«Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանին Քրիստոսի հետ ասոցացնելը ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց Հուդայի հետ ասոցացնելը միանշանակ ճիշտ է». Վահե Բեգոյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանի հետ:

– Պարոն Բեգոյան,  Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանն էլ երեկ խորհրդարանում ասաց, թե դրա մեջ ողբերգություն չի տեսնում. «Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետները, ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք այդ տեսակետին չհամաձայնել»: Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու հայրապետների կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը և Փաշինյանի արձագանքը այդ պահանջին:

– Նախ՝ պահանջել բառը գործածելը ճիշտ չէ՝ հորդորել են, իսկ Նիկոլ Փաշինյանը ողբերգություն չի տեսնում նույնիսկ Արցախի այս պատերազմի ելքում: Այստեղ կա մի մեծ մանիպուլյացիա. ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը չհասկանալով՝ նման բան է ասում, դա ուղղակի հստակ ուղղված է կոնկրետ հասարակության մի շերտի, որը լավ տեղեկացված չէ: Թե՛ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, թե՛ առավել ևս՝ Ամենայն Հայոց Հայրապետն իրենց անձերի տեսակետը չէ, որ բարձրաձայնում են, դա հայ եկեղեցու հորդորն է: Պետք է հասկանալ, որ այդ հորդորի մեջ բարձրաձայնվում է եկեղեցու ամենացածր աստիճանից՝ ժողովրդից, սարկավագներից, քահանաներից մինչև եպիսկոպոսաց դաս և կաթողիկոսներ, ձևավորված կարծիքը, և եկող հորդորը: Այս օրերին հնչած որևէ կոչ այնքան չի համապատասխանում հայ ժողովրդի ամբողջական կոչին, որքան եկեղեցու ձայնը:

Այս ընթացքում այդ պատգամավորները չէ, որ ժողովրդի հետ շփվել են, այլ քահանաներն ու սարկավագներն են, որոնք առաջնագծում զոհվելուց և վիրավորվելուց սկսած՝ մինչև փախստականների հետ հսկայական աշխատանք կատարելը… Հայ Առաքելական եկեղեցին այս ընթացքում կատարել է գրեթե պետության ֆունկցիա, նա մի քանի նախարարությունների գործառույթ է իրագործել, և հաշվի չնստել այդ կարծիքի հետ՝ մեծագույն հիմարություն է, որը հղի է շատ լուրջ հետևանքներով: Հայրապետները հորդորում են՝ կանխելու համար գալիք շատ ավելի լուրջ աղետներ: Ասեմ ավելին՝ իրենց հանգամանքից ելնելով՝ նրանք պարտավոր են դա անել: Հեչ պատահական չէ, որ նման կոչով նրանք չդիմեցին այն ժամանակ, երբ ուղիղ հարձակում կար եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի վրա: Այն ժամանակ նրանք լուռ էին և մեծահոգաբար ներում էին, բայց հիմա, երբ այդ մարդիկ տեսնում են, և հորդորը եղավ այն ժամանակ, երբ հստակ է, որ հայոց պետականությանը, Հայաստանին և հայ ժողովրդի ներկայությանը այս հողի վրա լրջագույն սպառնալիք կա:

– Նիկոլ Փաշինյանին ազգի մի մասն ընդունեց՝ որպես փրկիչ, նա էլ շարունակ իրեն համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ, և նույնիսկ Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո դեռ կան մարդիկ, որ ամեն կերպ փորձում են արդարացնել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ, եթե անգամ Հայաստանի Հանրապետությունն էլ տա թուրքին՝ էլի նրա կողքին կլինեն: Այս երևույթը ի՞նչ բացատրություն ունի:

– Երևի ծերացող ազգի մեջ մարազմն ինչ-որ կերպ պե՞տք է դրսևորվեր, որովհետև նման արտահայտություն անելու համար պետք է լինել խորը մարազմի մեջ, իսպառ պատկերացում չունենալ նաև Քրիստոնեությունից, որովհետև համար 1 պատվիրանն է՝ կուռքեր մի պաշտիր: Ընդհանրապես, մեր կուսակցությունների հիմնական մասը մարդակենտրոն է, մեկ անձի շուրջ պտտվող համակարգը է, ինչը, երևի թե, մեր ժողովրդի ողբերգությունն է: Հայաստանում Կուսակցությունների մասին օրենքը եթե վերանայվի, դա պետք է փոխվի առաջինը, որ չլինի անձնակենտրոն, որովհետև դա դառնում է աղանդ, որտեղ կա մեկ գուրու, և բոլորը նրա շուրջ են, ոչ թե գաղափարի: Հիմա մենք ունենք դրա վառ դրսևորում, իսկ սեկտանտ դառնալու համար պետք է լինել տգետ և մանիպուլյացվող, որովհետև քրիստոնեական եկեղեցին նույնիսկ կրոնական մոլությունը դիտում է իբրև մեղք և իբրև առաքինություն դիտում է ողջախոհությունը: Եթե մարդը ողջախոհ չէ, մարազմատիկ է, դա արդեն քննարկման ենթակա չէ, իսկ հոգեկան անգիտակից վիճակում գտնվող մարդկանց նույնիսկ կամարտահայտությունից են զրկում. Կարգում են խնամակալ, մանավանդ՝ եթե սուիցիդալ հատկություններ ունի, զսպաշապիկ են հագցնում, փակում են մի անվտանգ տեղում, որպեսզի ինքն իրեն չվնասի, և որևէ խնամակալ հոգում է: Մենք հիմա ազգովի դառնում ենք այդ սուիցիդի գնացող հոգեկան հիվանդը, որին ինչ-որ մի պահի, երևի թե, պետք է զրկել կամարտահայտությունից՝ գոյությունը պահպանելու համար: Քանի՞ անգամ կարելի է ազգովի գնալ սուիցիդի փորձի, և այսօր էլ՝ ամենասարսափելի վտանգի առջև կանգնած:

– Ինչո՞ւ հասանք այս վիճակին:

– Ես՝ իբրև մշակույթի մարդ, պատճառները տեսնում եմ մեր մշակութային արմատներից կտրվելու մեջ՝ մենք ինչ-որ պահի դադարեցինք հասկանալ, թե ով ենք մենք, ինչ ենք հասկանում՝ հայ ասելով, ինչպիսին է այդ հայը: Այս խնդիրները, իմիջիայլոց, չկային, երբ մենք պետություն չունեինք և մեր կրթական սիստեմը եկեղեցու վերահսկողության ներքո էր: Ունեինք ծխական դպրոցներ, ունեինք Ներսիսյան դպրոց, Գևորգյան հոգևոր ճեմարան, և մեր վերջին բոլոր մեծերն այդ կառույցներից դուրս եկածներն են, նրանցից հետո էլ չունենք այդ որակի և այդ բարձրության վրա գտնվող մարդիկ: Մենք հեռացանք ազգային կրթությունից, ազգային մշակույթից: Ես ազգայնականության կամ գավառամտության մասին չեմ խոսում: Ես միշտ ասում եմ՝ 4-5 տարեկան երեխան գնում էր եկեղեցի և երգում էր՝ «Առավոտ լուսո», և այդ վակցինացիայով մեծանում էր, և նրան այլևս ոչ մի ուրիշ օտար բանով չէիր կարող շեղել: Վառ օրինակը Կոմիտաս վարդապետն է, որը եկեղեցում շարականները երգելով, բայց լինելով որբ, թուրքալեզու միջավայրում ապրող, բայց առողջ կոդը, առողջ հատիկը իր մեջ կրում էր:

– Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է հասարակության զգալի հատվածը՝ գիտական կառույցներ, ուսումնական հաստատություններ, եկեղեցու երկու հայրապետները, ՏԻՄ-եր, բայց Փաշինյանը երեկ ԱԺ-ում տարօրինակ որակեց, որ  կառավարության հրաժարականի կոնտեքստում քննարկվում է ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, այլ «քննարկվում է ժողովրդի տված իշխանությունը, կներեք, ժողովրդի հետ որևէ կապ չունեցող սուբյեկտների հանձնելու հարցը. Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու: Մենք պատասխան ունենք՝ մենք չենք իշխանության տերը, իշխանության տերը ժողովուրդն է»: Ո՞ր ժողովրդի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը:

– Պատկերացում չունեմ՝ որ ժողովրդի մասին է խոսում այդ անձը, մանավանդ, եթե ինքը այդպես ժողովրդի իշխանության մասին պատկերացում ունեցող մարդ է, բա այդ թուղթը ստորագրելուց առաջ թող մի հատ ժողովրդին հարցներ: Ինքը իր տեսակի և վիճակի մեջ է, երբ այն ամենը, ինչ ասոցացվում է իր հետ՝ ժողովուրդ է, ինչ դեմ է իրեն՝ արդեն ժողովուրդ չէ: Դա դիագնոզ է:

– Նիկոլ Փաշինյանին շատերը համարում են դավաճան և նույնիսկ մարդասպան, քանի որ ասում են, որ իր դավաճանությունը արդարացնելու համար նա 5000 զոհ տվեց: Դո՞ւք էլ եք նրան համարում դավաճան: Ի դեպ, Միքայել Սրբազանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասաց, որ, օրինակ՝ Շուշիի հանձնումը համարում է դավաճանություն: «Տոտալ զորահավաք չկազմակերպելը դավաճանություն չէ՞ր, միայն կամավորներին ուղարկելը դավաճանություն չէ՞ր: Բոլոր մակարդակների վրա դավաճանություն առկա է»,- ասել է Սրբազանը:

– Ինքս ունեմ ընկերներ, ծանոթներ, որոնք մասնակցել են պատերազմին և, իհարկե, վկայում են, որ դա դավաճանություն էր: Նաև Գառնիկ Իսագուլյանը հանգամանալից ներկայացրեց, և եթե նրա ասածների թեկուզ 5 տոկոսն է ճշմարտություն, ուրեմն՝ այս դավաճանությունը կարող է համեմատվել միայն Հուդայի դավաճանության հետ: Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանին Քրիստոսի հետ ասոցացնելը ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց Հուդայի հետ ասոցացնելը միանշանակ ճիշտ է, որովհետև Հուդան դավաճանեց բացարձակ ճշմարտությունը, արդարությունը և բարին, որ մարմնացած Քրիստոսն էր, նույնկերպ այս դեպքում դավաճանվեց հայ ժողովրդի համար բացարձակ արժեք համարվողը՝ ժողովուրդը, հայրենիքը, հայրենիքի վրա հայկական ներկայությունը: Ինչո՞ւ պայմանագիրը ստորագրում են՝ առանց հաշվի առնելու, որ այդտեղ ապրող մարդիկ պետք է դուրս գան, և դրա համար տրվում է 5 օ՞ր: Ես ընտանիքներ գիտեմ, որոնք իրենց ողջ գույքը թողել են և այդ 5 օրվա ընթացքում զբաղվել են միայն իրենց հանգուցյալների շիրիմները տեղափոխելով: Ինքս տեսել եմ այդ գաղթը:

Մշակութային արժեքները տեղափոխելը հսկայական ֆինանսական միջոցներ էր ենթադրում, որը հանգանակվեց ժամերի ընթացքում, դա ահռելի քանակությամբ տեխնիկա էր, որը վարձվեց: Բա նման  թուղթ ես ստորագրում, դու հաշվի չե՞ս առնում՝ այդ ժամանակահատվածում, այդ 5 օրվա մեջ կարողանալո՞ւ են այդ մարդիկ… անապա՞տ էիր հանձնում, հանձնելիք հողը իրենը չէր: Ինքը վաճառեց գողոնի նման, դա իրենը չէր, նա այդ հողը տվեց այնպես, ինչպես գողը վաճառում է գողոնը՝ տասը անգամ ավելի էժան և թաքուն ու հրատապ՝ գիշերով: Մեկը, որ ունի սեփականության գիտակցում ինչ-որ բանի նկատմամբ, նման կերպ չի վարվում դրա հետ: Այդտեղի ո՛չ մշակութային ժառանգությունն էր իրենը, ո՛չ ժողովուրդն էր իրենը, ո՛չ հողն էր իրենը:

Այս ամենը պարզ է ու այսքան տեսանելի, և էլի մեր ժողովրդի մեջ մարդիկ կան, որ դեռ իրեն կողմնակից են, որովհետև ինչ-որ նախկիններ կարող է հետ գա՞ն: Այդ նախկինները հետ են գալու՝ միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը եղավ այդ նախկինների սրբացման, ներման պրոցեսն ապահովողը: Միքայել Սրբազանն էլ այդ միտքը հայտնեց, որ ցանկացած կոռուպցիա ներելի է, եթե դու երկրումդ ապրում ես ապահով, եթե քո սահմանամերձ գյուղերը թուրքը չի գծում՝ տեղի գյուղացիների հետ, այլ դու ապահով ես… իհարկե, հետ են գալու նախկինները:

– 2.5 տարի է՝ իշխանություն են, բայց նախկինների կոռուպցիայի մասով այդպես էլ որևէ դատավճիռ չեղավ, որևէ գործ չհարուցվեց:

– Որևէ գործ չհարուցվեց և չի էլ կարող հարուցվել, մեր ժողովուրդը տասնամյակներ կերակրվեց այդ ստով, դա դարձավ մարմնավորված «իրականություն»:

– Երկրում ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է:

– Օր առաջ ներկա իշխանությունների հեռանալը, և ցավոք, ուզենք թե չուզենք, լավ է թե վատ՝ ՌԴ-ի հետ նոր դաշինքի ձևավորումը, որովհետև մենք իսկապես կանգնած ենք էքզիստենցիալ վտանգի առջև, և հիմա «սուվերենություն» խաղալու ժամանակը չէ, մանավանդ, որ աշխարհում շատ ավելի լուրջ տնտեսություն և հազար ու մի այլ բան ունեցող ժողովուրդներն այդ սուվերենություն ասվածը՝ որպես բացարձակ երևույթ, չունեն: Ես չգիտեմ, թե դրանից բացի՝ ի՞նչն է, որ կարող է ապահովել հայի հետագա ներկայությունն այս հողի վրա, զարգանալու, կայունանալու հնարավորությունը: Դրա ճանապարհն անցումային կառավարության ձևավորումն է՝ այն, ինչ խոսում է ընդդիմության դաշինքը, որն իսկապես կարող է լինել մեկ ճանապարհ: Հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է հասկանա՝ ինքը ո՞ւր է գնում՝ ինքնասպանությա՞ն: Եթե 10 դրամով հոսանքը թանկանալու համար կարող են տասնյակ-հազարներով փողոց դուրս գալ, ու այսօր նստել տանը, ես դա չեմ կարողանում հասկանալ: Իմ խորագույն հիասթափությունը մեր ժողովրդի գիտակցական մակարդակից է:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս