«2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի կարծիքով՝ կապիտույլացվել է ոչ թե Արցախը, այլ Հայաստանը:

«Կապիտուլյացիա բառը իմաստ ունի, նշանակում է, որ քեզ ուղղակի թելադրում են պայմանները: Թե ինչու է դա ստորագրվել, որովհետև գետնի վրա առկա վիճակը դա էր: Տպավորություն չստեղծվի, թե ես արդարացնում եմ, բայց այդ պահի դրությամբ վիճակը դա էր: Թե ինչի եկավ հասավ դրան, դա երկար հարց է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց այս պատերազմում, նա պատասխանեց. «Եթե կարճ՝ չկար կռվելու կամք, խոսքը ժողովրդի մասին չէ, պետականորեն դիմադրելու կամք չկար ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում: Հատորներ պետք է գրեմ, որ բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ»:

Ինչ վերաբերում է նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի այն հայտարարությանը, թե դիվանագիտությունը չի պարտվել, պարտությունը եղել է ռազմի դաշտում, քաղաքագետը հետևյալն ասաց. «Դա սխալ մեկնաբանություն է: Դիվանագիտության սխալն այն էր, որ սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից պատերազմը լեգիտիմացված էր: Ադրբեջանը սկսել էր լեգիտիմ պատերազմ, որովհետև իրենք ասում էին, որ հայկական կողմի նոր իշխանությունները 2018թ. սկսած տապալում են բանակցային պրոցեսը, իրենք մարտահրավեր են նետել առկա փաստաթղթին, հայտարարում են, որ տարածքներ չկան, այդ ամենը պետք է դիտել Արցախի անվտանգության կոնտեքստում, իրենք նոր ճանապարհ են սարքում, և այլն, դրա համար մենք էլ մեր տարածքային ամբողջականությունն ենք վերականգնում: Շատ ըմբռնելի թեզ էր, որի վրա իրենք միշտ են աշխատել, բայց աշխարհի կողմից այս անգամ ընկալվեց: Դրանից զատ՝ հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցվածքային վատթարացում, նույն պատճառով՝ Իրանի հետ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոմունիկացիոն ապաշրջափակման հնարավորություններին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին, Էդգար Էլբակյանը հետևյալն ասաց.

«Իշխանավորները խնդիր ունեն հասարակությանն ինչ-որ բան առաջարկելու: Պատերազմի ժամանակ փաստացի սուտ էին հրամցնում՝ բթացնող, ասում էին՝ դե, մտնում են, դրոշ են դնում, հանգիստ եղեք, արդյունքում շատ-շատերի համար այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի գիշերը, անսպասելի էր, էլ չասած՝ Սփյուռքում, որ հեռու լինելու հանգամանքի բերումով, ավելի շատ էին զարմացել: Նույնը փորձում են հիմա անել, որովհետև հիմա իրավիճակը շատ-շատ ավելի վատ է, այդ թվում՝ տնտեսական իրավիճակն է շուտով կատաստրոֆիկ բարդանալու, և պետք է նոր հույս տալ, նոր ինչ-որ բանով կերակրել, որովհետև այս իշխանություններն իշխանության են եկել, լեգիտիմություն են ստացել՝ հույս բաժանելով: Անընդհատ դա պետք է տաս: Եթե բարոյական հատվածը թողնենք մի կողմ, էլի անհիմն ու վնասակար բան է ասվածը, որովհետև ես առավել վստահ եմ, որ ոչ մի տնտեսական հաշվարկ դրա տակ արված չէ, ասողը ոչ մի գաղափար չունի ադրբեջանական տնտեսության կառուցվածքի, տնտեսության իրական հատվածի, այդ թվում՝ գյուղոլորտի մասին, ես առհասարակ կասկածում եմ՝ Հայաստանի տնտեսության մասին ունի՞, թե՞ չունի այդ խորքային պատկերացումը: Ես դրա հիման վրա անում եմ պնդում, որ այդ մասը հույս է վաճառում, փորձում է ժողովրդին լռեցնել, ասել, որ՝ լավ կլինի, մենք Ղարաբաղը վարի տվեցինք, Սյունիքը դրեցինք վտանգի տակ, առհասարակ, Հայաստանը դրեցինք վտանգի տակ, բայց հիմա ուրիշ ձևով փող կգա, կապրենք»:

Դիտարկմանը՝ մոտավորապես նույնը նաև Նիկոլ Փաշինյանն է ասել, նա այսպես արձագանքեց. «Դե, Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ հույս վաճառող է, և չի բացառվում, որ զուտ անձնապես ինքը հավատում է դրան: Երբ ինչ-որ պատառիկներ դնում էին իր գրքից, ինքը նման բաների սիրահար է: Ինքը մարդ է, որ ինչ-որ մի բան լսում է, գաղափարը իրեն դուր է գալիս, սկսում է հավատալ և փորձում է կողքիններին էլ հավատացնել»:

Էդգար Էլբակյանի տեղեկություններով՝ 2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են. «Հիշեցնեմ, որ Ադրբեջանը մինչև այսօր պահում էր բոլոր վարչակազմերը, դպրոցները, ասենք, կար Շուշիի թիվ մեկ երաժշտական դպրոցի տնօրենի հաստիք, մարդն աշխատավարձ էր ստանում: Մենք ժամանակին սրա վրա ծիծաղում էինք, բայց սա գործիքակազմի մի մասն էր, որն իրենք իրենց զինանոցում պահում էին՝ հանուն էս օրվա: Իմ տեղեկություններով՝ այդպես է, թող հերքեն, ես կասեմ՝ ես սխալ էի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս