Հադրութից Արզնի տեղափոխված արցախցիների 11 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից Կոտայքի մարզի Արզնի գյուղ տեղափոխված 11 հոգանոց ընտանիքին անհրաժեշտ է սնունդ, հագուստ, ծածկոց, ինչպես նաև գումար՝ կոմունալները վճարելու համար:

«Հադրութից դուրս ենք եկել  սեպտեմբերի 27-ին. հասցրել եմ վերցնել  անձնագիր, աշնանային մի քանի հագուստ, և վերջ: Չէինք պատկերացնում, որ Հադրութը հանձնելու ենք ու չենք վերադառնալու: Շատ եմ ցավում կատարվածի համար, կուզեի վերադառնալ մեր Հադրութը: Ափսոս էին այդքան տարածքները, այդքան գյուղերը… մարդիկ ամեն ինչ թողեցին ու դուրս եկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հադրութցի Մանեն:

Նրա փոխանցմամբ՝ այս պահին Արզնիի իրենց բարեկամի տանն ապրում են 11 հոգով. իր և երկու հարազատների ընտանիքների հետ միասին: Անչափահաս երեխաների թիվը 5-ն է:

«Ունեմ երկու տղա, փոքր երեխաս 1.5 տարեկան է, մեծս՝ 2.5:  Եթե մեր տունը մնար՝ կվերադառնայի, բայց հիմա կարծես թե տարբերություն չկա. Թե որտեղ կմնանք՝ այստե՞ղ, թե՞ Ստեփանակերտում, որովհետև նույնն է՝  ոչ մի տեղ էլ տուն չունենք: Եթե վերադառնանք՝ այնտեղ էլ պետք է վարձով մնանք: Աշխատանք էլ չենք ունենալու: Ամուսինս աշխատում էր գյուղատնտեսության ոլորտում, հիմա Հադրութը չկա՝ աշխատանք էլ չի լինի, ես էլ տարրական դպրոցի մանկավարժ եմ»,- նշեց Մանեն:

Նկատենք, որ Արցախից ժամանած քաղաքացիներից շատերը, ովքեր ժամանակավոր բնակվում են Երևանում և մարզերում, հաճախ են կանգնում սնունդ և հագուստ  հայթայթելու խնդրի առջև:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 168.am-ը հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս են լուծվում այս և նմանատիպ հարցերը: Պատասխանել էին, որ հագուստի և սննդի հարցով պետք է դիմել տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններ կամ վարչական շրջանի համայնքապետարաններ:

Ընտանիքին կարող եք օգնել՝ կապ հաստատելով հետևյալ հեռախոսահամարով՝ 098 142321

Տեսանյութեր

Լրահոս