկատի ունեք՝ ամրապնդվել ասելով։

– Առաջինը՝ ԶՈւ-ն չընդգրկվեց քաղաքական գործընթացների մեջ, ինչպես, օրինակ, նախորդ ԳՇՊ-ի ժամանակ եղավ, երբ զորքը մասնակցեց ցույցերի, ավելացվեցին մեկ տասնյակից ավելի զորամասեր և ստորաբաժանումներ՝ հիմնականում մարտական: Մեծ աշխատանք կատարվեց ԶՈւ-ն սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու ուղղությամբ, կանգնեցվեց կադրային ջարդը և այլն։ Շատ բաներ կան, որոնց այժմ չեմ ուզում անդրադառնալ, այսքանով բավարարվենք։

– Մեկ անգամ արդեն Ձեր հարցազրույցում նշել եք, որ այս տարվա սկզբին խորհրդարանում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների հետ հանդիպմանը բարձրացրել եք մի շարք հարցեր, որոնք լուծում չեն ստացել։ Խնդրում եմ՝ մանրամասնեք՝ ինչի մասին է խոսքը։

– Հանդիպումը եղել է նշված հանձնաժողովների նախագահների նախաձեռնությամբ։ Կներկայացնեմ բարձրացրածս հարցերից մի քանիսը միայն, մնացածը կարող եք հարցնել նրանց։ Նախ նշել եմ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարար իրավական հարաբերությունների հստակեցման կարիք կա։

Նաև խոսել եմ զինծառայողների՝ հեռախոսներ օգտագործելու օրենսդրական արգելքի և գաղտնիության թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց տեղաշարժի սահմանափակումների անհրաժեշտությունների մասին: Ինչպես նաև բարձրացրել եմ սպայական կազմի թերհամալրվածության և նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության խնդիրները:

– Վերջում. ինչպե՞ս կմեկնաբանեք երկրում ստեղծված իրավիճակը։

– Իսկ ի՞նչ կա մեկնաբանելու։ Իհարկե, շատ վատ է․ հասարակությունը պառակտված է, խնդիրներն էլ լուծվելու փոխարեն՝ ձնագնդիի նման աճում են:

Կարծում եք՝ խնդիրներն ու լուծումները քաղաքակա՞ն հարթության մեջ են միայն։

– Ես զինվորական եմ, քաղաքականությամբ էլ չեմ զբաղվում, չեմ պատասխանի Ձեր հարցին։

Տեսանյութեր

Լրահոս